Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ անցկացվել է «Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը որպես ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն» խորագրով միջոցառում, որի նպատակն է հասարակությանն իրազեկել հարկային թափանցիկության և որոշակիության բարձրացման ուղղությամբ ՊԵԿ կողմից իրականացվող աշխատանքներին։ Միջոցառմանը մասնակցել են ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Համլետ Սահակյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, կոմիտեի մի շարք աշխատակիցները, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն ընդգծել է, որ հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համար ոչ միայն ռազմավարական առաջնահերթություններ են, այլև արդյունավետ հարկային քաղաքականության, պետության և հասարակության միջև վստահելի կապի ստեղծման հիմքեր։ 

«Հարկային թափանցիկության ապահովման տեսանկյունից ՊԵԿ-ը կարևորում է հանրային հաշվետվողականությունը և ապահովում է իր գործունեության արդյունքների հրապարակայնությունը»,-նշել է Ռաֆայել Գևորգյանը։ 

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ հավատարիմ լինելով հարկային թափանցիկության և որոշակիության սկզբունքներին՝ ՊԵԿ-ը ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ։ Մասնավորապես, 2020 թվականից Հայաստանի Հանրապետությունում գործում են տրանսֆերային գնագոյացման կարգավորումները, որոնք բացի ֆիսկալ գործառույթից, ունեն հարկային կարգապահությունը բարձրացնող և զսպող բնույթ։ Միաժամանակ, համակարգի կայացմանը զուգահեռ, 2024 թվականից ուժի մեջ է մտել հարկային մարմին-հարկ վճարող համագործակցության նոր գործիք՝ նախնական գնագոյացման համաձայնությունը, որը հնարավորություն է տալիս ոչ ռեզիդենտ անձանց հետ իրականացված վերահսկվող գործարքների մասով, տրանսֆերային գնագոյացման կարգավորումների ճշգրիտ կիրառմամբ նախապես նվազեցնել հարկային ռիսկերը և ապահովել գործարքների համապատասխանությունը պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին։ 

«Այս ուղղությամբ հարկային մարմնում իրականացվում են կարողությունների զարգացման լայնածավալ աշխատանքներ, մասնավորապես, Իտալիայի հարկային մարմնի ներկայացուցիչները ՊԵԿ աշխատակիցներին են փոխանցելու իրենց փորձը։ Հայաստանն արդեն իսկ հաջողությամբ ներդրել է ՏՀԶԿ «Հարկվող բազայի քայքայում և շահույթի տեղաշարժ» (BEPS) ծրագրի նվազագույն ստանդարտը՝ հարկ վճարողների այլ երկրներում գործունեություն իրականացնելու ժամանակ այդ երկրների հարկային մարմինների հետ խնդիրներ ունենալու դեպքում՝ վեճերի կարգավորման փոխհամաձայնեցման ընթացակարգը»,- ասված է հաղորդագրության մեջ: 

Հանդիպմանը քննարկվել են նաև փոխհամաձայնեցման ընթացակարգին (Mutual Agreement Procedure (MAP)) և նախնական գնագոյացման համաձայնագրին (Advanced Pricing Agreement (APA)) առնչվող հարցեր՝ Հայաստանում հարկային կարգապահության ամրապնդման, հարկային վեճերի նվազեցման ու մրցունակ բիզնես միջավայրի խթանման նպատակով:

Միջոցառումն անցկացվել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի «Հարկերը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» նախաձեռնության շրջանակներում։

Հայերեն

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին