Քաղաքականություն

Արամ Ա-ը Դոնալդ Թրամփին ուղղված նամակում կոչ է արել քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող հայերի ազատ արձակման ուղղությամբ

3 րոպեի ընթերցում

Արամ Ա-ը Դոնալդ Թրամփին ուղղված նամակում կոչ է արել քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող հայերի ազատ արձակման ուղղությամբ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա նամակ է հղել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ շնորհավորելով նրան Սպիտակ տուն վերադառնալու կապակցությամբ և կոչ անելով անհապաղ միջոցներ ձեռնարկել հայ ժողովրդին հուզող հրատապ խնդիրների, այդ թվում՝ Ադրբեջանում հայ բանտարկյալների անօրինական կալանավորման համար։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Կիլիկիայի Սուրբ Աթոռի պաշտոնական էջը։

Նամակում Արամ Առաջինը կոչ է արել նախագահ Թրամփին միջամտել և ապահովել հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահների, վարչապետների և քաղաքական առաջնորդների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը, որոնք առանց պատշաճ ընթացակարգի ենթարկվել են դռնփակ դատավարությունների։ 

Նա նաև հորդորել է Թրամփին վերահաստատել իր նախընտրական դիրքորոշումը ԼՂ-ի հարցում՝ ընդգծելով բնիկ հայերի իրավունքը՝ վերադառնալու իրենց հայրենիք՝ անվտանգության միջազգային երաշխիքներով։ 

Բացի այդ, Արամ Ա-ն ընդգծել է տարածաշրջանային խաղաղության ապահովման գործում ԱՄՆ-ի ուժեղ ղեկավարության անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ Թրամփի ներգրավվածությունն այս հարցերում կամրապնդի նրա դերը՝ որպես համաշխարհային խաղաղարար: 

Արամ Առաջինը նաև կարևորել է ԱՄՆ-ի շահերի պաշտպանությունն՝ Ադրբեջանին միջազգային իրավունքի խախտման համար պատասխանատվության ենթարկելու հարցում՝ զգուշացնելով, որ շարունակական անգործությունը կխթանի հետագա ագրեսիան հայերի դեմ։ 

Նա ընդգծել է, որ գերիների ազատ արձակումը և արցախահայության իրավունքների ճանաչումը խիստ կարևոր քայլեր են արդար և հարատև խաղաղության հաստատման համար։ 

Դեռևս 2024 թվականի նոյեմբերի 1-ին ԱՄՆ նախագահի այն ժամանակվա թեկնածու Դոնալդ Թրամփը զանգահարել էր Արամ Ա կաթողիկոսին՝ իր զորակցությունը հայտնելով ԼՂ-ի հայերին՝ վերահաստատելով նրանց վերադարձի իրավունքը՝ անվտանգության երաշխիքներով և դատապարտելով Ադրբեջանի էթնիկ զտումները։ 

«Այս վերջին նամակում Արամ Առաջինը շնորհակալություն է հայտնել Թրամփին նախկինում ստանձնած պարտավորությունների համար և հորդորել նրա վարչակազմին վճռականորեն գործել այս կարևոր հարցերի շուրջ»,-նշված է Կիլիկիայի Սուրբ Աթոռի պաշտոնական էջում տարածված հայտարարության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում