Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն առայժմ պահպանվում է, այդուհանդերձ, սպասելիքները զգուշավոր են․ Շահան Գանտահարյան

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման միջև ուժի մեջ մտած հրադադարն առայժմ պահվում և հարգվում է ստորագրողների կողմից, ինչի վկայությունն է այն, որ մարդկանց հոծ զանգվածներ սկսել են վերադառնալ իրենց տներ՝ Լիբանանի հարավային շրջաններ։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր, միջազգայնագետ Շահան Գանտահարյանն՝ անդրադառնալով Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման միջև հրադադարի ուժի մեջ է մտնելուն, հրադադարի պահպանմանն, ինչպես նաև կողմերի միջև ձեռք բերված համաձայնության մանրամասներին ու հետագա ակնկալիքներին։ 

«Լիբանանի ժամանակով առավոտյան ժամը 4-ից հրադադարը ուժի մեջ է մտել, և առայժմ հարգվում է ստորագրողների կողմից։ Դրան հետևել է բազմաքանակ մարդկանց հոսք դեպի Լիբանանի հարավային շրջանների իրենց բնակավայրեր, որի պատճառով Բեյրութում այժմ խցանումներ են առաջացել։ Չնայած առավոտյան ժամերին անօդաչուների ձայներ էին լսվում՝ չենք կարող ասել, որ որևէ հարված կամ հրթիռակոծություն է գրանցվել մինչ այս պահը», - իր խոսքում նշեց Գանտահարյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ հետագա իրադարձությունների և հրադադարի պահպանման շուրջ մոտեցումներն ու սպասելիքները դեռևս զգուշավոր են։ 

Անդրադառնալով հրադադարի բուն համաձայնության կետերին և պայմաններին, որոնց շուրջ բանակցող կողմերին հաջողվել է համաձայնագիր կնքել՝ միջազգայնագետն, այնուհանդերձ, դժվարացավ դրանք մանրամասնել, քանի որ համաձայնությունը դեռևս պաշտոնապես չի բացահայտվել։ 

Գանտահարյանի խոսքով՝ նախօրեին, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր կառավարությունը համաձայն է հրադադարի կնքմանն, ավելի ուշ նաև Լիբանանի վարչապետի պաշտոնակատարն է շնորհակալություն հայտնել Միացյալ Նահանգներին և Ֆրանսիային, որոնք միջնորդել են հրադադարի հաստատմանը։

«Որոշ լրատվական գաղտնազերծումներ կան, որոնց համաձայն՝ հրադադարի պայմանները հիմնականում ՄԱԿ-ի 1701 բանաձևի կետերն են։ Պաշտոնապես չի բացահայտվել, բայց, որքան հասկանում ենք, հիմնականում 1701 բանաձևն է, որի մեջ ներառվել են «Հեզբոլլահ»-ի ուժերի հետքաշումը Լիբանանի հարավից, իսրայելական ուժերի աստիճանական հետքաշումը լիբանանյան տարածքներից 60 օրվա ընթացքում, Լիբանանի հարավային սահմաններին երկրի զորքերի տեղակայում և այլն։ Նորություններից է նաև այն, որ Լիբանանի, Իսրայելի, միջազգային խաղաղապահ առաքելության ուժերի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի ներկայացուցիչներից բաղկացած միջազգային վերահսկող հանձնաժողով է աշխատելու», - մանրամասնեց միջազգայնագետը՝ հիշեցնելով, որ որոշ ժամանակ առաջ Իսրայելը համաձայն չի եղել, որ Ֆրանսիան ներգրավված լինի այդ ցուցակում, սակայն, կարծես թե, այդ հարցը ևս հաջողվել է համաձայնեցնել։ 

Շահան Գանտահարյանի ենթադրությունների համաձայն՝ Իսրայելը պահանջելիս է եղել նաև ցամաքային սահմանազատման շուրջ կետ մտցնել համաձայնագրի մեջ, ինչը ևս, թվում է, ներառվել է հրադադարի համաձայնագրի մեջ։  

Միջազգայնագետը նաև հետաքրքիր համարեց այն հանգամանքը, որ ժամեր ՀԱՄԱՍ-ի ղեկավարը ևս հայտարարել է, որ պատրաստ է հրադադարի շուրջ բանակցություններ վարել Իսրայելի հետ։  

Անդրադառնալով հարցին, թե Բեյրութի և Թել Ավիվի միջև նման համաձայնագրի կնքումը կարո՞ղ է արդյոք հանգեցնել իրավիճակի լիցքաթափմանը նաև Գազայի հատվածում՝ Գանտահարյանը հիշեցրեց, որ այս ամենը նախապես փոխկապակցված է եղել հենց Գազայում տեղի ունեցող իրադրության հետ։ 

«Գազայում ընթացող պատերազմի ակտիվ փուլում Լիբանանն ածանցյալ դրվածքի մեջ էր, իսկ երբ պատերազմի էպիկենտրոնը փոխվեց, այդ փոխկապակցվածությունն այնքան էլ չաշխատեց։ Մենք պետք է փորձենք խնդիրը դիտարկել համատարածաշրջանային քաղաքականության շրջաններում։ Այսօր Washington Post-ը, հղում անելով որոշ պաշտոնատար անձանց, հրապարակում էր արել, որ այս համաձայնությունը չէր լինի, եթե չլիներ նաև Իրանի համաձայնությունը, կամ չէր լինի, եթե Իրանն արգելակեր այդ գործընթացը։ Ինչպես գիտենք, Իրանն արդեն ողջունել է հրադադարի հաստատումը։ Կարծում եմ՝ հրադադարի շուրջ բանակցություններն ընթացել են հիմնականում հենց Վաշինգտոնի և Թեհրանի միջև, ինչպես դա եղել էր Լիբանանի և Իսրայելի միջև ծովային սահմանի սահմանազատման ժամանակ։    Սպասենք, տեսնենք, թե ինչ ազդեցություն կունենա այս համաձայնությունը Գազայի վրա»,-եզրափակեց Շահան Գանտահարյանը՝ կարծիք հայտնելով, որ այժմ, ընդհանուր առմամբ, ընթանում է միջինարևելյան քաղաքական քարտեզի վերագծման գործընթաց։ 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման միջև հրադադարն ուժի մեջ է մտել Գրինվիչի ժամանակով նոյեմբերի 27-ի ժամը 2։00-ին (Երևանի ժամանակով 6։00-ին)։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեսաուղերձում հայտարարել էր, որ երկու կողմերն էլ ընդունել են ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնագիրը: 

Հայերեն Русский