Հայաստան

Նիկոլ Փաշինյանը և Անջեյ Դուդան հանդիպման ընթացքում առանցքային են համարել համագործակցության ակտիվացումը

3 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը և Անջեյ Դուդան հանդիպման ընթացքում առանցքային են համարել համագործակցության ակտիվացումը

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի գլխավորած պատվիրակությանը: 

«Մեծարգո պարոն նախագահ, ողջունում եմ Ձեզ և Ձեր պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում: Շատ եմ կարևորում այս այցը Հայաստանի և Լեհաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացմանը խթանելու առումով և կարծում եմ, որ իրականում հարաբերությունների զարգացման շատ մեծ պոտենցիալ կա, որը ցավոք չեմ կարող ասել, որ մեծապես օգտագործված է: Իհարկե, տարբեր հարթակներում մենք հանդիպելու, խոսելու առիթներ ունեցել ենք և ուրախ եմ այս առիթի համար, որ մեր խոսակցությունը շարունակելու հնարավորություն կունենանք:Կրկին ողջունում եմ Ձեզ և բարով եք եկել».- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ողջույնի խոսքում նշել է Նիկոլ Փաշինյանը:

Իր խոսքում Լեհաստանի նախագահը նշել է. 

«Հարգարժան պարոն վարչապետ, հարգելի ներկաներ, նախ ուրախ եմ, որ հնարավորություն ստեղծվեց իրագործելու իմ պաշտոնական այցը Հայաստան: Ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել  Ձեզ՝ պարոն վարչապետ, ինչպես նաև Հայաստանի նախագահին նման վերաբերմունքի, մեր ժողովուրդների և պետությունների միջև այդքան բարյացակամ և լավ հարաբերություններ ստեղծելու համար: Ինչո՞ւ եմ ես դա հատուկ ընդգծում, քանի որ ես 9,5 տարի է, ինչ Լեհաստանի նախագահն եմ և պետք է նշեմ, որ դրանից առաջ այդպես չեն եղել մեր հարաբերությունները: Դա չափազանց կարևոր է ինձ համար»:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Լեհաստանի քաղաքական, տնտեսական, զբոսաշրջության, մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը: Կողմերն ընդգծել են առևտրատնտեսական կապերի խթանման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Այդ համատեքստում, Նիկոլ Փաշինյանը և Անջեյ Դուդան առանցքային են համարել միջկառավարական համագործակցության ակտիվացումը, բարձր մակարդակի փոխայցելությունները:    

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցությանը վերաբերող հարցերի: Լեհաստանի նախագահը հայտնել է իր երկրի աջակցությունը ԵՄ-ի հետ հարաբերություններն ընդլայնելու և Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ, ինչպես նաև ողջունել ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը: 

Վարչապետ Փաշինյանն Անջեյ Դուդային է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների վերջին զարգացումներն ու հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները: Վարչապետն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում