Տնտեսություն

ՀՀ առաջատար ընկերությունների հաջողության պատմությունները՝ Կոտլերի գրքում. Kotler Impact–ի ներկայացուցիչը և Ամերիաբանկը հուշագիր ստորագրեցին

6 րոպեի ընթերցում

ՀՀ առաջատար ընկերությունների հաջողության պատմությունները՝ Կոտլերի գրքում. Kotler Impact–ի ներկայացուցիչը և Ամերիաբանկը հուշագիր ստորագրեցին

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրոֆեսոր Ֆիլիպ Կոտլերի «Ժամանակակից մարքեթինգի հիմունքները․ Հայաստանի հրատարակություն» դասագրքի հրատարակության շրջանակում համագործակցության հուշագիր ստորագրեցին Ամերիաբանկն ու Kotler Impact–ի տարածաշրջանի ներկայացուցիչ AWE Consulting–ը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կողմերը հուշագրի ստորագրումը նվիրեցին Ուսանողների միջազգային օրվան:

«Այս հուշագրով մենք մեկնարկում ենք մի նախաձեռնություն, որ կյանքի կոչենք պրոֆեսոր Ֆիլիպ Կոտլերի «Ժամանակակից մարքեթինգի հիմունքները. Հայաստանի հրատարակություն»–ը: Այս հրատարակությունն ապահովելու է, որ մեր ուսանողները՝ վաղվա առաջնորդները, ստանան համաշխարհային մակարդակի մարքեթինգային գիտելիքներ՝ հիմնված մեր երկրում գործունեություն ծավալող լավագույն ընկերությունների հաջողության պատմությունների և մարքեթինգային ռազմավարությունների հիման վրա»,–ասաց ԱՊՀ երկրներում Kotler Impact ընկերության ներկայացուցիչ AWE Consulting ՍՊԸ-ի Հայաստանի տնօրեն Մերի Գրիգորյանը: 

Պատահական չէ, որ միջոցառումն անցկացվեց Ուսանողների միջազգային օրվա շրջանակներում: Գրիգորյանը շատ կարևորեց գրքի հրատարակության նախաձեռնությունը հատկապես ուսանողների համար: Նա նկատեց՝ մինչև այս պահն ուսանողները չունեն հայալեզու մարքեթինգային դասագիրք:

Նա իր խորին շնորհակալություն հայտնեց Ամերիաբանկի ողջ անձնակազմին, որ կիսում են իրենց տեսլականը և համագործակցում են՝ Հայաստանի կրթական ապագայի մեջ ներդրում կատարելու և նորարարությունը խթանելու համար: «Թող այսօրվա ստորագրությունը չլինի պարզապես նախագծի մեկնարկ, այլ շարժման սկիզբ, որն իրար կկապի համաշխարհային փորձը և մեր առաջատար ընկերություններին՝ ուսանողներին զորացնելու և Հայաստանի պայծառ ապագան կերտելու համար»,–նշեց Գրիգորյանը:

Ամերիաբանկի մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Ռեբեկա Հակոբյանը միջազգային դիրքավորման տեսանկյունից կարևորեց Հայաստանի ներկայացվածությունը նման հրատարակությունում`  հայկական տարբեր ընկերությունների հաջողության պատմություններով: Գրքի անգլալեզու հրատարակության շնորհիվ մարդիկ կտեսնեն, թե Հայաստանում ինչպիսի շուկայավարում գոյություն ունի, ինչպես են հայկական ընկերությունները հաղթահարում մարտահրավերները: Բանկում համոզված են՝ «Ժամանակակից մարքեթինգի հիմունքները․ Հայաստանի հրատարակություն»-ը կօգնի, որ Հայաստանը ևս հայտնվի համաշխարհային քարտեզի վրա՝ մարքեթինգային ոլորտի այսպիսի կարևոր հրատարակության միջոցով:

«Ամերիաբանկն ի սկզբանե մեծ հետաքրքրություն ցուցաբերեց այս նախաձեռնության նկատմամբ, քանի որ մարքեթինգը, լինելով շատ ընդգրկուն ոլորտ, նախևառաջ այն մասին է, թե ինչպես ենք մենք կարողանում հարմարվել փոփոխվող  ժամանակներին ու միջավայրին, ինչպես ենք կարողանում հավելյալ արժեք ստեղծել մեր հաճախորդների համար՝ մեր ներքին բարելավումների  և փոխակերպումների շնորհիվ: Եվ հաշվի առնելով, թե աշխարհն ինչ արագ է փոխվում՝ մեզ համար կարևոր էր հայ ուսանողներին ներկայացնել մեր տրանսֆորմացիայի պատմությունը՝ ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին տրանսֆորմացիան՝  ինչ ենք մենք տվել մեր հաճախորդներին, ինչ ենք շարունակում տալ, ինչպես է ընդլայնվում մեր կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը և, թե ինչպես ենք մենք՝ որպես Ամերիաբանկում աշխատող մարդիկ, ամեն օր փոխում մեր մտածողությունը և ներկայանում որպես ֆինանսատեխնոլոգիական միջավայր»,–ասաց Ռեբեկա Հակոբյանը:

Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի գրասենյակի ղեկավար, փոխդեկան Վարդան Ալեքսանյանը ժամանակակից բիզնեսում անկասկած շատ մեծ համարեց մարքեթինգային գործունեության կարևորությունը: Այդ առումով ԵՊՀ–ն՝ ի դեմս Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի, մեծ ուշադրություն է դարձնում պրակտիկ բաղադրիչին:

«Մարքեթինգի հիմունքներ» առարկային շրջանակում այս հիմնարար դասագրքի հրատարակությունը մեծապես օգնելու է նաև դասավանդման գործընթացում: Եվ ֆակուլտետը պատրաստակամությամբ ներգրավվել է այս կարևոր գործընթացում: Ավելի քան վստահ եմ, որ կունենա համապատասխան արդյունքը»,–ասաց Ալեքսանյանը:

Փոխդեկանը վստահ է, որ «Ժամանակակից մարքեթինգի հիմունքները․ Հայաստանի հրատարակություն»–ը կլինի ուսանողի համար սեղանի հիմնական աշխատանքային գիրքը:

Գրքում տպագրվող ընկերությունների հաջողության պատմությունների հավաքագրման գործընթացը դեռևս շարունակվում է, և հետաքրքրված ընկերությունները կարող են լրացնել գրանցման հայտը կայքում։

Ամերիկացի մարքեթոլոգ, մարքեթինգի պրոֆեսոր և խորհրդատու, ավելի քան 80 մարքեթինգային գրքերի հեղինակ Ֆիլիպ Կոտլերի հերթական աշխատությունը, որը շուտով անգլերեն և հայերեն լեզուներով կներկայացվի հայ հասարակությանը, հիմնված է հայկական ընկերությունների հաջողության պատմությունների վրա։ Ֆիլիպ Կոտլերը մարքեթինգի ոլորտում ամենաազդեցիկ դեմքերից է։ Նրա աշխատանքները, ներառյալ «Մարքեթինգի կառավարումը», օգտագործվում են աշխարհի բոլոր հեղինակավոր համալսարանների և բիզնես դպրոցների կողմից՝ որպես մարքեթինգային կացութաձևի հիմնական դասագիրք և որոշիչ գործիք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում