Աշխարհ

Աբխազիայի նախագահը հրաժարական է տվել. տեղի կունենան արտահերթ ընտրություններ

2 րոպեի ընթերցում

Աբխազիայի նախագահը հրաժարական է տվել. տեղի կունենան արտահերթ ընտրություններ

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան և վարչապետ Ալեքսանդր Անկվաբը հրաժարական են տվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով իշխանությունների և ընդդիմության միջև բանակցությունների արդյունքում ստորագրված արձանագրությունը։

Աբխազիայի ընդդիմության առաջնորդներից Ադգուր Արձինբան «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավար Դմիտրի Դբարը նույնպես հրաժարական է տալիս։

Ըստ Արձինբայի՝ նախագահի պաշտոնակատար կդառնա փոխնախագահ Բադրա Գունբան, իսկ վարչապետի պաշտոնակատար՝ նախկինում այդ պաշտոնը զբաղեցրած Վալերի Բգանբան։

Իր հերթին ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ ընդդիմության և իշխանությունների միջև ավելի քան ութ ժամ տևած բանակցություններից հետո Սուխումի կառավարական շենքերի համալիրում նոյեմբերի 15-ից գտնվող ցուցարարները սկսել են հեռանալ։ 

Աբխազիայի խորհրդարանի խոսնակ Լաշա Աշուբան հայտարարել է, որ երկրում տեղի կունենան նախագահի արտահերթ ընտրություններ։ 

Աբխազիայում իշխանությունների և ընդդիմության միջև առճակատումը սկսվել է Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի պատճառով։ Նոյեմբերի 15-ին Աբխազիայի խորհրդարանը պետք է քննարկեր ՌԴ իրավաբանական անձանց կողմից երկրում ներդրումային նախագծերի իրականացման մասին համաձայնագրի վավերացման հարցը։ Նիստը չեղարկվել է այն պատճառով, որ պատգամավորները չեն կարողացել հաստատել դրա օրակարգը։ Ընդդիմությունը պահանջել է խորհրդարանի կրկնական գումարում հարցի լիակատար բացառման համար, ինչպես նաև նախագահի հրաժարականը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում