ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրուրդը Չինաստանից վերադարձել է կարևոր ձեռքբերումներով։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը տեղեկացրեց, որ հաջողություններ են գրանցել տարբեր ուղղություններով՝ հայկական ապրանքների արտահանում Չինաստան՝ արտոնյալ պայմաններով, չինացի գործարարների այց Հայաստան, հուշագրի ստորագրում և այլն։
«Սկսեմ նոյեմբերի սկզբին Շանհայում կայացած Сhina International import expo 2024 (CIIE) խոշոր միջազգային ցուցահանդեսից, որին մասնակցում էր 158 երկիր, այդ թվում` Հայաստանը։ Բազմաթիվ ընկերություններ ներկայացրել են իրենց արտադրական ծավալներն ու ներուժը։ Եվ որպեսզի ցուցահանդեսի մասշտաբները պարզ լինեն, ասեմ, որ տարածքի երկարությունը 6 կմ էր, օրական այցելում էր մինչև 1,5 մլն մարդ։ Մեր տաղավարը հենց սկզբից այցելողների ուշադրության կենտրոնում էր։ Ներկայացվել էր խմիչք, քաղցրավենիք, չրեղեն, պահածոներ։ Ասեմ, որ դրանք շատ արագ սպառվեցին թե վաճառքի, թե մատակարարներին փոխանցելու առումով»,-ասաց Մարիամ Մանուկյանն՝ ընդգծելով, որ Հայաստանի ազգային և կոմերցիոն տաղավարներում ներկայացված էր շուրջ 30-ից ավելի ընկերություն։
Հաջորդ ձեռբերումը կապված է Հայաստանից Չինաստան ապրանքների արտահանման արտոնությունների ստացման հետ։ Խոսքը վերաբերում է ալկոհոլային խմիչքներին։ Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրուրդը Պեկինի, Չանչունի, Նինբոյի քաղաքային ղեկավարության հետ ստորագրել է համագործակցության հուշագիր, որի շրջանակում Հայաստանից խմիչք արտահանողները կազատվեն մաքսային բեռից։
«Չինաստանի նշված քաղաքներ խմիչքներ արտահանելը ենթադրում է 55+1 մաքսային վճար։ Կնքված հուշագրի շրջանակում մեր արտադրողները կարող են արտահանել առանց այդ մաքսային բեռի։ Սա հնարավորություն է տալիս գնային առումով բավական մրցակցային լինել։ Այն քաղաքները, որտեղ հնարավոր է լինելու արտոնյալ պայմանով խմիչք արտահանել, բավական մեծ շուկաներ ունեն։ Եթե միայն Նինբո քաղաքն առանձնացնեմ, ապա խոսքը 20 միլիոնանոց շուկա է, էլ չեմ խոսում Պեկինի ու Չանչունի մասին»,-ասաց Մարիամ Մանուկյանը։
CIIE 2024-ի շրջանակներում Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը նաև հուշագիր է ստորագրել «Հայ-չինական բարեկամության զարգացման կենտրոն»-ի հետ։ Այն հնարավորություն կտա ավելի լայն գործառույթներ իրականացնել ինչպես Հայաստանում ներդրումային ծրագրերի ապահովման, այնպես էլ Հայաստանի ապրանքների արտահանման մասով։ Այժմ քննարկվում է այդ կառույցի հետ հայկական արտադրանքի որոշ քանականություն արտահանելու հարցը։ Սկզբում քիչ քանակություն կլինի, այնուհետև շուկան ավելի լավ հասկանալու պարագայում ավելի մեծ ծավալերի մասին հնարավոր կլինի խոսել։
«Ասեմ, որ հաջորդ տարի նախատեսվում է նաև չինացի գործարարների այց Հայաստան, դա պայմանավորված կլինի չինական բրենդների մեր երկիր մուտք գործելու հնարավորությունների հետ։ Եթե ասում ենք չինական բրենդներ, ապա դա նշանակում է տեխնոլոգիաներ, ռոբոտաշինություն, ավտոմեքենայի արտադրություն և այլն։ Հիմա քննարկվում է այդ ընկերությունների Հայաստանում զուտ ներկայացուցչություններ ունենալու հեռանկարները, այնուհետև վստահ եմ, որ արտադրական ոլորտը ևս հնարավոր կլինի ներգրավել մեր երկիր»,-հավելեց Մարիամ Մանուկյանը։