Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունները հայտարարել են ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի դեմ Իրանի կողմից պատվիրված մահափորձը կանխելու մասին։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի տարածած հաղորդագրության համաձայն՝ մեղադրանքներ են առաջադրել Իրանից Ֆարհադ Շաքերիին, Բրուքլինից Կարլայլ Ռիվերային և Նյու Յորքից  Ջոնաթան Լոուդհոլթին՝  Նյու Յորքում իրանական ծագմամբ ԱՄՆ քաղաքացու սպանության փորձին նրանց ենթադրյալ մասնակցության համար։ Շաքերին մեղադրվում է նաև ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ։  

Նշվում է, որ Ռիվերան և Լոուդհոլթը ձերբակալվել են, իսկ Շաքերին ազատության մեջ է, քանի որ, ենթադրաբար, նա գտնվում է Իրանում։ 

ԱՄՆ գլխավոր դատախազ Մերիք Գարլենդը հայտարարել է, որ արդարադատության դեպարտամենտը մեղադրանք է առաջադրել իրանական գործակալին, որը հանցավոր խումբ ղեկավարելու հանձնարարություն է ստացել ՝ Իրանի պլաններին աջակցելու և նրա թիրախներին սպանելու համար, այդ թվում՝ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին։ 

«Մենք նաև մեղադրանք ենք առաջադրել ու ձերբակալել ենք երկու անձի, որոնք, որպես այս խմբի մաս, հավաքագրվել են, որպեսզի ԱՄՆ-ի տարածքում սպանեն ամերիկացի լրագրողի, որը խիստ քննադատել է Իրանի ռեժիմին»,- ասել է Գարլենդը։ 

Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քրիստոֆեր Ռեյը հայտարարել է, որ առաջադրված մեղադրանքները բացահայտում են ԱՄՆ քաղաքացիներին, այդ թվում՝ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին, Իրանի ռեժիմին քննադատող կառավարության այլ ներկայացուցիչներին և այլախոհներին հետապնդելու՝ Իրանի ռեժիմի փորձերը։ «Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հանցավոր համաձայնության մեջ է մտել հանցագործների և մարդասպանների հետ, որպեսզի ԱՄՆ-ի տարածքում հետապնդի և գնդակահարի ամերիկացիներին, ինչը պարզապես անընդունելի է։ Հետաքննությունների դաշնային բյուրոյի համառ աշխատանքի շնորհիվ մահաբեր սխեմաները խաթարվել են»,- ասել է ՀԴԲ-ի ղեկավարը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում