Տնտեսություն

ՀՀ ՊԵԿ-ը կանխել է չհայտարարագրված ոսկենման և արծաթանման զարդերի ներկրման փորձերը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՊԵԿ-ը կանխել է չհայտարարագրված ոսկենման և արծաթանման զարդերի ներկրման փորձերը

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բագրատաշեն» մաքսային անցման կետում  բացահայտվել է թանկարժեք մետաղյա զարդերի անօրինական ներմուծման 2 դեպք։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեից, մանրամասնելով, որ Վրաստանից Հայաստան ժամանած  ՀՀ քաղաքացի Ա.Հ.-ի վարած մարդատար ավտոմեքենայի նկատմամբ իրականացվող հսկողության ժամանակ Ա.Հ-ն մաքսային ծառայողներին հայտնել է, որ  հայտարարագրման ենթակա ապրանքներ չունի, սակայն մաքսային մարմնի ռիսկերի կառավարման ավտոմատ համակարգի ցուցումների համաձայն, մաքսային զննում իրականացնելու նպատակով՝ ավտոմեքենան ուղղորդվել է խորը զննման անգար, ինչի արդյունքում տրանսպորտային միջոցի  ետնամասի նստատեղի վրա դրված բաճկոնի գրպանից հայտնաբերվել է 2 պոլիէթիլենային թափանցիկ փաթեթ, որոնցում առկա են եղել ոսկյա զարդեր։ 

Այնուհետև, իրականացված անձի մաքսային զննման ընթացքում էլ քաղաքացու վերարկուի ծոցագրպաններից հայտնաբերվել է 4 պոլիեթիլենային թափանցիկ փաթեթ, որոնցում ևս առկա են եղել ոսկյա զարդեր։ Զարդերի ընդհանուր քաշը կազմել է 3 կգ 16 գրամ։ Մեկ այլ դեպքով էլ «Բագրատաշեն» մաքսային անցման կետ ժամանած  քաղաքացին  մաքսային ծառայողի հարցին՝ արդյոք իր մոտ ունի հայտարարագրման ենթակա ապրանք, բացասական պատասխան է տվել, սակայն մաքսային զննման արդյունքում քաղաքացու պայուսակի միջից հայտնաբերվել են շուրջ 1,5 կգ արծաթյա զարդեր։ 

Վերոնշյալ փաստերի առթիվ  կազմվել են մաքսային  կանոնների  խախտման վերաբերյալ  արձանագրություններ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316 հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման հատկանիշներով, իսկ մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ հանդիսացող ապրանքները վերցվել են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում