1 րոպեի ընթերցում
ԳԱՎԱՌ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոս գյուղում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտին են մոտենում արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Երանոսի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 10 միլիոն 500 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է արտաքին լուսավորության ցանցի կառուցում Երանոսի 3, 7, 8, 9, 11-րդ փողոցներում՝ 2600 մետր ընդհանուր երկարությամբ, ԼԵԴ համակարգով աշխատող 98 լուսատուի տեղադրմամբ։
Օգոստոսից մեկնարկած շինարարական աշխատանքներն արդեն արվել են շուրջ 90 տոկոսով։
Շինաշխատանքներն իրականացնում է «Շին Կոմպլեքս» ՍՊԸ-ն։
Ծրագրի իրականացման արդյունքում մինչ տարեվերջ Երանոս գյուղի վերոնշյալ փողոցներն առաջին անգամ կլուսավորվեն գիշերային ժամերին։