Հայաստան

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով ՀՀ-ին է վերադարձվել շուրջ 4 մլրդ դրամի գույք, 1 մլրդ դրամ

2 րոպեի ընթերցում

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով ՀՀ-ին է վերադարձվել շուրջ 4 մլրդ դրամի գույք, 1 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության (այսուհետ՝ Իրավասու մարմին) ձևավորումից ի վեր՝ 2020 թվականի սեպտեմբերից առ այսօր, նախաձեռնվել է 553 ուսումնասիրություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, մանրամասնելով, որ իրավասու մարմինը 172 անձի վերաբերյալ դատարան է ներկայացրել հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ 201 միջնորդություն:

Իրավասու մարմնի կողմից դատարան է ներկայացվել 116 հայցադիմում, որոնցով պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող շուրջ 1300 անշարժ և 251 շարժական գույք, ինչպես նաև 335 իրավաբանական անձանցում մասնակցություն:

Ներկայացված հայցադիմումների ընդհանուր հանրագումարային արժեքը կազմում է ավելի քան 587 միլիարդ դրամ (ընդհանուր հայցագնի մեջ ներառված չեն իրավաբանական անձանցում մասնակցության, ինչպես նաև մի շարք այլ գույքերի շուկայական արժեքները):

Գլխավոր դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում առ այսօր կնքել է հաշտության 8 համաձայնություն, որոնցով Հայաստանի Հանրապետության սեփականությանն է փոխանցվել 7 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 4 միլիարդ 100 մլն դրամ արժեքով, ինչպես նաև շուրջ 937 միլիոն դրամ:

2024 թվականին Հակակոռուպցիոն դատարանի կողմից կայացված 4 վճիռների համաձայն՝ վճիռներն օրինական ուժի մեջ մտնելու հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվելու է 5 անշարժ և 2 շարժական գույք, 2 իրավաբանական անձանցում մասնակցություն՝ ընդհանուր շուրջ 1 միլիարդ 123 միլիոն դրամ շուկայական արժեքով, ինչպես նաև շուրջ 1 միլիարդ 880 միլիոն դրամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում