Հարցվածների ավելի քան 90 տոկոսը բավարարված է շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ծրագրի արդյունքներից
7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կլիմայական խնդիրներն ազդում են աշխարհի բոլոր երկրների վրա, սակայն այդ երկրների «ներդրման» չափը կլիմայական փոփոխությունների հարցում տարբեր է։ Տարբեր են նաև դրա դեմ պայքարի մեթոդները։ Դրանցից մեկը ջերմոցային գազերի արտանետումների կրճատումն է։ Հենց այդ նպատակին է ծառայում ՄԱԶԾ-ԿԿՀ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրը, որը Հայաստանում գործում է 2017-ից։ Ծրագրով ջերմաարդիականացվում են Հայաստանի մարզերի և մայրաքաղաքի հին շենքերը, արդյունքում կրճատվում է էներգիայի սպառումը, հետևաբար նաև՝ ածխաթթու գազի արտանետումները, բարելավվում են մարդկանց կենսապայմանները։
«Արմենպրես»-ը զրուցել է ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ավագ խորհրդատու Դիանա Հարությունյանի հետ՝ պարզելու, թե ինչ առաքելություն և ընթացիկ արդյունքներ ունի ծրագիրը, ինչպես է այն ազդում կլիմայական միջավայրի բարելավման և մարդկանց կյանքի որակի բարձրացման վրա։
-Կլիմայի փոփոխությունները Հայաստանում, ինչպես նաև այլ երկրներում բազմաթիվ մարտահրավերներ են ստեղծում։ Որո՞նք են հիմնական մարտահրավերները Հայաստանում, ի՞նչ է արվում դրանք հաղթահարելու համար։
-Կլիմայի փոփոխության հիմնական պատճառը հանածո վառելիքի (ածուխ, նավթ, գազ) սպառման ծավալների ավելացումն է, ինչպես նաև անտառածածկի զգալի կրճատումը գլոբալ մակարդակում, որի հետևանքով մթնոլորտում ջերմոցային ազդեցություն ունեցող գազերի քանակն ավելացել է գրեթե 40 տոկոսով՝ նախաարդյունաբերական շրջանի համեմատ:
Հայաստանի ներդրումն այդ գործընթացում այդքան զգալի չէ՝ մոտ 0․ 02 տոկոս գլոբալ արտանետումներում, և մեր երկրի հիմնական մարտահրավերը կլիմայի փոփոխության բացասական ազդեցություններն են՝ ջերմաստիճանի բարձրացում, տեղումների կրճատում և արտակարգ եղանակային երևույթների ուժգնության և հաճախության ավելացում, որոնք իրենց հետևանքներն են ունենում էկոհամակարգերի, տնտեսության և մարդու առողջության վրա:
-Հայաստանի կառավարությունը 2023-ի դեկտեմբերի 28-ին հաստատել է ՀՀ ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը, որով նախատեսվում է մինչև 2050-ը ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնել մինչև 2. 07 տ CO2 համարժեք մեկ շնչի հաշվով: Ի՞նչ դեր ունի ՄԱԶԾ-ԿԿՀ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրը Հայաստանում ջերմոցային գազերի կրճատման հարցում։
-Կլիմայական ռիսկերի մասին խոսելիս պետք է հստակ գիտակցել, որ Հայաստանն ունի գլոբալ ջանքերին մասնակցելու կարևոր հանձնառություն՝ նվազեցնելու հանածո վառելիքի՝ մեր դեպքում գազի և շարժիչային վառելիքի սպառումը: Այս գիտակցման մեջ կարևոր է նաև հասկանալ, որ այդ գործողությունները միանշանակ բխում են Հայաստանի էներգետիկ անկախության և անվտանգության առաջնահերթություններից: Էներգիայի սպառման և մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետման տեսակետից շենքերը և տրանսպորտը հիմնական ոլորտներն են՝ ավելի քան 60 տոկոս մասնաբաժնով:
Այդ է պատճառը, որ շենքերում էներգիայի սպառման նվազեցման հարցը կարևորվեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԶԾ կողմից, և 2016-ին մշակվեց Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսավորման այս բնապահպանական ուղղվածության ծրագիրը:
Ծրագրի հիմնական նպատակը ջերմոցային գազերի արտանետումների կրճատումն է, որը հաշվարկվել է՝ հիմնվելով համաֆինանսավորման սկզբունքի վրա՝ ներառյալ պետական, այդ թվում՝ վարկային միջոցները և համայնքային բյուջեներից ներգրավված միջոցները: Կարևոր է նշել նաև ծրագրի սոցիալական բաղադրիչը․ ջերմամեկուսացման միջոցով նվազեցնելով էներգիայի սպառումը շենքերում՝ տնտեսվում են ինչպես ընտանիքի, այնպես էլ պետական և համայնքային ծախսերը, և պահպանվում է շենքային ֆոնդը:
-Ինչպե՞ս եք գնահատում ծրագրի ընթացքը, ի՞նչ խոչընդոտներ են առաջ եկել, և ինչպե՞ս եք դրանք հաղթահարել:
-Հիմնական խոչընդոտը համաֆինանսավորման ապահովումն էր, քանի որ ի սկզբանե նախատեսված էր Եվրոպական ներդրումային բանկից սուվերեն վարկի ներգրավում, որը, սակայն, տեղի չունեցավ, և ծրագիրը կառավարության գործընկերների հետ բավականաչափ ջանքեր գործադրեց՝ պետական և համայնքային միջոցների հաշվին համաֆինանսավորման բացը լրացնելու համար: Մյուս ավելի հեշտ կառավարելի խնդիրն էր ջերմաարդիկանացման օգուտների գիտակցման մակարդակի բարձրացումը, նախագծման և տեխնիկական վերահսկողության պատշաճ ապահովման համար բավարար գիտելիք և կարողություններ ունեցող մասնագետների և ընկերությունների պակասի հաղթահարումը և իրավական շրջանակի ձևավորումը՝ ծրագրով դրամաշնորհային միջոցների տրամադրման և հաշվետվողականության ապահովման համար:
-Ինչպե՞ս է ծրագիրն ազդում մարդկանց կյանքի որակի վրա։
-Տեսականորեն պարզ է, որ ջերմաարդիականացումը հնարավորություն է տալիս ավելի քիչ ծախսերով շենքերում հարմարավետ պայմաններ ստեղծել և բարելավում է մարդկանց կյանքի որակը: Հանրային շենքերում տեղադրվում են նաև արևային էներգիայի ստացման համակարգեր, ինչի միջոցով նվազեցվում են էներգիայի սպառման ծախսերը: Կողմնակալ և ոչ օբյեկտիվ գնահատականներից խուսափելու համար ծրագիրը պարբերաբար կազմակերպել է սոցիալական հարցումներ մասնագիտացված անկախ ընկերությունների միջոցով՝ ինչպես ջերմամեկուսացված բնակելի, այնպես էլ հանրային շենքերում: Հարցվածների ավելի քան 90 տոկոսը բավարարված է ծրագրի արդյունքներով, մասնավորապես՝ սոցիալապես խոցելի ընտանիքները և միայնակ թոշակառուները: Հետազոտության արդյունքները հասանելի են mershenq.am կայքում (այստեղ)։
-Ծրագիրն ավարտվելու է 2026-ի հունիսին, ի՞նչ արդյունքների եք պլանավորում մինչ այդ հասնել:
-Ծրագրով նախատեսված է ջերմաարդիականացնել շուրջ 305 հասարակական, 198 բազմաբնակարան շենք և 200 առանձնատուն։ Այս թիրախին հասնելու համար ակտիվ աշխատանքներ ենք տանում համայնքների, գործընկեր գերատեսչությունների և այլ կազմակերպությունների հետ։ Որպես օրինակ՝ վերջերս ՀՀ ֆինանսների նախարարության հետ ստորագրվեց համաձայնագիր, որով նախատեսվում է առնվազն ևս 50 հանրային և բնակելի շենքերի էներգաարդյունավետ արդիականացման համաֆինանսավորման հանձնառություն՝ 3 միլիոն ԱՄՆ դոլարի չափով։
Նորա Վանյան