Քաղաքականություն

«Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցն ապացուցում է Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումները հայ բնակչության նկատմամբ

12 րոպեի ընթերցում

«Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցն ապացուցում է Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումները հայ բնակչության նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցում փորձ է արվել վկայությունների, հարցազրույցների, բաց աղբյուրների, փաստահավաք աշխատանքի միջոցով ապացուցել և հիմնավորել նախորդ 4 տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված թիրախային ու համակարգված քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ։ Բաքվի գործողությունները եղել են ծրագրված և համակարգված՝ նպատակ ունենալով անհնարին դարձնել էթնիկ հայերի բնակությունը ԼՂ-ում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ինչո՞ւ ԼՂ-ում հայեր չկան» փաստահավաք զեկույցը ներկայացնող մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեցին դրա հեղինակ կազմակերպությունների ներկայացուցիչները՝ ներկայացնելով փաստահավաք աշխատանքի ընթացքը, իրականացված ուսումնասիրություններն, ինչպես նաև զեկույցի նշանակությունը։ 

Հայաստանում Freedom House կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանն իր խոսքում նշեց, որ նախորդ 4 տարիները՝ 2020-2024 թվականները և մասնավորապես 2023 թվականի սեպտեմբերը վստահաբար փոխել են ինչպես Հայաստանի հայերին, այնպես էլ հենց Լեռնային Ղարաբաղում նախկինում բնակվող հայ ժողովրդին։ 

«Ես գիտեմ, թե քանի քանիսն են տասնյակ տարիներ աշխատել, որպեսզի Լեռնային Ղարաբաղում հայերը կարողանան ապրել հնարավորինս արժանապատիվ կյանքով։ Freedom House-ը՝ որպես մեկն այն կազմակերպություններից, որը զբաղվում է մարդու իրավունքների տարածմամբ ու պաշտպանությամբ, մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և ազատությունների պաշտպանությունը։ Սա եղել է ամենատարբեր ձևերով՝ հնարավորինս օգտագործելով առկա բոլոր ռեսուրսները։ Դա այդպես է, քանի որ մենք ունենք համոզվածություն՝ յուրաքանչյուրն իրավունք ունի ապրելու արժանապատիվ կյանքով, որտեղ պաշտպանված են իր հիմնարար իրավունքներն ու ազատությունները։ Ցավոք, այսօր, երբ 2024 թվականին աշխարհի տարբեր անկյուններում միլիոնավոր մարդիկ պատերազմների, էթնիկ զտումների զոհ են դառնում, մարդու իրավունքների պաշտպանության մասին խոսքերը կարող են հետաքրքիր չթվալ», - նշեց Շիրինյանը՝ հավելելով, որ մարդկությունն օրեցօր տեսնում է, թե ինչպես են աշխարհի ավելի մեծ ռեսուրսներ ունեցող սուբյեկտները ճնշում, հարստահարում, ամենատարբեր ձևերով մարդու իրավունքների նկատմամբ հանցագործություններ իրականացնում իրենցից ավելի թույլ այլ երկրների ու ժողովուրդների նկատմամբ։ 

Նա համոզմունք հայտնեց, որ այն ճգնաժամը, որում մարդկությունն այսօր գտնվում է, Լեռնային Ղարաբաղի հայերի տեղահանությունը, մարդու իրավունքների փաստագրված խախտումներն ու հանցագործությունները պետք  է ստիպեն մարդկությանն ավելի մեծ թափով խոսել բոլոր այդ խմբերի իրավունքների պաշտպանության մասին։   

«Ես կարծում եմ, որ այս ճգնաժամերը, որում մենք գտնվում ենք, պետք է հնարավորություն դառնան՝ փոխելու այն համակարգերը, որոնք հնացած են ու չեն աշխատում։ Դրանք մարտահրավեր են մարդու իրավունքներով զբաղվող համայնքի համար», - ասաց նա։

Շիրինյանը հավելեց, որ զեկույցում փորձ է արվել վկայությունների, բաց աղբյուրների, փաստահավաք աշխատանքի միջոցով գտնել մի շարք հարցերի պատասխաններ։ Անդրանիկ Շիրինյանի խոսքով՝ զեկույցի վրա աշխատող կազմակերպությունները փաստագրել են նախորդ 4 տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված թիրախավորված և համակարգված քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ։

«Այս զեկույցն ամփոփում է սպառնալիքների, հարձակումների քաղաքականությունը, հիմնական իրավունքների զրկումն ու վերջապես 2023 սեպտեմբերի հարկադիր տեղահանությունը։ Այս գործողությունները ոչ թե պատահական կամ չնախատեսված հետևանքներ են, այլ միտումնավոր, ծրագրված և համակարգված ռազմավարության արդյունք, որի նպատակն էր անհնարին դարձնել էթնիկ հայերի ապրելը ԼՂ-ում», - ասաց Հայաստանում Freedom House կազմակերպության ներկայացուցիչը։

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի հետազոտությունների և ջատագովության պատասխանատու Ալեն Շադունցը, խոսելով զեկույցի պատրաստման վրա իրականացված աշխատանքների մասին, ընդգծեց, որ նմանատիպ զեկույց ունենալը շատ կարևոր է հետագայի համար։ 

«Մենք փորձել ենք միջազգայնորեն ընդունելի փաստահավաք աշխատանքի ստանդարտների հիման վրա և համապարփակ ձևով պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան, դուրս բերել վերջին 4 տարիների ընթացքում ի հայտ եկած այն միտումներն ու օրինաչափությունները, որոնց համադրությունը մեզ կկարողանա ցույց տալ՝ արդյոք այս զարգացումների հետևում կա դիտավորություն։ Այն ամենը, ինչ մենք ուսումնասիրում են՝ կանխատեսված քաղաքականության հետևանք է։ Ես կարծում եմ, որ մենք այս զեկույցի շրջանակներում հաջողել ենք ցույց տալ այդ ամենը և դրան տվել ենք իրավական գնահատական՝ միջազգային իրավունքի առկա նորմատիվ շրջանակներում», - նշեց Շադունցը։ 

Անդրադառնալով զեկույցի կազմման մեթոդաբանությանը՝ Ալեն Շադունցը նշեց․ «Հասկանալու համար, թե իրականում ինչ է կատարվել Լեռնային Ղարաբաղում, առաջին հերթին կարևոր է եղել հենց այնտեղից բռնի տեղահանված մարդկանց հետ խոսելը։ Դրա համար մենք իրականացրել ենք 330-ից ավելի հարցազրույցներ, որպեսզի ցույց տանք, թե մարդիկ ինչերի միջով են անցել»։

Նրա դիտարկմամբ՝ այդ բոլոր հարցազրույցներից հետո պարզ է դարձել, որ մարդկանց պատմածները հիմնականում համահունչ են և նույնական, քանի որ այլ նոր տեղեկատվություն չեն պարունակել, ինչը նշանակում է, որ այդ քանակությամբ հարցազրույցներն արդեն իսկ բավարար են, որպեսզի ի հայտ գա հավաստի հիմքերի վրա կառուցված ընդհանուր պատկեր։  

«Բացի հարցազրույցներից, նաև իրականացրել ենք բաց աղբյուրների տվյալների հավաքագրում, որոնք էլ համադրել ենք արբանյակից ստացված լուսանկարների հետ։ Սրա հետ մեկտեղ, մենք նաև հետևել ենք ադրբեջանական կողմի հռետորաբանությանը, որպեսզի ցույց տանք, թե տեղում իրականացվող քաղաքականությունն ինչպես է համադրվում ատելության խոսքի հետ», - նշեց Շադունցը՝ նկատելով, որ փաստահավաք աշխատանքը չի ավարտվել ԼՂ-ի հայերի տեղահանումից հետո, քանի որ գործողությունները, որոնք կատարվել են 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից հետո, գալիս են վերահաստատելու, որ Ադրբեջանի կողմից իրականացված քայլերն ունեցել են հստակ դիտավորություն։

Ամփոփելով միտքը՝ Ալեն Շադունցը նշեց, որ փաստահավաք աշխատանքի իրականացման ընթացքում ուսումնասիրողներն ու զեկույցի հեղինակները տեսել են երեք հիմնական բան՝ ահաբեկում, մեկուսացում և բռնություն, որը 4 տարիների ընթացքում գնալով ավելի է ինտենսիվացել՝ հանգեցնելով Լեռնային Ղարաբաղում արժանապատիվ կյանքով ապրելն անհնարին դարձնելուն։ 

«Այս ամենը հաշվի առնելով՝ մենք արդեն տվել ենք իրավական գնահատական, որ Արցախում տեղի է ունեցել էթնիկ զտում», - եզրափակեց բանախոսը։ 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ծրագրերի ղեկավար Վարդինե Գրիգորյանն իր հերթին ներկայացրեց, թե ադրբեջանական իշխանությունները մի քանի տարվա ընթացքում ինչ գործողություններ են իրականացրել, որպեսզի ԼՂ-ի հայ բնակչության կյանքն անհնար դառնա։

«Զեկույցը կհետաքրքրի ոչ միայն միջազգային հանրությանն, այլև հայ հասարակությանը, որովհետև կարծում եմ, որ զեկույցը ներառում է այն իրական մարդկանց ապրումները, որոնք իրենց մաշկի վրա են զգացել տեղի ունեցածը։ Ուզում եմ, որ այս ժամանակահատվածին նայենք որպես երևույթ, որն ուղղակիորեն կապված է ընդհանուր էթնիկ զտման գործընթացի հետ, այսինքն՝ Ադրբեջանի քաղաքականությունը շատ հստակ էր, շատ համակարգված՝ անհնարին դարձնելու արցախահայության բնակությունն Արցախում», - ասաց Վարդինե Գրիգորյանը։

Նա նկատեց, որ Ադրբեջանի կողմից իրականացված այդ գործողությունները կատարվել են ոչ միայն ԼՂ-ի բլոկադայի ընթացքում, այլև դրան նախորդող շրջանում՝ խոչընդոտելով հայ բնակչությանը զբաղվել նույնիսկ հասարակ այգեգործությամբ, այդ շրջանում ևս կատարելով տարբեր տեսակի հանցագործություններ և փաստացի ամենօրյա ռեժիմով ահաբեկելով հասարակ բնակչությանը։ 

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի իրավաբան Սերգեյ Գրիգորյանը ներկայացրեց արդեն Լեռնային Ղարաբաղում շուրջ 9 ամիս տևած բլոկադայի ընթացքն ու դրա հետևանքով ստեղծված ծանր իրադրությունը բնակչության շրջանում։ 

«Փաստահավաք զեկույցը բացահայտել է, որ Ադրբեջանի գործողություններն ուղղված էին Լեռնային Ղարաբաղի հայաթափմանը։ Այդ գործողություններն ուղղված էին նաև էթնիկ և պատմական հետքի վերացմանը։ Շրջափակումն Ադրբեջանի կառավարության էթնիկ զտման քաղաքականության բաղադրիչներից միայն մեկն էր, որը զուգորդված էր նաև այլ գործողություններով», - ասաց Գրիգորյանը։

Նա հավելեց, որ փաստահավաք զեկույցն իր մեջ պարունակում է միջազգային հանրության՝ մասնավորապես ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումները, որոնք, սակայն, Ադրբեջանի իշխանությունները թողել են անկատար։ 

Փաստահավաք զեկույցի կազմման աշխատանքներին մասնակցած «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը ևս ներկայացրեց այն բոլոր գործողությունները, որոնք Բաքվի կողմից իրագործվել են՝ նպատակ ունենալով Լեռնային Ղարաբաղի բնակչության համար ստեղծել այնպիսի պայմաններ, որոնցում ապրելը պարզապես անհնար կլիներ։ 

«Մենք փորձել ենք օբյեկտիվորեն ներկայացնել մարդկանց պատմությունները, որոնք վերապրել են այդ ամենը», - ասաց Արաքս Մելքոնյանը՝ մանրամասնելով, որ 2023 թվականի հատկապես օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը շուրջ 9 ամիս տևած շրջափակման հետևանքով գտնվել է շատ ծանր պայմաններում, որն օգտագործելով էլ Ադրբեջանը սեպտեմբերի 19-20-ն իրականացրել է ռազմական ագրեսիա ԼՂ-ի դեմ։

Նրա դիտարկմամբ՝ զեկույցի տվյալները ցույց են տալիս, որ մարտական այդ գործողությունների ընթացքում ադրբեջանական ուժերը թիրախավորել են նաև քաղաքացիական օբյեկտները՝ հարձակվելով բնակավայրերի վրա բոլոր կողմերից։  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում