Առաջարկվում է նվազեցնել բարձր տեխնոլոգիական ընկերությունների շրջհարկն ու ամրագրել մի շարք արտոնություններ
7 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունները կստանան պետական աջակցություն ու կօգտվեն հարկային որոշ արտոնություններից. աջակցության տրամադրումն առաջարկվում է ամրագրել օրենքով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագծով նախատեսվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում ընդգրկված կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին տրամադրել պետական աջակցություն մի շարք ուղղություններով: Մասնավորապես՝ նախատեսվում է արտոնություններ տրամադրել աշխատանքային միգրանտների ներգրավման համար, որոնք իրականացնում են մասնագիտական աշխատանք և համարվում են տվյալ տնտեսավարող սուբյեկտի վարձու աշխատողները: Ընդ որում՝ պետական աջակցությունը տնտեսավարող սուբյեկտին կտրամադրվի աշխատանքային միգրանտի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 50 տոկոսի չափով:
Պետական աջակցության երկրորդ ուղղությունը նոր աշխատողների ներգրավման համար է: Մասնավորապես՝ նոր աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 100 տոկոսի չափով, եթե տնտեսավարող սուբյեկտի բոլոր վարձու աշխատողների եռամսյակային միջին քանակը չի գերազանցում 30-ը: Նոր աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 50 տոկոսի չափով, եթե բոլոր վարձու աշխատողների եռամսյակային միջին քանակը 31 և ավելի է:
«Նոր աշխատողների մասով պետական աջակցությունը տրամադրվում է վարձու աշխատողի՝ առաջին աշխատանքի անցնելու պահից երեք օրացուցային տարիների համար»,–ասաց նախարարը:
Պետական աջակցություն տրամադրվում է նաև տնտեսավարող սուբյեկտի մասնագիտական աշխատանք կատարող կադրերի պատրաստման և վերապատրաստման գծով կատարված կրթական ծախսերի փոխհատուցման նպատակով: Օրինակ՝ աջակցություն տրամադրվում է տնտեսավարող սուբյեկտի մասնագիտական աշխատանք կատարող վարձու աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 50 տոկոսի չափով, եթե կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ վարձու աշխատողների եռամսյակային միջին քանակը չի գերազանցում 30-ը: Այս դեպքում (մինչև 30 աշխատակից ունեցող փոքր կազմակերպության դեպքում) առաջարկվում է նաև փոխհատուցել կադրերի պատրաստման և վերապատրաստման նպատակով տնտեսավարող սուբյեկտի կողմից կատարված գործուղման ծախսերը: Ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտի մասնագիտական աշխատանք կատարող վարձու աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 25 տոկոսի չափով, եթե վարձու աշխատողների եռամսյակային միջին քանակը 31 և ավելի է։
«Նախագծերով նախատեսված աջակցությունները տրամադրվելու են հարկման ընդհանուր համակարգում և շրջանառության հարկի համակարգում գործող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2032 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածի համար»,–ասաց Հայրապետյանը:
Ինչ վերաբերում է նախագծերի փաթեթով նախատեսվող հարկային արտոնություններին, ապա նախարարն ասաց, որ առաջին ուղղությամբ առաջարկվում են հետևյալ հարկային արտոնությունները. «Առաջին՝ շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցում 2.5 անգամ՝ 5 տոկոսի փոխարեն սահմանելով 2 տոկոս, երկրորդ՝ մասնագիտական աշխատանք կատարող անձնակազմին վճարվող աշխատավարձի 200 տոկոսի չափով շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամուտը հավելյալ նվազեցնելու հնարավորության նախատեսում, բայց ոչ ավելի, քան հաշվարկված հարկման բազայի 50 տոկոսը: Երրորդ՝ հարկային տարվա ընթացքում մինչև 30 (ներառյալ) աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարագրած տնտեսավարող սուբյեկտների ստացած նպատակային դրամական միջոցների շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամուտ ճանաչելու կանոնների վերանայում, այն տրամաբանությամբ, որ այդ դրամական միջոցները եկամուտ ճանաչվեն ոչ թե այն հարկային տարվա ընթացքում, որում ստացվել են, այլ այն հարկային տարվա ընթացքում, որում այդ դրամական միջոցները կամ այդ դրամական միջոցներով ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվները ճանաչվում են որպես ծախս կամ կորուստ»:
Աջակցության այլ ուղղություններ և նախատեսվում են: Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջանցիկ զարգացման, ինչպես նաև գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար ձևավորել նպաստավոր պայմաններ:
«Առաջարկվում է երկարաժամկետ կարգավորում, որոնք թե՛ լոկալ ընկերությունների, թե՛ Հայաստանում գործող վերազգային ընկերությունների, ինչպես նաև ապագայում Հայաստան տեղափոխվելիք մի շարք ընկերությունների համար կանխատեսելիություն են ապահովում առաջիկա 7 տարիների համար»,–ասաց Հայրապետյանը:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը նշեց, որ այժմ էլ մինչև 30 աշխատող ունեցող ընկերությունների համար որոշակի հարկային արտոնություններ են սահմանված: Այդ արտոնությունների ժամկետը լրանում է այս տարվա վերջին: «Իսկ 30-ից ավելի աշխատակից ունեցող ընկերությունների դեպքում ունեցել ենք աջակցության ծրագրեր, որոնք ժամանակին քննարկվել են, մի մասը գոհ է մնացել, մի մասը՝ դժգոհ: Հիմա կառավարությունը ցանկանում է ավելի ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել ու ընդհանուր տրամաբանությունը փոխել: Աջակցությունը, որը կառավարության առանձին որոշումներով էր, հիմա կլինի օրենքի տրամաբանությամբ, և չափանիշներն օրենքով հստակ սահմանված կլինեն: Աջակցությունը տրամադրվելու է ոչ թե աշխատողներին, այլ տվյալ ընկերություններին, որովհետև նպատակը ոլորտի ընկերությունների զարգացումն է»,-ասաց պատգամավորը: