Համայնքներում տեղի ունեցող փոփոխությունների կարևորագույն բաղադրիչներից մեկն ապակենտրոնացման գործընթացն է․ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր համարեց տեղական ինքնակառավարման մարմիններում բարեփոխումների օրակարգի շարունակականության ապահովումը՝ սոցիալ-հոգեբանության իմաստով։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 28-ամյակին նվիրված միջոցառմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ քաղաքացիները պետք է ճանաչեն այն մեխանիզմները, որոնց միջոցով տեղի են ունենում կամ տեղի չեն ունենում այն փոփոխությունները, որոնք նրանք ակնկալում են։ 

Վարչապետը շեշտեց, որ համայնքը և պետությունը պետք է գործեն կոլեկտիվ ջանքերի հիման վրա՝ բարելավելու բնակիչների կյանքը։

Փաշինյանի խոսքով՝ համայնքներում տեղի ունեցող փոփոխությունների կարևորագույն բաղադրիչներից մեկն ապակենտրոնացման գործընթացն է։ 

«Քաղաքական իմաստով պետք է արձանագրել, որ ամենակարևոր կայացրած որոշումներից է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համամասնական անցկացումը։ Կարևոր է նաև այն, որ  դե-ֆակտո ընտրությունները չեն կեղծվում, և քաղաքացիները ոչ միայն դե-յուրե, այլ նաև դե-ֆակտո ընտրում են իրենց համայնքապետին և ավագանին»,- ասաց Փաշինյանը։ 

Վարչապետն ուշադրության հրավիրեց այն փաստի վրա, որ տեղի է ունեցել ոչ միայն ՏԻՄ-երի լիազորությունների, այլ նաև պարտականությունների և պատասխանատվության ապակենտրոնացում։ 

«Ստացվում է այնպես, որ կառավարությունը, ունենալով քաղաքական կամք, լիազորություններն ապակենտրոնացնում է, բայց բոլորը մոռանում են, որ պատասխանատվությունն էլ է ապակենտրոնացվում։ Ստացվում է, որ կառավարությունը շարունակում է ստանալ պահանջներ, քննադատություններ, ակնկալիքներ  պատասխանատվության մասով, սակայն այդ լիազորություններն այլևս կառավարության լիազորությունները չեն»,- հավելեց նա։

Փաշինյանը պատմեց, որ մարզային հանդիպումների ժամանակ նա հաճախ է լսում բոցաշունչ ելույթներ, որտեղ կառավարությանն են մեղադրում տարբեր խնդիրների լուծման համար, սակայն երբ հարցնում են, թե որտեղ են գործում այդ մարդիկ, հաճախ պատասխանը լսվում է՝ «ավագանու անդամ ենք», ինչի արդյունքում վարչապետը փաստում է, որ դա հենց նրանց լիազորությունների հարցն է։ 

«Շատ կարևոր է, որ այդ լիազորությունների հետ նաև պարտականությունների և պատասխանատվության ապակենտրոնացում տեղի ունենա»,-եզրափակեց Փաշինյանը։

Հայերեն English