ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը ցածր է գնահատում Հայաստանի Հանրապետության արտաքին ռիսկերի պատկերում միջազգային ահաբեկչությանն առնչվող ռիսկերը։
Այս մասին նշվում է ծառայության՝ Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցում, որը բացառիկության սկզբունքով հրապարակել է «Արմենպրես»-ը՝ հայերեն և անգլերեն:
Կառույցն ընդգծում է՝ միջազգային ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարը մշտական ուշադրություն և շարունակական ջանք է պահանջում պետություններից։ Բացի ներպետական կառույցների միջև համագործակցությունից, անհրաժեշտ է շարունակել աշխատանքը նաև միջազգային մակարդակում՝ բացահայտելու հնարավոր ահաբեկչական սպառնալիքները և հասկանալու ահաբեկչական կազմակերպությունների փոփոխվող շարժառիթներն ու հնարավորությունները, ինչը սպառնալիքներին համակարգված արձագանք ապահովելու հնարավորություն կստեղծի։
«Ահաբեկչության դեմ պայքարում կարևոր բաղադրիչ է նաև հետախուզական ծառայությունների միջև համագործակցությունը՝ ուղղված հարձակումների կանխարգելմանը, ահաբեկչական ցանցերի բացահայտմանը, արդյունավետ խափանմանը և միջազգային անվտանգության ամրապնդմանը։ Պետությունների և ծառայությունների համար շարունակում է առաջնային մնալ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում մի շարք մեխանիզմների, շրջանակների և նախաձեռնությունների մեջ ընդգրկվելը, որոնք միտված են միջազգային համագործակցության, տեղեկատվության փոխանակման և իրավական աջակցության խթանմանը։ Դատելով վերջին տարիների զարգացումներից՝ միջազգային մակարդակով ահաբեկչական ռիսկերը դեռևս բարձր են գնահատվում»,-նշում է ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը։
Առաջնահերթ է նաև միջազգային ահաբեկչության ձևերի նոր փոխակերպումները ժամանակին նույնականացնելը, զարգացման դինամիկան վերլուծելը կանխարգելման մեխանիզմների թարմացման ուղղությամբ ժամանակին համարժեք գործողություններ ձեռնարկելը։ Ծառայությունը վերահաստատում է ահաբեկչության դեմ պայքարում իր իրավասության շրջանակներում միջազգային գործընկերների հետ համագործակցության վերաբերյալ իր հանձնառությունը՝ միտված ահաբեկչության փորձերը կանխելուն, ինչպես նաև ահաբեկչության դեմ գլոբալ պայքարի մաս լինելուն։ Համագործակցության այս հանձնառությունը, ըստ Արտաքին հետախուզության ծառայության, ընդգծում է Հայաստանի Հանրապետության նվիրվածությունը տարածաշրջանային և գլոբալ անվտանգությանն ու կայունությանը։