Վարչապետը քննադատեց այն մոտեցումը, երբ չաշխատելու փաստն արդարացնում են աշխատավարձի ցածր լինելով
3 րոպեի ընթերցում
![Վարչապետը քննադատեց այն մոտեցումը, երբ չաշխատելու փաստն արդարացնում են աշխատավարձի ցածր լինելով](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/11/21/oDq0tyFj6YNseoMPbTbmw8L6ywCf6jawLSFZY645.webp)
ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց աշխատանքի նկատմամբ հանրային մոտեցման և աշխատավարձերի համակարգի վերաբերյալ մի շարք խնդիրներ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստի ժամանակ իր ելույթում վարչապետն անդրադարձավ այն պնդմանը, թե որոշ քաղաքացիներ չեն աշխատում, քանի որ աշխատավարձերը ցածր են։
«Շատ հաճախ մարզային այցելությունների կամ մարդկանց հետ շփումների ժամանակ հարցնում ենք՝ ինչու չեք աշխատում, և ստանում ենք պատասխանը՝ աշխատավարձը ցածր է։ Սկզբում սա լեգիտիմ փաստարկ է թվում, բայց հետո մտածում եմ՝ մի րոպե, իսկ չաշխատելու աշխատավարձն ավելի բարձր է, քան աշխատելո՞ւ աշխատավարձը»,- նշեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ այս տրամաբանությունը հակասական է և հարց է առաջացնում՝ արդյոք համակարգում լուրջ շեղումներ չկան։
«Կարող է լինել իրավիճակ, երբ մարդը աշխատաշուկայում մրցունակ է և իրեն անընդհատ աշխատանքներ են առաջարկում, ձեռքից ձեռք են, խլում և ինքը նայում է, թե ով է իրեն ավելի լավ առաջարկ անում։ Սա հասկանալի տրամաբանություն է։ Այսինքն՝ աշխատում է Ա կետում, Բ կետից իրեն ավելի լավ պայմաններ են առաջարկում ու ինքը մտածում է՝ այստե՞ղ աշխատել, թե՞ այնտեղ։ Դա նորմալ է։ Բայց երբ մարդն ասում է՝ չեմ աշխատում, որովհետև աշխատավարձը ցածր է, հարց է ծագում՝ մի րոպե, բայց չաշխատելու աշխատավարձը ոնց կարող է ավելի բարձր լինել»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանն ընդգծեց աշխատանքի շուկայում ներգրավված լինելու կարևորությունը, անգամ, եթե առաջարկվող աշխատանքը չի համապատասխանում բարձր աշխատավարձի սպասումներին։
«Մի հանգամանք էլ կա, երբ մարդն աշխատանքի շուկայի մեջ չի. ինքնին աշխատանքի շուկայի մեջ լինելն արդեն նոր հնարավորություններ բացելու տրամպլին է։ Այսօր ես տեսնում եմ, որ ընկերությունները աշխատողի կարիք ունեն»- ընդգծեց Փաշինյանը։
Վարչապետը նաև քննադատեց այն մոտեցումը, երբ տչաշխատելու փաստը աշխատավարձի ցածր լինելու պատճառով համարվում է նորմալ և նույնիսկ լեգիտիմ։
«Եթե չաշխատելու աշխատավարձը ավելի բարձր է, էլ ի՞նչ ենք ուզում իրարից։ Շատ լավ, ուրեմն հաղթահարեք աղքատությունը՝ չաշխատելով։ Եթե աշխատելը մեզ հնարավորություն չի տալիս աղքատությունը հաղթահարենք, ուրեմն եկեք չաշխատելով հաղթահարենք, մնացած մեր բոլոր խնդիրները լուծենք չաշխատելով։ Ճանապարհ կառուցենք՝ չաշխատելով, դպրոց կառուցենք՝ չաշխատելով»,- եզրափակեց Փաշինյանը։