Մերձավոր Արևելք

Գազայում հրադադարի մեկնարկից ի վեր փլատակներից հանվել է 170 մարդու մարմին

2 րոպեի ընթերցում

Գազայում հրադադարի մեկնարկից ի վեր փլատակներից հանվել է 170 մարդու մարմին

Գազայի հատվածի հարավային շրջաններում փրկարարները ևս 9 պաղեստինցու մարմին են հանել փլատակներից։ Ընդհանուր առմամբ, հունվարի 19-ին Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի հաստատումից ի վեր փլատակներից դուրս է բերվել 170 մարդու մարմին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը։

Քաղաքացիական պաշտպանության ծառայության անձնակազմերը և բնակիչները շարունակում են փլատակներում գտնվող պաղեստինցիների մարմինների որոնումները, սակայն այս գործընթացը դանդաղում է սարքավորումների և տեխնիկայի պակասի պատճառով։

Al Jazeera լրատվամիջոցը նշում է, որ իսրայելական ուժերը խոչընդոտում են շտապօգնության և փրկարարների խմբերին հասնել որոշ տարածքներ՝ որոնողական աշխատանքներ կատարելու և վիրավորներին օգնելու։ Խոսքը հատկապես վերաբերում է անկլավի արևելյան և հարավային շրջաններին՝ Եգիպտոսի հետ սահմանի երկայնքով ձգվող Ֆիլադելֆիական միջանցքի հատվածին։

2023 թ. հոկտեմբերի 7-ից մինչև 2025 թ.  հունվարի 19 իսրայելական հարվածների հետևանքով պաղեստինյան անկլավում զոհերի թիվը գերազանցել է 47 000-ը, վիրավորների թիվը՝ 100 000-ը։ Շուրջ 14 000 մարդ անհետ կորած է։ 

Իսրայելը ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան 2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակման, որի հետևանքով հրեական պետությունում զոհվել էր շուրջ 1200 մարդ, ևս 250-ը՝ պատանդ վերցվել։

Հունվարի 19-ին ուժի մեջ է մտել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարը, որին հնարավոր է եղել հասնել Վաշինգտոնի, Դոհայի և Կահիրեի միջնորդական ջանքերի շնորհիվ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում