Փաշինյանը հայտնեց ՀՀ կառավարության ծառայողական ավտոմեքենաների թիվն էականորեն կրճատելու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ծառայողական ավտոմեքենաների կրճատումն իրականացվելու է «կացնային» մոտեցմամբ՝ ի պատասխան գերատեսչությունների կողմից խնդիրը համակարգված ձևով լուծելը ձգձգելուն։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում վարչապետը նշեց, որ ժամանակին տրված հանձնարարականներն պատշաճ չեն կատարվել։

«Ես երեկ իմ գործընկերներին ասացի, որ հիմա այս ժամանակը պատշաճ չի օգտագործվել այդ խնդիրը համակարգված և խորքային ձևով լուծելու համար։ Հիմա, ամենայն հարգանքով, այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով։ Ես գերատեսչությունների մեքենաների ցուցակներն ուզում եմ և ուղղակի գրիչով խազեր եմ քաշում այդ մեքենաների վրա»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց նաև, որ կրճատման ենթակա մեքենաների թիվը շատ մեծ է լինելու։

«Շատ մեծ է տոկոսը։ Ուզում եմ ասել հետևյալը, որ խոսքը ծառայողական ավտոմեքենաների մասին է, որովհետև նախարարություններում կան մեքենաներ, որոնք չեն ծառայում անձանց, այլ ծառայում են աշխատանքներին։ Օրինակ՝ օպերատիվ աշխատանքի համար շատ մեծ թվով մեքենաներ կան, և դրանց թիվը չի կրճատվի ընդհանրապես։ Հնարավոր է, նաև ավելանա մյուս մեքենաների հաշվին»,- ընդգծեց Փաշինյանը։

Հայերեն