ՀՀ կառավարությունը պատվով է հանձն առել Ֆրանկոֆոնիայի միջազգային 10-րդ խաղերի անցկացումը. Դանիել Դանիելյան

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2027 թվականին անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերին ընդառաջ և «Աջակցություն կլիմայի և շրջակա միջավայրի կառուցվածքային տրանսֆորմացիներին» ծրագրի շրջանակում նոյեմբերի 5-8-ը Երևանում անցկացվում է կարողությունների զարգացման տարածաշրջանային աշխատարան: Այն կազմակերպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (ՖՄԿ)՝ ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի և Կայուն զարգացման ֆրանկոֆոնիայի ինստիտուտի միջոցով:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, աշխատարանի բացման պաշտոնական արարողությանն այսօր մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինան, ՖՄԿ-ի տարածաշրջանային ներկայացուցիչ Էրիկ Պոպը, Ֆրանկոֆոն պետությունների՝ ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, ներկայացուցիչներ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, պաշտոնատար այլ անձինք:

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով առաջին աշխատարանի բացման կապակցությամբ՝ Դանիել Դանիելյանը նշել է՝ ՀՀ կառավարությունը մեծ պատվով և պատասխանատվությամբ է հանձն առել Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միջազգային 10-րդ խաղերի անցկացումը: 

ԿԳՄՍ փոխնախարարի տեղեկացմամբ՝ մարզական և մշակութային բաղադրիչներից բացի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերը ներառում են նաև հարակից թեմաներ, այդ թվում՝ ֆրանսերենի ուսուցման, շրջակա միջավայրի պահպանության և կլիմայի փոփոխությանը հարմարվելու և այլնի վերաբերյալ, որոնք էլ ընդգրկված են եռօրյա աշխատարանի օրակարգում:

«Ծրագիրն առաջին հերթին ուղղված է երիտասարդներին. Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերը նրանց համար նոր մտածելակերպ և միջավայր ստեղծելու հնարավորություն են: Պարբերաբար կլինեն այսպիսի աշխատարաններ՝ տարբեր թեմաներով»,- ասել է նախարարի տեղակալը՝ հույս հայտնելով, որ ավելի մեծ թվով երիտասարդներ կմասնակցեն աշխատարաններին՝ ֆրանկոֆոն միջավայրի ու լեզվի իմացության նպատակով:

Դանիել Դանիելյանը նմանօրինակ աշխատարանների անցկացումը կարևորել է նաև Հայաստանում ֆրանկոֆոն արժեքների տարածումը խրախուսելու համատեքստում:

Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինան շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը խաղերի կազմակերպման հարցում գործադրած ջանքերի համար: Զեյնա Մինան շնորհակալություն է հայտնել նաև ֆրանկոֆոն երկրների դեսպաններին: Դիմելով երիտասարդներին՝ Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրենը նշել է՝ նրանց հանձնառությունն ու ստեղծագործական միտքը կարևոր են այն գաղափարների համար, որոնք ծնվել են այստեղ:

«Այն աշխատանքները, որոնք այստեղ կատարվելու են, կնպաստեն խաղերի լավագույնս կազմակերպմանը: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը հավաստում է իր հանձնառությունը՝ նպաստելու այն մարտահրավերների կարգավորմանը, որոնք առկա են Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերից առաջ»,- նշել է Զեյնա Մինան:

Նա տեղեկացրել է՝ 2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ն անցկացվելիք խաղերի ծրագրում ընդգրկվել են 10 մարզաձևեր ու 10 մշակութային միջոցառումներ:

ՖՄԿ-ի տարածաշրջանային ներկայացուցիչ Էրիկ Պոպը ևս ողջունել է ներկաներին ու շնորհակալություն հայտնել Ֆրանկոֆոն խաղերի նախապատրաստական աշխատանքներում ընդգրկված աշխատարանի կազմակերպման համար։

«Պետք է կարողանանք ներգրավել այնպիսի երիտասարդների, որոնք ֆրանկոֆոն են ու մեզ կաջակցեն միջոցառման կազմակերպչական հարցերում»,- ասել է Էրիկ Պոպը:

Աշխատարանին 36 երիտասարդ է մասնակցում, որոնցից 30-ը հայեր են, իսկ 6-ը՝ ֆրանկոֆոն երիտասարդներ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայից՝ Ռումինիայից, Բուլղարիայից և Մոլդովայից: Աշխատարանի նպատակն է՝ երիտասարդների շրջանում ձևավորել պատկերացում կանաչ ձեռներեցության, էկո-նորարարության, շրջակա միջավայրի պահպանության և կլիմայի փոփոխության վերաբերյալ։ Կարևորվում է նաև Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերին ընդառաջ աջակցել մասնակիցներին՝ էկո-քաղաքացիական գործողությունների իրականացման, տարածաշրջանում երիտասարդների և քաղաքացիական հասարակության դերակատարների կարողությունների ամրապնդման կայուն ֆինանսավորման և էկո-քաղաքացիների ներգրավման տեսանկյունից:

 

Հայերեն Español

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը