Քաղաքականություն

Հաջողվել է արդյոք Ադրբեջանին ապահովել ցանկալի միջազգային մասնակցություն COP-29-ին. մանրամասնում է վերլուծաբանը

10 րոպեի ընթերցում

Հաջողվել է արդյոք Ադրբեջանին ապահովել ցանկալի միջազգային մասնակցություն COP-29-ին. մանրամասնում է վերլուծաբանը

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանը նպատակային բավականաչափ մեծ ջանքեր է ներդրել և հաստատակամորեն գնում է COP-29-ի անխափան անցկացմանը՝ ձգտելով ապահովել հնարավորինս մեծ միջազգային մասնակցություն այդ միջոցառմանը, ինչը քարոզչական համատեքստում օգտագործվելու է մի քանի նպատակով։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց քաղաքական վերլուծաբան Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով Բաքվում այս օրերին ընթացող COP-29 համաժողովին։  

«Նպատակներից առաջինն ու ամենախորքայինն այն է, որ Բաքուն փորձում է հակադարձել կանաչ էներգիայի ջատագովներին, ովքեր թերահավատորեն են վերաբերվում Ադրբեջանին, մի երկրի, որի արտահանման ավելի քան 90 տոկոսը կազմում են նավթը և գազը: Եվ, ըստ այդմ, կասկածի տակ էր առնվում այդ երկրում նման համաժողով անցկացնելու հանգամանքը, այսինքն՝ առաջնային նպատակն այդ թեզի չեզոքացումն էր։ Երկրորդ կարևոր նպատակն Ադրբեջանում այս միջոցառման անցկացմանն ընդառաջ հատկապես տարբեր մարդասիրական ու իրավապաշտպան կազմակերպությունների կողմից իրականացվող արշավին հակազդելն էր, քանզի նրանք պնդում են, որ Ադրբեջանը, լինելով բացահայտ ոչ ժողովրդավարական երկիր, որտեղ մարդու իրավունքները որևէ կերպ չեն պաշտպանվում, արժանի չէ իր մոտ անցկացնել նման մասշտաբի գլոբալ համաժողով։ Ի դեպ, մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում նշվում է նաև հայ ռազմագերիների ու պահվող անձանց շարունակվող ազատազրկման  և գերեվարման հանգամանքը։ Ջանքերի մի ահռելի հատվածն էլ ուղղված էր այդ կառույցների դիրքորոշումներին հակազդելուն»,- ասաց Պետրոսյանը։

Նրա դիտարկմամբ՝ երրորդ նպատակն Ադրբեջանի կողմից նման միջոցառման անցկացման շնորհիվ մեկ տարի առաջ Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումը մարսելու հնարավորությունն է։

«Ադրբեջանն անցյալ տարեվերջին գնաց հայկական կողմի հետ գործարքի՝ փաստացի համաձայնելով ազատ արձակել ավելի քան երեք տասնյակ մեր հայրենակիցներին, որպեսզի Հայաստանի կողմից ստանար տվյալ միջոցառումը Բաքվում անցկացնելու աջակցությունը։ Ադրբեջանական կողմը, հատկապես Արևմտյան երկրների ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու միջոցով փորձում է լուծել նաև իր համար այդ խնդիրը, այսինքն՝ ցույց տալ, որ տարբեր միջազգային հարթակներում լրատվամիջոցների, իրավապաշտպանների և այլ գործիչների պնդումները, որ Լեռնային Ղարաբաղում իրականացվել է էթնիկ զտում, ընդամենը հակաադրբեջանական քարոզչական մասնավոր թեզեր են, և միջազգային հանրությունը որևէ կերպ և, ընդհանուր առմամբ, այդ խնդրի վերաբերյալ դիրքորոշում չունի։ Դրանով է պայմանավորված, որ անցած ամբողջ տարվա ընթացքում Ադրբեջանն առավելագույն ջանքեր էր գործադրում միջազգային հանրության բոլոր սեգմենտների ներկայացուցիչների, առանձին երկրների ղեկավարների կամ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ նման միջոցառում անցկացնել»,- պարզաբանեց վերլուծաբանը։

