Հայաստան

«Հյուսիս-հարավ»-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում մեկնարկել է թունելների կառուցումը

3 րոպեի ընթերցում

«Հյուսիս-հարավ»-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում մեկնարկել է թունելների կառուցումը

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հյուսիս-հարավ»  Տրանշ 4-ի Քաջարան-Ագարակ  ճանապարհահատվածում հողային, Մեղրին շրջանցող տրանսպորտային հանգույցի բետոնացման ընթացիկ աշխատանքներից բացի, մեկնարկել են նաև նախատեսվող  թունելների կառուցման աշխատանքները։

Այս մասին շինհարթակում «Արմենպրես»-ին հայտնեց Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը։

«32 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածում պետք է կառուցվի 17 կամուրջ և 2 թունել՝ շուրջ 900 մետր երկարությամբ, ինչպես նաև 5 տրանսպորտային հանգույց»,-ասաց Բալյանը՝ հավելելով, որ ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում, որոշ տեղերում՝ նույնիսկ 24-ժամյա ռեժիմով։ 

Իրանական կազմակերպության կողմից իրականացվող շինարարության տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության ղեկավարի տեղակալ Գրիգորի Սարյանի խոսքով՝ շինարարներն արդեն բնականոն հուն են մտել՝ ըստ իրենց ներկայացրած գրաֆիկի աշխատելու համար։

«Ըստ գրաֆիկի՝ նրանք պետք է կատարեին աշխատանքների 10,8 տոկոսը, բայց կատարել են 10,06 տոկոսը, այնպես որ, գրեթե համաձայն գրաֆիկի են շարժվում»,-մանրամասնեց Սարյանը՝ հավելելով, որ ըստ պայմանագրի՝ ճանապարհահատվածի կառուցումը 3 տարում պիտի իրականացվի, սակայն չի բացառվում, որ ավելի վաղ ավարտեն։  

Կապալառու կազմակերպության ծրագրի տնօրենի տեղակալ Մոհամադ Ջավադ Տորբաթ Էսվահանին նշեց, որ շինարարական աշխատանքները կշարունակվեն նաև ձմռան ընթացքում։ 

«Ներկայում աշխատանքներ են իրականացվում  հյուսիսային հատվածում, իսկ եղանակի փոփոխությունից հետ կիջնենք հարավային մաս՝ Արաքսի ափ, և Մեղրի, որտեղ եղանակն ավելի տաք է»,-ասաց կապալառու ընկերության պատասխանատուն՝ հավաստելով, որ շինարարության ընթացքում խանգարող հանգամանքներ ի հայտ չեն եկել։

Նրա տեղեկատվությամբ՝ նախատեսվող 2 թունելներից մեկի մուտքային հատվածի շինաշխատանքներն արդեն իսկ մեկնարկել և ընթացքում են, իսկ երկրորդում փորման աշխատանքներ են կատարվում։  

Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի (Ագարակ-Վարդանիձոր-Քաջարանի նախատեսվող թունելի մուտք) կառուցումը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով: Նախատեսվում է կառուցել շուրջ 32 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատված (Ագարակ-Վարդանիձոր-Քաջարանի նախատեսվող թունելի մուտք): Կապալառուն իրանական երկու կազմակերպություններից բաղկացած  «Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana»-ն է։ Շինաշխատանքների իրականացման պայմանագիրը կնքվել է անցած տարվա հոկտեմբերին, իսկ դրանց մեկնարկը տրվել է 2024 թվականի սկզբին։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում