Բաքվում ընթացող COP-29-ը բոյկոտած էկոակտիվիստ Գրետա Թունբերգը ժամանել է Հայաստան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շվեդ Էկոակտիվիստ Գրետա Թունբերգը, որն ավելի վաղ հայտարարել էր Բաքվում ընթացող COP-29 համաժողովը բոյկոտելու մասին,  ժամանել է Հայաստան։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ հայտնել է Համայնքային մոբիլիզացիայի և աջակցության կենտրոնի նախագահ Օլեգ Դուլգարյանը։ 

«Մեծ պատասխանատվությամբ և բավականությամբ Հայաստան-Վրաստան սահմանին գործընկերների հետ դիմավորեցի շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգին, ով ժամանել է Հայաստան՝ բոյկոտելով Բաքվում անցկացվող  COP-29-ը։ Առաջիկա գործընթացների մասին շուտով», - իր գրառման մեջ նշել է Դուլգարյանը։

Մինչ Հայաստան ժամանելը Գրետա Թունբերգը բողոքի ցույց է կազմակերպել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում՝ ընդդեմ Բաքվում ընթացող COP-29 կլիմայական կոնֆերանսի։ Նա խստորեն քննադատել է Ադրբեջանում կլիմայի և մարդու իրավունքների վիճակը՝ հայտարարելով, որ այդ երկիրն օգտագործում է COP-29-ը որպես ճակատ՝ կեղծ «կանաչ» օրակարգի ներքո վերահսկողությունն ուժեղացնելու և իշխանությունն ամրացնելու համար՝ սրելով տարածաշրջանային լարվածությունը: 

Թունբերգը նաև խոսել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների, ինչպես նաև հայերի դեմ ռազմական հանցագործությունների մասին։ 

The Guardian-ի կողմից հրապարակված հոդվածում նա ընդգծել է, որ Իլհամ Ալիևի ռեժիմը ճնշումներ է գործադրում Ադրբեջանի քաղաքացիական հասարակության նկատմամբ։ Էկոակտիվիստը նաև նշել է Ադրբեջանի և Իսրայելի միջև կապերի մասին՝ մեղադրելով Ալիևին նավթի առևտրի և զենքի գործարքների միջոցով տարածաշրջանային հակամարտությունների սրման մեջ: 

Հայերեն العربية English Français Русский Türkçe 中文