Պետրոսյանի համոզմամբ՝ առաջիկա օրերին Ադրբեջանը փորձելու է իր քարոզչական թեզերը տարբեր շերտերով հասցնել թե՛ միջոցառման մասնակիցներին, թե՛ ընդհանրապես տեղական, տարածաշրջանային ու միջազգային ԶԼՄ-ներին։ Անդրադառնալով այն հարցին, որ մի քանի առաջատար երկրների ղեկավարներ, այնուամենայնիվ, չեղարկել են իրենց այցերը Բաքու, վերլուծաբանն ընդգծեց, որ դժվար թե Ադրբեջանի շահերից բխեր, օրինակ, Ռուսաստանի կամ Իրանի նախագահների այցը Բաքու։  

«COP29-ի հետ կապված Ադրբեջանի հիմնական ուղերձները բնավ էլ Ռուսաստանին կամ Իրանին ուղղված չեն, այլ հավաքական Արևմուտքին։ Գոնե քարոզչական մակարդակում Ադրբեջանին շատ ավելի ձեռնտու է Պուտինի չմասնակցելը, որովհետև այն դեպքում, երբ Արևմուտքն այսօր ՌԴ-ի հետ ունի չափազանց լարված հարաբերություններ, վստահաբար Ռուսաստանի նախագահի մասնակցությունը բացասաբար էր անդրադառնալու արևմտյան ուղղությամբ իրականացվող քարոզչական քաղաքականության վրա։ Նույնը վստահաբար կարելի է ասել Իրանի նախագահի պարագայում։ Վերոհիշյալ գործիչների չմասնակցելու հանգամանքն ավելի շատ բխում է Ադրբեջանի շահերից։ Դրան հակառակ՝ ադրբեջանական կողմը փորձել է առավելագույնս ապահովել արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությունը։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, սկանդինավյան երկրների պարագայում Բաքուն գրանցել է հաջողություն՝ չնայած այն հանգամանքին, որ հատկապես սկանդինավյան երկրներում շատ հաճախ է եղել հակաադրբեջանական նպատակային քարոզարշավ՝ պայմանավորված Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրներով»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։ 

Նրա դիտարկմամբ՝ ավելի լուրջ խնդիր էր Գերմանիայի կանցլերի մասնակցության չեղարկումը՝ հաշվի առնելով այդ երկրի կշիռը ԵՄ-ում և հասկանալով այն հանգամանքը, որ, այնուամենայնիվ, նրա այցը կարող էր դիտվել որպես հակակշիռ Բաքվում նման միջոցառում չանցկացնելու դիրքորոշում արտահայտած Ֆրանսիային։  

Անդրադառնալով COP29-ին Հայաստանի մասնակցելու կամ չմասնակցելու հարցին, Պետրոսյանը վկայակոչեց ՀՀ փոխարտգործնախարարին, ով նախօրեին հայտարարել էր, որ Հայաստանի մասնակցության մասով դեռևս վերջնական որոշում չի կայացվել։ 

