Ամփոփվեց Հայաստանի արոտավայրերի և խոտհարքների բարելավմանն ուղղված «ԷԿՈսերվ Հայաստան» ծրագիրը
5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԷԿՈսերվ Հայաստան» ծրագիրը գործունեության 6 տարվա ընթացքում աջակցել է արոտավայրերի և խոտհարքների կայուն և կենսաբազմազանության տեսանկյունից բարենպաստ օգտագործման պայմանները բարելավելուն: Ծրագիրը մեծ նշանակություն ու կարևորություն է ունեցել Հայաստանի համայնքների և տնտեսության համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամփոփվեց «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ԷԿՈսերվ) տարածաշրջանային ծրագիրը, որտեղ ներկայացվեցին Հայաստանում իրականացված գործողությունների արդյունքներն ու ձեռքբերումները:
Ընդգծելով նման ծրագրերի կարևորությունը Հայաստանի տնտեսության և համայնքների համար՝ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը նշեց, որ այսօր կայուն զարգացման տեսանկյունից բնապահպանությունը շատ կարևոր է:
«Այսօր բավական չէ, որպեսզի մենք միայն պահպանենք կամ այնպիսի գործողություններ ծավալենք, որոնք կլինեն ոչ վնասակար բնությանը, այլ պետք է մտածենք բնության հավելյալ արժեք ավելացնելու մասին, որովհետև բնական ռեսուրսներին հավելյալ արժեք ավելացնելն ու պահպանելը այն հիմնական գրավականն է, որով կկարողանանք կայուն զարգացում ապահովել: Ինչպես նաև, որակյալ արտադրանք տալու համար է շատ կարևոր կայուն գործելակերպն ու բնական ռեսուրսների պաշտպանությունը»,- նշեց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը շնորհակալություն հայտնելով Գերմանիայի գործընկերներին նման կարևոր ծրագիր Հայաստանում իրականացնելու համար՝ նշեց, որ հույս ունի այս ամփոփումը կլինի մեկնարկ նոր ծրագրերի համար:
«Ծրագիրն արդեն մի քանի անգամ երկարացվել է, և ամեն հաջորդ փուլը կառուցվել է նախորդ արդյունքներ հիման վրա: Ես շատ լավ հիշում եմ, երբ սկսեցինք խոսել արոտների կառավարման մասին, դեռ այն ժամանակ այդքան ակտուալ չէր կլիմայի փոփոխության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, բայց մենք շեշտադրում էինք արոտների ճիշտ կառավարման և դրանց ազդեցության կարևորությունը համայնքների տնտեսական կյանքում»,- նշեց Վաչե Տերտերյանը:
Փոխնախարարն ընդգծեց՝ ուրախ է, որ ծրագիրը հաջող ավարտ է ունեցել, բայց վստահեցրեց՝ այն լինելու է շարունակական:
Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) բնապահպանական ծրագրի ղեկավար Օլգա Վայգլը ընդգծեց՝ ծրագրի 6 տարիների ընթացքում կողք-կողքի աշխատել են հայաստանյան գործընկերների հետ միասին՝ ունենալով ընդհանուր տեսլական:
«Մենք միասին տարատեսակ մարտահրավերներ ենք կարողացել հաղթահարել, և ունեցել ենք իմաստալից ազդեցություն ոլորտի վրա: Մեր գործընկեր նախարարությունների հետ միասին աշխատել ենք շրջակա միջավայրի ռեսուրսների և բնապահպանության հարցերի շուրջ: Եվ այս տարիների աշխատանքը էական ազդեցություն է ունեցել Հայաստանի մի շարք համայնքներում»,-նշեց Օլգա Վայգլը:
ԷԿՈսերվ Հայաստան ծրագիրը պատվիրակել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ): Այն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից:
Որպես տարածաշրջանային ծրագիր` «ԷԿՈսերվ»-ը 2018-2023 թթ. իրականացվել է Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրներում։ 2023 թվականի մարտից ծրագրի գործողությունները շարունակվել են միայն Հայաստանում։ BMZ-ի կողմից պատվիրակված «ԷԿՈսերվ»-ի մաս կազմող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) և «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» (EU4EE) ծրագրերը համաֆինանսավորվում են Եվրոպական միության կողմից և կշարունակվեն մինչև 2025 թվականին: