ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը ՀՀ-ի առջև կբացի ավելի հեռուն գնացող հեռանկարներ․ քաղաքագետ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունն ինքնին շատ կարևոր գործընթաց է, որը մեկնարկել է Երևանի և Բրյուսելի միջև․ ներկայում կողմերը մի շրջափուլում են, որ պետք է մշակվի կոնկրետ գործողությունների ծրագիր, որպեսզի գործընթացը քայլ առ քայլ իրականացվի, և Հայաստանը վերածվի մի երկրի, որն ամբողջությամբ պատրաստ է առանց վիզաների ընթացակարգի հաղորդակցվել ԵՄ-ի հետ։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին։   

«Դա ենթադրում է ծավալուն բարեփոխումների աշխատանք, որը ոչ միայն վիզաների ազատականացման վրա կունենա ազդեցություն, այլև շատ ավելի հեռուն գնացող հեռանկարներ կբացի ու դրականորեն կանդրադառնա թե՛ Հայաստան պետության, թե՛ նրա քաղաքացիների վրա, ովքեր ԵՄ անդամ ցանկացած երկրի հետ կունենան ազատ հաղորդակցության հնարավորություն»,- ասաց Մեհրաբյանը։ 

Անդրադառնալով հնարավոր ռիսկերին, մասնավորապես անօրինական միգրացիային և բարեփոխումների գործընթացի ձախողման հնարավորությանը, քաղաքագետն ընդգծեց, որ անհանգստանալու պատճառ չկա։  

«Անօրինական միգրացիա թույլ չտալու համար Հայաստանն արդեն իսկ ստորագրել է օրենքների փաթեթ, այդ թվում՝ ռեադմիսիայի փաստաթուղթը և դրանով իսկ ստանձնել է պատասխանատվություն ԵՄ երկրներ այցելող իր քաղաքացիների համար։ Եթե մարդիկ այնտեղ գտնվելու կամ մնալու կարգը խախտեն և այցի նպատակներից ու ժամկետներից դուրս գործունեություն ծավալեն, ապա Հայաստանը պետք է հետ ընդունի իր քաղաքացիներին։ Ռեադմիսիայի օրենքը լավ մշակված և իրագործման համար նախատեսված մեխանիզմների շնորհիվ ապահովում է ինստիտուցիոնալ ծանրակշիռ հիմք այդ հարցը լուծելու համար»,- ասաց մեր զրուցակիցը։

Իսկ ինչ վերաբերում է բարեփոխումների հնարավոր ձախողմանը, Մեհրաբյանը շեշտեց, որ Հայաստանն ունի բոլոր կարողություններն այդ գործընթացը չձախողելու համար, և առհասարակ ձախողում հնարավոր է միայն մի դեպքում, եթե Հայաստանի իշխանությունները զբաղվեն ինքնախաբեությամբ։   

«Այսօր Հայաստանի քաղաքացիները նաև օրինական հիմք չունեն քաղաքական ապաստան խնդրել ԵՄ-ից։ Իհարկե, կարող են լինել մարդիկ, ովքեր կուզենան նման հայցով դիմել Եվրամիությանը կամ նրա սահմաններից դուրս մեկ այլ երկրի, սակայն նրանք չեն կարող ապացուցել իրենց հայցագրերի հիմքերը, որովհետև Հայաստանում որևէ մեկին քաղաքական հետապնդում չի սպառնում, Հայաստանում մարդկանց իրավունքների պաշտպանության առումով դիսկրիմինացիա չկա ինչպես դե-ֆակտո, այնպես էլ դե-յուրե»,- ասաց քաղաքագետը։

Մեհրաբյանը կարևորեց նաև ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու հարցով ստորագրահավաքի կազմակերպումը եվրոպամետ ուժերի կողմից։ Եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 14-ին հաստատի անհրաժեշտ 50 հազար ստորագրությունների փոխարեն ներկայացված 60 հազար ստորագրությունները, ապա ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու վերաբերյալ նախագիծն, օրենքով սահմանված կարգով, կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։ Նախաձեռնության հեղինակներն ավելի վաղ նշել էին, որ եթե ԱԺ-ն քննարկի և մերժի նախագիծը, իրենք գնալու են հարցը հանրաքվեի դնելու ճանապարհով, որի համար անհրաժեշտ կլինի հավաքել 300 հազար ստորագրություն։ 

«Եվրամիության ներկայացուցիչների երևանյան այցը նույնպես կարևոր էր (խմբ․ Եվրամիության պատվիրակությունը նոյեմբերի 5-6 ժամանել էր Երևան՝ հայկական կողմի հետ մշակելու վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների ծրագիրը)։ Այն կարող է արագացնել վիզաների ազատականացման գործընթացը։ Ես լիովին իրատեսական եմ համարում, որ բոլոր հարցերը կլուծվեն մեկուկես-երկու տարվա ժամկետում։ Այդ այցը քաղաքական երկխոսություն սկսելու որոշումից հետո հաջորդ տրամաբանական քայլն է, և հիմա պետք է գործողությունների ծրագիր և ժամանակացույց կազմվի ու սկսվի իրականացումը»,- նշեց Մեհրաբյանը։ 

Եվրամիության պատվիրակությունը նոյեմբերի 5-6 ժամանել էր Երևան՝ հայկական կողմի հետ մշակելու վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների ծրագիրը: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ ավարտին է հասցվում նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերության նոր օրակարգի նախագիծը, հետևաբար այդ բոլոր քայլերն իրենց ազդեցությունը կունենան 2025 թվականին նախատեսվող աշխատանքների առումով։

Հայերեն Русский