«Համաժողովը տևելու է 10 օր։ Դա նշանակում է, որ կան ստվերային բանակցություններ, այսինքն՝ հայկական կողմն այդ միջոցառմանը մասնակցելու դիմաց փորձելու է Ադրբեջանից ինչ-որ բան ստանալ, որովհետև PR-ի տեսանկյունից մեծագույն ձեռքբերում կլինի հայկական կողմի մասնակցությունն այդ միջոցառմանը, առավել ևս, որ Ադրբեջանն իր հստակ հակահայկական վարքագիծն ու Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումը մարսելու խնդիր է հետապնդում։ Եթե հայկական կողմից լինի մասնակցություն, ապա դա կնշանակի, որ էթնիկ զտման մասին պարբերաբար հնչող խոսույթը, որը շրջանառվում է հատկապես Արևմուտքում, ընդամենը մասնավոր հակաադրբեջանական քարոզչական և քաղաքական թեզ է։ Հենց այդ պատճառով է, որ Ադրբեջանը ցանկանում է, որ ապահովվի նաև հայկական կողմի ներկայությունը։ Ընդ որում՝ Արևմուտքի հիմնական ջանքերը ներդրվում էին երկու ուղղությամբ։ Մեկն այն է, որ մինչև միջոցառումը որևէ փաստաթուղթ ստորագրվեր Ադրբեջանի ու Հայաստանի միջև, ինչը տեղի չունեցավ։ Երկրորդն այն է, որ գոնե տվյալ միջոցառման անցկացման արդյունքում Ադրբեջանում ազատ արձակվեն հայ ռազմագերիներն ու պահվող անձինք, եթե ոչ բոլորը, գոնե մի մասը»,- մանրամասնեց վերլուծաբանը։ 

Պետրոսյանի դիտարկմամբ՝ քանի դեռ նշված երկու ուղղություններով պայմանավորվածություններ չկան, բնականաբար հայկական կողմն էլ համաժողովին մասնակցու մասով վերջնական պատասխան չի տալիս։ 

Վերլուծաբանը կարծում է, որ Հայաստանը կարող է COP-29 համաժողովին մասնակցելու որոշում կայացնել, եթե պայմանավորվածություն լինի Ադրբեջանում պահվող հայ գերիներից գոնե ոմանց ազատ արձակելու վերաբերյալ։ Նրա խոսքով՝ այդ եղանակով  Հայաստանը կհակազդի նաև ադրբեջանական քարոզչությանը, որովհետև հենց այնպես մասնակցելու պարագայում Բաքուն շատ հաջողությամբ կներկայացներ, որ հայկական կողմի հետ գնում է խաղաղության, իսկ Ադրբեջանին ուղղված բոլոր միջազգային քննադատությունները կհամարվեին ուղղակի մասնավոր քարոզչական իրողություններ։ 

Պետրոսյանի պնդմամբ՝ հայկական կողմի մասնակցություն կարող է լինել միայն գործարքի արդյունքում և հայկական կողմի առջև դրված խնդիրների լուծման պարագայում, ճիշտ այնպես, ինչպես եղավ COP29-ը Բաքվում անցկացնելու որոշմանն աջակցելու ժամանակ։          

Ադրբեջանում մեկնարկել է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովը՝ COP29-ը։

ՄԱԿ-ի միջոցառումը Բաքվում անցկացնելու որոշումը կայացվեց 2023-ի դեկտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական լայնածավալ հարձակումից և ԼՂ-ի հայաթափումից ընդամենը երեք ամիս անց։ Որոշումն ընդունվեց այդ թվում պաշտոնական Երևանի աջակցության շնորհիվ, ինչի դիմաց Բաքուն համաձայնեց ազատ արձակել 32 հայ ռազմագերիների։ 

COP միջոցառումների ընթացքում համաշխարհային առաջնորդները հավաքվում են՝ քննարկելու կլիմայի փոփոխության դեմ պայքարի լավագույն լուծումները: Ներկայումս Կոնվենցիան ունի 198 կողմ՝ 197 երկիր և Եվրամիությունը: Նախատեսվում էր, որ մինչև նոյեմբերի 22-ը շարունակվող COP29-ին կմասնակցեն ավելի քան 100 պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, փոխնախագահներ։

Սակայն աշխարհի մի շարք առաջնորդներ ու պետական պաշտոնյաներ արդեն հայտարարել են, որ չեն մեկնելու Բաքու, այդ թվում՝ Ռուսաստանի, Իրանի, Ֆրանսիայի, Բրազիլիայի նախագահները, Գերմանիայի կանցլերը, Կանադայի վարչապետը, Եվրահանձնաժողովի նախագահը։    

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում