Հայաստան

Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին Հայաստանում կմասնակցի «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն. արժանապատիվ աշխատանք» խորագրով համաժողովին

2 րոպեի ընթերցում

Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին Հայաստանում կմասնակցի «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն. արժանապատիվ աշխատանք» խորագրով համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին Հայաստանում կմասնակցի և կբանախոսի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ նոյեմբերի 5-ին անցկացվող «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն․ արժանապատիվ աշխատանք» խորագիրը կրող միջազգային համաժողովին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի բաժինը: 

Որպես երեխաների իրավունքների պաշտպանությանն ու մանկական աշխատանքի վերացմանն ուղղված պայքարի առաջամարտիկ՝ Քայլաշ Սաթյարթին Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր է։ Իր կազմակերպության միջոցով Քայլաշ Սաթյարթին մանկական աշխատանքից, ստրկությունից, թրաֆիքինգի և շահագործման այլ ձևերից ազատել է ավելի քան 100 հազար երեխայի. մշակել է հաջողված ձևաչափեր՝ նրանց կրթության, վերականգնման և վերաինտեգրման նպատակով: Վերջինիս կողմից կազմակերպված հանրային արշավները, իրականացվող ծրագրերը վերափոխել ու վերափոխում են հազարավոր երեխաների կյանքեր՝ նրանց վերադարձնելով դպրոց և օգնելով զարգացնել իրենց հմտությունները: 

Սաթյարթին ղեկավարել է Երեխաների աշխատանքի դեմ գլոբալ երթը՝ 103 երկրում։ Սա եղել է շահագործվող երեխաների անունից երբևէ իրականացված ամենամեծ սոցիալական շարժումներից մեկը, ինչի արդյունքում ընդունվել է ԱՄԿ 182-րդ կոնվենցիան՝ երեխաների աշխատանքի վատթարագույն ձևերի մասին, որը դարձել է միակ համընդհանուր վավերացված կոնվենցիան ԱՄԿ պատմության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում