«Հյուսիս-հարավ»-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում մեկնարկել է թունելների կառուցումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հյուսիս-հարավ»  Տրանշ 4-ի Քաջարան-Ագարակ  ճանապարհահատվածում հողային, Մեղրին շրջանցող տրանսպորտային հանգույցի բետոնացման ընթացիկ աշխատանքներից բացի, մեկնարկել են նաև նախատեսվող  թունելների կառուցման աշխատանքները։

Այս մասին շինհարթակում «Արմենպրես»-ին հայտնեց Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը։

«32 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածում պետք է կառուցվի 17 կամուրջ և 2 թունել՝ շուրջ 900 մետր երկարությամբ, ինչպես նաև 5 տրանսպորտային հանգույց»,-ասաց Բալյանը՝ հավելելով, որ ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում, որոշ տեղերում՝ նույնիսկ 24-ժամյա ռեժիմով։ 

Իրանական կազմակերպության կողմից իրականացվող շինարարության տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության ղեկավարի տեղակալ Գրիգորի Սարյանի խոսքով՝ շինարարներն արդեն բնականոն հուն են մտել՝ ըստ իրենց ներկայացրած գրաֆիկի աշխատելու համար։

«Ըստ գրաֆիկի՝ նրանք պետք է կատարեին աշխատանքների 10,8 տոկոսը, բայց կատարել են 10,06 տոկոսը, այնպես որ, գրեթե համաձայն գրաֆիկի են շարժվում»,-մանրամասնեց Սարյանը՝ հավելելով, որ ըստ պայմանագրի՝ ճանապարհահատվածի կառուցումը 3 տարում պիտի իրականացվի, սակայն չի բացառվում, որ ավելի վաղ ավարտեն։  

Կապալառու կազմակերպության ծրագրի տնօրենի տեղակալ Մոհամադ Ջավադ Տորբաթ Էսվահանին նշեց, որ շինարարական աշխատանքները կշարունակվեն նաև ձմռան ընթացքում։ 

«Ներկայում աշխատանքներ են իրականացվում  հյուսիսային հատվածում, իսկ եղանակի փոփոխությունից հետ կիջնենք հարավային մաս՝ Արաքսի ափ, և Մեղրի, որտեղ եղանակն ավելի տաք է»,-ասաց կապալառու ընկերության պատասխանատուն՝ հավաստելով, որ շինարարության ընթացքում խանգարող հանգամանքներ ի հայտ չեն եկել։

Նրա տեղեկատվությամբ՝ նախատեսվող 2 թունելներից մեկի մուտքային հատվածի շինաշխատանքներն արդեն իսկ մեկնարկել և ընթացքում են, իսկ երկրորդում փորման աշխատանքներ են կատարվում։  

Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի (Ագարակ-Վարդանիձոր-Քաջարանի նախատեսվող թունելի մուտք) կառուցումը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով: Նախատեսվում է կառուցել շուրջ 32 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատված (Ագարակ-Վարդանիձոր-Քաջարանի նախատեսվող թունելի մուտք): Կապալառուն իրանական երկու կազմակերպություններից բաղկացած  «Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana»-ն է։ Շինաշխատանքների իրականացման պայմանագիրը կնքվել է անցած տարվա հոկտեմբերին, իսկ դրանց մեկնարկը տրվել է 2024 թվականի սկզբին։ 

 

Հայերեն العربية Русский

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարն ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը

Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունը

Ուկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին

Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ

Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Փաստաթղթերի կեղծում» թեմայով մասնագիտական դասընթաց

Աբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիները

Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Վճռաբեկ դատարանը բեկանել է Դավիթ և Գոռ Համբարձումյաններին վերաբերող Վերաքննիչ դատարանի որոշումը

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-արշավը