ՏՏ

ՀՀ ԲՏԱ նախարարության և «Plug and Play» աքսելերատորի կողմից իրականացվող ծրագիրը շարունակվում է

4 րոպեի ընթերցում

ՀՀ ԲՏԱ նախարարության և «Plug and Play» աքսելերատորի կողմից իրականացվող ծրագիրը շարունակվում է

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Plug and Play» միջազգային հեղինակավոր աքսելերատորի կողմից հոկտեմբերի 30-ից մեկնարկած ծրագիրը՝ մրցութային փուլը հաղթահարած հայաստանյան 20 ստարտափների համար, շարունակվում է. արդեն ընթանում են 12-րդ շաբաթվա դասընթացները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ 

Մասնակցության հայտ ներկայացրած 119 ստարտափներից ծրագրում ընդգրկվել են 20-ը՝ Tactun, Kerpak, The Fintch, EdMap, Prodmap, Doctor Yan, Biocentric, Wearify, Hirebee, Zegashop, Moby, Sestive, Hoviv, FiveBrane, Text'nPayMe, Doccy, CaseLens, doodooc, LunarTech, Pearch.AI ստարտափները։

Ծրագրում ընդգրկված ընկերություններին «Plug and Play»-ը  տրամադրում է խորհրդատվական ծառայություններ, բիզնեսի զարգացման և գործարար կապերի հաստատման օժանդակում, նորարարության աջակցություն և անհատական մենթորություն:

Մասնակիցներից 7-ը՝  Doccy, Biocentric. ai, Tactun, Moby, Zegashop, Prodmap. ai, Perch. ai ստարտափների ներկայացուցիչները, նոյեմբերի 19-21-ը մասնակցել են «Plug and Play»-ի Սիլիկոնյան հովտի «Ձմեռային գագաթնաժողով 2024»-ին։ Սա անչափ մեծ հնարավորություն էր նրանց համար ներկայացնելու Հայաստանը, կապեր հաստատելու, բրենդավորելու իրենց թիմերը և պրոդուկտները միջազգային հարթակներում։ Համաժողովի 3 օրերի ընթացքում տեխնոլոգիական ոլորտի տարբեր ուղղություններով տարաբնույթ թեմաների շուրջ դասախոսություններ են կարդացել համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների 75-ից ավելի խոսնակներ։ Մասնակից հայաստանյան ստարտափները Winter Summit 2024-ին ներկայացրել են իրենց պրոդուկտները։ Արդյունքում՝ մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել ներդրողների հետ՝ հետագա համագործակցությունների վերաբերյալ։

Հոկտեմբերի 30-ից մեկնարկած դասընթացներն իրականացվում են շաբաթական 3 օր՝ 1,5 ժամ տևողությամբ, որից հետո յուրաքանչյուրի ստարտափի համար անցկացվում է անհատական մենթորություն։ Մասնակից ստարտափներն արդեն զգալի հաջողություններ են գրանցում՝ համագործակցություն ստեղծելով միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Plug and Play Germany GmbH» կազմակերպության միջև ծրագրի իրականացման պայմանագիրը կնքվել է 2024թ. օգոստոսի 15-ին: Մրցույթի համար նախատեսված բյուջեն կազմում է 336,000,000 (երեք հարյուր երեսունվեց միլիոն) ՀՀ դրամ:

Plug and Play-ը համագործակցում է այնպիսի հեղինակավոր կազմակերպությունների հետ, ինչպիսիք են՝ VISA-ն, ROCHE-ն, JAGUAR LAND ROVER-ը, WALMART-ը, Mercedes-Benz-ը, VOLVO-ն, PORSCHE-ն, NISSAN-ը և ոչ միայն: Plug and Play-ի պորտֆոլիոյում կան ավելի քան 30 միաեղջյուր (unicorn) կազմակերպություններ: Նրանց պորտֆոլիոյում ընդգրկված կազմակերպությունների թվում են PayPal-ը, Dropbox-ը, Honey-ն, SoundHound-ը, Rappi-ն, CourseHero-ն, Pinterest-ը, Pony.ai-ը և այլն:

Տեսանյութում ծրագրի արդյունավետության մասին են խոսում մասնակից ստարտափերը և ոլորտը ներկայացնող միությունների ղեկավարները: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում