ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովում հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած միջադեպից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում հարուցվել է կարգապահական վարույթ, որը քննարկման փուլում է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտնեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Նարեկ Զեյնալյանի՝ մանդատները վայր դնելու վերաբերյալ լուրերին։
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում կա հարուցված կարգապահական վարույթ։ Եվ այդ վարույթը պետք է քննարկվի և քննարկման արդյունքում հետևանքների և որոշումների մասին պատշաճ կերպով կծանուցվի»,- ասաց Կոնջորյանը։
Հոկտեմբերի 15-ին Ազգային ժողովում կազմակերպված լսումների ժամանակ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի և պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև տեղի էր ունեցել թեժ բանավեճ։ Հովիկ Աղազարյանը քննադատել էր Արգիշտի Քյարամյանին՝ պատգամավորների նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունքի համար։
Նույն լսումների ընթացքում պատգամավոր Նարեկ Զեյնալյանը ևս քննադատել էր Քյարամյանի պահվածքը՝ ընդգծելով, որ անընդունելի է պատգամավորների հետ նման տոնով և ժեստիկուլյացիայով խոսելը։
Զեյնալյանը Քյարամյանին հորդորել էր փոխել իր խոսելաոճը և սահմանափակել ժեստիկուլյացիան, երբ խոսում է Ազգային ժողովի պատգամավորների հետ։
Նոյեմբերի 17-ին տեղեկություններ տարածվեցին, որ Հովիկ Աղազարյանն ու Նարեկ Զեյնալյանը մանդատները վայր են դնելու։ Հովիկ Աղազարյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հերքեց այդ լուրը, իսկ Նարեկ Զեյնալյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։