Բոլորս առավելագույն կենտրոնացվածությամբ ենք մոտենում. Օգնեն Չանչարևիչը Լատվիայի դեմ խաղի մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի դարպասապահ Օգնեն Չանչարևիչի կարծիքով՝ թիմն անելու է առավելագույնը` հաղթելու Լատվիայի թիմին:

«Բոլորն են հասկանում, որ մեզ համար Ֆարերյան կղզիներից կրած պարտությունը ծանր էր: Լավ է, որ Լատվիայի հետ հանդիպումն այդ խաղից մի քանի օր հետո է, և մենք առավելագույն կենտրոնացվածությամբ ենք մոտենում խաղին։ Ձգտելու ենք լավ արդյունքի հասնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ նախախաղային հանդիպման ժամանակ ասել է դարպասապահը: 

Ֆուտբոլի Ազգերի լիգայի որակավորման փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականը մրցելու է Լատվիայի հետ: Հանդիպումը կկայանա նոյեմբերի 17-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի ընտրական փուլի վերջին տուրից առաջ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մրցաշարային աղյուսակում 3-րդ տեղում է:

Վերջին տուրից առաջ C4 ենթախմբի առաջատարը Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականն է, որն ունի 13 միավոր: Երկրորդ տեղում 6 միավորով Ֆարերյան կղզիներն են: 4-ական միավոր ունեն Հայաստանն ու Լատվիան: Նոյեմբերի 17-ին խմբի առաջատար Հյուսիսային Մակեդոնիան էլ կխաղա երկրորդ տեղով ընթացող Ֆարերյան կղզիների հետ:

Հայերեն