ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 2022 թվականի հունվարից դուրս է եկել Եվրոպական միության արտոնյալ առևտրի ռեժիմից՝ GSP+ համակարգից, որը հնարավորություն էր տալիս Հայաստանում արտադրված ավելի քան 6000 ապրանքատեսակ արտահանել Եվրոպական միության երկրներ՝առանց մաքսատուրքի կամ նվազեցված մաքսատուրքով:
Արտոնյալ համակարգից դուրս գալն իր ազդեցությունն է ունեցել ապրանքների արտահանման վրա, նվազել են անգամ որոշ ընկերությունների արտադրական ծավալներ: Արդյունքում պետությունը որոշել է աջակցել տնտեսավարողներին՝ հայկական արտադրանքը եվրոպական շուկայում գնային առումով մրցունակ դարձնելու համար:
«Արմենպրես»-ը նոր նախաձեռնության վերաբերյալ զրուցել է Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաների հետ:
«Հայաստանը դեպի Եվրոպական միության երկրներ արտահանման արտոնյալ ռեժիմ ուներ ժամանակին։ Քանի որ Հայաստանում տնտեսական ցուցանիշների բարելավման արդյունքում մենք անցանք այն շեմը, որից ցածր երկրներն են օգտվում այդ արտոնությունից, Հայաստանն այլևս չի համարվում նմանատիպ երկիր: Եվ, բնականաբար, արտոնությունը չի կիրառվում: Դա որոշակի անդրադարձ է ունեցել մեր ապրանքների արտահանման վրա դեպի Եվրամիության երկրներ: Հաշվի առնելով, որ կառավարության քաղաքականությունը միտված է նաև արտահանման դիվերսիֆիկացմանը՝ այս փուլում նախատեսվում է աջակցության այնպիսի գործիքների ներդրում, որոնք որոշակիորեն կկոմպենսացնեն այն բացասական արդյունքը, որն ի հայտ է եկել արտոնյալ մաքսատուրքերի չկիրառման պայմաններում: Որոշ գործիքներ կիրառելով՝ կփորձենք հայկական արտադրանքը դարձնել ավելի մրցունակ դեպի եվրոպական շուկա արտահանելու համար»,–ասաց Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը:
Ըստ նրա՝ առաջին փուլում աջակցություն կտրամադրվի թիրախային համարվող ապրանքների արտահանման համար: Մշակող արդյունաբերության ոլորտի ոչ բոլոր արտադրանքներն են ներառվելու աջակցության շրջանակում: Արտահանման մեջ մեծ մասնաբաժին է ունեցել հանքահումքային արտադրանքը, այսինքն՝ տարբեր մետաղների խտանյութերը: Ըստ Եգանյանի՝ այս փուլում մետաղների խտանյութերի մասով աջակցություն չի լինի:
Էկոնոմիկայի նախարարությունն արդեն e-draft իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հրապարակել է «Արտահանման խթանման նպատակով ներմուծվող երկրի օրենսդրությամբ նախատեսված ապրանքի ներմուծման համար սահմանված մաքսատուրքի գումարի փոխհատուցման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ: Ըստ նախագծի՝ ԵՄ երկրներ հայկական ծագման ապրանք արտահանելու դեպքում տնտեսավարողը կստանա մաքսատուրքի փոխհատուցում: Նախագիծը թույլ է տալիս արտահանել Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող ապրանք և ստանալ փոխհատուցում՝ ներմուծման երկրի օրենսդրությամբ այդ ապրանքի համար սահմանված մաքսատուրքի դրույքաչափին համապատասխան հաշվարկված գումարի չափով։
Նախարարությունը նախագծում այս նախաձեռնությունը հիմնավորում է հետևյալ կերպ.
«Երկարաժամկետ մրցունակության տեսանկյունից նախագծի ընդունումը հնարավորություն կտա ապահովել միջազգային շուկաներում տարատեսակ տեղական արտադրանքների ներկայացվածությունը, արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը և արտահանման խթանման ապահովումն ու զարգացումը»:
Եգանյանի խոսքով՝ համադրել են և՛ առկա ցուցանիշները, և՛ բիզնեսի կողմից բարձրացված խնդիրները: ԵՄ երկրներ արտահանում իրականացնող ընկերություններն այս փուլում ունեն խնդիրներ դեպի այդ շուկաներ արտահանելու առումով:
«Մաքսատուրքի որոշակի արտոնության չկիրառումը բերում է ապրանքի գնի բարձրացման, հետևաբար ԵՄ գործընկերները փորձում են նմանատիպ ապրանքներ գտնել այլ շուկաներից: Բնականաբար, սա ազդում է թե՛ արտադրության, թե՛ արտահանման ցուցանիշների վրա: Մեր արդյունաբերության զարգացումը հիմնականում պայմանավորված է արտահանման զարգացմամբ»,-ասաց պաշտոնյան:
Պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ Եվրամիության երկրներ արտահանման ծավալներում նվազում է արձանագրվում: Օրինակ՝ Հայաստանն այս տարվա առաջին 9 ամսում՝ հունվար–սեպտեմբերին ԵՄ երկրներ է արտահանել 444 մլն 845.6 հազար դոլարի ապրանք, ինչը նախորդ տարվա՝ 2023-ի նույն ժամանակահատվածի 575 մլն 511.9 հազար դոլարի նկատմամբ նվազել է 22.7 տոկոսով: Իր հերթին 2023-ի 9 ամսվա ցուցանիշը 5.1 տոկոսով ցածր է 2022-ի 9 ամսվա 606 մլն 509.3 հազար դոլարի նկատմամբ:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ևս օրեր առաջ Ազգային ժողովում ընդգծել էր, որ տեքստիլ ոլորտն իրապես խնդիրներ ունի՝ կապված GSP+ համակարգի հետ՝ ակնարկելով ոլորտին սպասվող աջակցության մասին:
Էկոնոմիկայի նախարարության թեթև արդյունաբերության վարչության պետ Արմինե Վարշամյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց.
«Մեզ հետ հանդիպումներում տնտեսավարողներն արտահանման համար որպես առաջին խոչընդոտ են նշում GSP+ արտոնյալ համակարգից դուրս գալն ու լոգիստիկ հարցերը: Այդ ազդակները ստանալով, խնդիրները բացահայտելով՝ կառավարությունն այսպիսի աջակցության ծրագիր է նախապատրաստել»:
ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգը» (GSP+) մաքսային արտոնությունների համակարգ է, որը ցածր և ցածր-միջին եկամտով երկրներին հնարավորություն է տալիս ԵՄ շուկա արտահանում իրականացնել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով: 2009 թվականից Հայաստանն օգտվում էր ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգից»:
Հայաստանը Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ դասակարգվել էր միջինից բարձր եկամուտ ունեցող տնտեսություն ՀՆԱ մեկ շնչի հաշվով, և 2022-ի հունվարի 1-ից դուրս է եկել ԵՄ արտոնյալ առևտրի ռեժիմից: