Քաղաքականություն

Ապաշրջափակման հարցով Ադրբեջանին փոխանցված առաջարկների ոգին բխում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծից. Խանդանյան

2 րոպեի ընթերցում

Ապաշրջափակման հարցով Ադրբեջանին փոխանցված առաջարկների ոգին բխում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծից. Խանդանյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով Հայաստանի կողմից Ադրբեջանին փոխանցված առաջարկների ոգին բխում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի սկզբունքներից և հայեցակարգից, որը Հայաստանի կառավարությունը ներկայացրել է վերջին տարիներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ 

«Չեմ կարող մանրամասնել, բայց ընդհանուր առմամբ այդ առաջարկների ոգին բխում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծից և այն պատկերացումներից, որը Հայաստանի կառավարությունը ներկայացրել է վերջին տարիներին։ Առաջարկների հիմքում այդ նույն սկզբունքներ են։ Այսինքն՝ ինքնիշխանությունը և իրավազորությունը»,- ասաց նա: 

Նա նշեց, որ Կազանում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ քննարկվել են որոշակի դետալներ, որից ենթադրվում է, որ կարող են լինել փոխընդունելի լուծումներ։

«Երբ արձագանքը ստանանք, հնարավոր է, դրանք ավելի նյութական դառնան»,- հավելեց նա։

Պատասխանելով հարցին՝ արդյոք ապաշրջափակման հարցը ներառված է խաղաղության պայմանագրի նախագծում, Խանդանյանը ասաց, որ ապաշրջափակման հատվածը խաղաղության պայմանագրից առանձնացվել է։ 

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը կրկին վերահաստատեց այն, որ Հայաստանի համար անընդունելի է արտատարածքային որևէ միջանցքի առկայությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 13-ին հայտարարեց, որ Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման հարցով իր առաջարկները, որոնք կարող են երկու կողմի համար էլ ընդունելի լինել։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում