ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումների ընթացիկ աշխատանքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քննարկման մասին մանրամասներ է ներկայացրել նախարարը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով:
«Այսօր ընդլայնված կազմով քննարկեցինք Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքը, միջոցառումների կողմ գերատեսչությունները զեկուցել են արդեն իսկ կատարված աշխատանքների մասին, ներկայացրել խնդիրները։
Զեկուցվեց, որ շարունակվում են հանդիպումները ձկնորսների հետ`բացատրելու ձվադրման ժամանակահատվածում որսի արգելքի կարևորությունը»,- նշված է գրառման մեջ:
Նախարարն ընդգծել է, որ այս տարի քաղաքացիները Սևանա լճից և «Սևան» ազգային պարկի տարածքից շարունակում են կամովին դուրս բերել իրենց լողամիջոցները, որսագործիքները և ժամանակավոր կացարանները։
Հակոբ Սիմիդյանը պատասխանատուներին խնդրել է ուշադրության կենտրոնում պահել և մշտադիտարկումներ անցկացնել, որ այս դրական տենդենցները շարունակվեն։
«Հատուկ խնդիր եմ ձևակերպել՝ շուկաներում և վաճառքի կետերում ուժեղացնել վերահսկողությունը։
Հանդիպման ընթացքում քննարկել ենք նաև առկա խնդիրները՝ կապված առգրավված ձկնապաշարի պահման և գիտական համայնքի կողմից իրականացվող ուսումնասիրությունների վերաբերյալ»,- նշել է նախարարը՝ ևս մեկ անգամ հորդորելով քաղաքացիներին աչալրջությամբ ու սրտացավությամբ մոտենալ համազգային կարևորության այս խնդրին և աջակցել որսի արգելքի միջոցառումների իրականացմանը: