Տնտեսություն

ԱրարատԲանկը նախաձեռնեց պանելային քննարկում՝ ԱԲ-ի և առաջնորդության թեմայով

4 րոպեի ընթերցում

ԱրարատԲանկը նախաձեռնեց պանելային քննարկում՝ ԱԲ-ի և առաջնորդության թեմայով

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱրարատԲանկի Զարգացում մասնաճյուղում տեղի է ունեցել «Արհեստական բանականության ազդեցությունը առաջնորդության և որոշումների կայացման վրա» խորագրով պանելային քննարկում։ Միջոցառումը կազմակերպվել է «Կառավարման տեսության և պրակտիկայի փոխակերպումը 21-րդ դարում» միջազգային գիտագործնական համաժողովի շրջանակում, որի համակազմակերպիչն էր ԱրարատԲանկը։

Պանելային քննարկման ընթացքում ոլորտի առաջատար մասնագետները կիսվել են իրենց փորձով և տեսլականով արհեստական բանականության կիրառման հեռանկարների վերաբերյալ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ֆինանսական ոլորտում առկա հնարավորություններին և մարտահրավերներին։

Քննարկման ընթացքում մասնակիցները կիսվել են իրենց տեսլականով արհեստական բանականության դերի և ազդեցության վերաբերյալ:

ԱրարատԲանկի Խորհրդի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը նշել է. 

«Արհեստական բանականությունն այլևս վաղվա խնդիր չէ։ Այն հրատապություն է իր մեջ պարունակում։ Անհույս հետ չենք ընկել այս տեխնոլոգիաների ընմբռնման, ընկալման առումով, մասնավորապես նաև բանկային համակարգում, և փոքր Հայաստանը նույնպես կարող է ունենալ իր մասնակցությունն այս տեխնոլոգիաների զարգացման առումով»։

ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման դեպարտամենտի տնօրեն Գարեգին Գևորգյանն ընդգծել է. 

«Ֆինանսաբանկային ոլորտի իմաստով այն բոլոր հատվածները որտեղ կա շատ տվյալ և այդ տվյալները կազմակերպված չեն, այդ ոլորտում շատ հետաքրքիր լուծումներ կտեսնենք արհեստական բանականության գործիքների օգտագործման միջոցով»։ 

ԱրարատԲանկի Միջազգային գործառնությունների վարչության ղեկավար Զարուհի Մելքոնյանը շեշտել է. 

«Բոլորս այս պահին արհեստական բանականության մաս ենք կազմում և, լինելով ֆինանսական ոլորտի ներկայացուցիչ, ուզում եմ ասել, որ երևի թե ֆինանսական ոլորտը առաջիններից է, որ անմիջապես զգում է ԱԲ-ի ազդեցությունը։ Մեծ պատրաստակամությամբ և ներուժով գնում ենք առաջ»։

eqwefy ներդրումային հարթակի և AICA-ի ակումբի տնօրեն Սամսոն Ավետյանը նշել է. 

«Շատ ողջունելի է, որ այդ առաջընթացը տեղի է ունենում և կարծում եմ, որ թե՛ ԱրարատԲանկի միջոցով, թե՛ ընդհանրապես ֆինանսական համակարգի միջոցով այսպիսի նորարար գործիքները շատ ավելի մրցունակ կդարձնեն մեր ընդհանուր տնտեսությունը»։

Krisp և 10Web ընկերությունների համահիմնադիր Արտավազդ Մինասյանը ընդգծել է.

«Արհեստական բանականությունը ապագայի ռազմական տեխնոլոգիան է ու անհրաժեշտ է գնալ այդ ուղղությամբ, քանի որ ունենք ազգային անվտանգության խնդիր։ Երկրորդը, հայերենի և ինքնության պահպանման նպատակով պետք է ստեղծել հայկական տեխնոլոգիաներ»։

Միջոցառման հատուկ հյուրը՝ «Մատենա» միջազգային դպրոցի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ռուբեն Հայրապետյանը նկատել է. 

«Որքան որ արհեստական բանականությունը գործառույթներ է վերցնում մարդուց, այնքան ավելի շատ տեղ է ազատվում մարդկային ավելի բարձր մակարդակի գործառույթների համար»։

Ի թիվս այլ հյուրերի՝ պանելային քննարկմանը ներկա էին Ֆրանսիական համալսարանի, Հայ-ռուսական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողներ և դասախոսներ, ինչպես նաև Կորպորատիվ կառավարման կենտրոնի և Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրենները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում