ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սևանի կողակի վերականգնման առաջին քայլերն արված են. նախարար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունն ակտիվ աշխատանքներ է տանում Սևանա լճում եզակի և էնդեմիկ համարվող Սևանի կողակ ձկնատեսակի պոպուլյացիան վերականգնելու ուղղությամբ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման ու հրապարակած տեսանյութի միջոցով:

«Սևանի կողակը (Capoeta capoeta sevangi de Filippi, 1865) պատկանում է ծածանազգի ձկների ընտանիքին և հանդիսանում է Սևանա լճի էկոհամակարգի համար առանցքային դեր ունեցող ձկնատեսակ: Այս ձկնատեսակը ներկայումս գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում՝ որպես խոցելի ենթատեսակ: 

Սևանի կողակի պաշարների նվազման հիմնական պատճառները կապված են բնական վերարտադրության պայմանների վատթարացման, նոր տեսակների ներթափանցման և ձկնագողության հետ: Այնուամենայնիվ, Սևանի կողակի էկոլոգիական նշանակությունը Սևանա լճի էկոհամակարգում մեծ է, և դրա պաշարների ավելացումը կարող է դրական ազդեցություն ունենալ լճի էկոհամակարգի կայունության վրա՝ մասնավորապես մեղմացնելով լճի «ծաղկման», էվտրոֆացման գործընթացը»,- նշված է գրառման մեջ:

Սևանի կողակի պաշարների վերականգնման գործընթացի շրջանակում նախարարությունը նախատեսում է իրականացնել միջոցառումներ՝ ծավալելով մայրական կազմի հավաք և գենոֆոնդի ձևավորում՝ անազատ կամ կիսաազատ պայմաններում: 

«Այստեղ արդեն իսկ հաջողություն ենք գրանցել․ հավաքվել են Սևանի կողակի շուրջ 2000 ծնողական կազմի առանձնյակներ»,- գրել է նախարարը:

Շրջակա միջավայրի նախարարության միջնորդությամբ՝ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքում գտնվող «Սևանի իշխան» ՓԲԸ մանրաձկան աճեցման գործարանում իրականացվում են նաև կողակի վերարտադրությանը և պաշարների վերականգնմանն ուղղված այլ աշխատանքներ: 

Մասնավորապես, արդեն վերակառուցվել են 4 բացօթյա ավազաններ՝ ընդհանուր մակերեսով 600 մ²: 

Իրականացվել է Սևանի կողակի բնական լճակային համակարգում վերարտադրության փորձ, իսկ այժմ կատարվում են ինկուբացիոն համակարգերի ձեռքբերման և վերազինման աշխատանքներ, որոնք նախատեսվում է ավարտել 2025 թվականին, որից հետո կմեկնարկի այս ձկնատեսակի արհեստական վերարտադրության բուն գործընթացը:

Հայերեն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում