ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հարմոնիում» կազմակերպությունը նոյեմբերի 27-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում կանցկացնի «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի գալա համերգը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ծրագրի գեղարվեստական ղեկավարն է դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյանը, ծրագրի ղեկավարը՝ դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սերգեյ Քեչեկը:
««Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի գալա համերգը ինքնատիպ ստուգատես է, որի ընթացքում հանրագումարի կբերվի 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքը: Ծրագրի պատանի երաժիշտ-կատարողներին ևս մեկ անգամ հնարավորություն կտրվի տոնական մթնոլորտում ներկայացնելու իրենց կատարողական վարպետությունն ու ձեռքբերումները: Գալա համերգի ընթացքում կկատարվեն հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Նշենք, որ «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրն ուղղված է 11-20 տարեկան առավել տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների (դասական երաժշտական գործիքներ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ) զարգացմանը, կատարելագործմանը և խրախուսմանը` հետագայում միջազգային ասպարեզում հայկական կատարողական արվեստը ներկայացնելու նպատակով: 2024 թվականին ծրագրում ընդգրկվել են 15 տաղանդավոր երիտասարդ երաժիշտ-կատարող և 6 առաջատար մասնագետ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ մասնագիտություններով:
Ծրագրի նպատակն է պատանի տաղանդավոր երաժիշտ-կատարողների բացահայտումը, նրանց մասնագիտական կարողությունների զարգացումը, հանրային ճանաչելիության բարձրացումը, մասնակցության ապահովումը հանրապետական և միջազգային երաժշտական մրցույթներին, փառատոներին և այլ նախագծերին, ավագ սերնդի փորձի փոխանցման լիարժեք պայմանների ստեղծումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրն ընդգրկված է ՀՀ կառավարության 2021 թ. նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում: