Տուրիզմ

ՀՀ առողջապահության և էկոնոմիկայի նախարարները քննարկել են Հայաստանում առողջապահական զբոսաշրջության զարգացման միտումները

3 րոպեի ընթերցում

ՀՀ առողջապահության և էկոնոմիկայի նախարարները քննարկել են Հայաստանում առողջապահական զբոսաշրջության զարգացման միտումները

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը բաց քննարկման ընթացքում անդրադարձել են Հայաստանում առողջապահական զբոսաշրջության զարգացմանը:

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից: Բաց քննարկումը կազմակերպել է ՀՀ առողջապահության նախարարությունը` Էկոնոմիկայի նախարարության հետ գործակցության արդյունքում։

Նոյեմբերի 2-ին կայացած «Բժշկական զբոսաշրջության զարգացումը Հայաստանում» թեմայով քննարկմանը մասնակցել են Զբոսաշրջության կոմիտեի նորանշանակ ղեկավար Լուսինե Գևորգյանը, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, բժշկական կենտրոնների ղեկավարներ, բժշկական տուրիզմի ոլորտում առավել մեծ փորձ ունեցող կլինիկաների ներկայացուցիչներ, զբոսաշրջության ոլորտի պատասխանատուներ։

«Մասնագիտական այն պոտենցիալն ու ձեռքբերումները, որ ունի Հայաստանը բժշկության  ոլորտում, պետք է որպես մտավոր կապիտալ արտահանվի բժշկական զբոսաշրջության տեսքով։ Այս ոլորտում դեռ հեռու ենք ցանկալի արդյունքներից, բայց վստահաբար ունենք դրա մեծ ներուժը, և ժամանակն է առաջ շարժվելու»,- նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը

Նախարար Ավանեսյանն անդրադարձել է այն հիմնական ուղղություններին, որոնք այժմ բարեփոխման փուլում են` բուժկենտրոնների հիմնանորոգում, վերազինում, էլեկտրոնային առողջապահության զարգացում, լիցենզավորման, որակի ստանդարտների և վերահսկողության խստացում։

«Բժշկական տուրիզմ ունենալը ցանկացած երկրի համար մեծ հեղինակություն է, այն նաև բավականին եկամտաբեր ուղղություն է, որին զբոսաշրջության զարգացման մեր ռազմավարության մեջ մենք մեծ տեղ ենք հատկացրել»,-նշել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատրաստակամություն հայտնելով առողջապահության նախարարության հետ կոնկրետ ենթածրագրերով համագործակցելու։

Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության ազգային կենտրոնի մեծ ձեռքբերումների արդյունքում` արյունաբանական և ուռուցքաբանական հիվանդությունները հաղթահարելու համար Հայաստան են գալիս ոչ միայն հայազգիներ, այլև քաղաքացիներ աֆրիկական երկրներից, Անգլիայից։

Ակնաբուժական, ստոմատոլոգիական, էսթետիկ բժշկությունն այն հիմնական ուղղություններն են, որոնց բուժծառայություններից օգտվելու համար առավել հաճախ են մարդիկ գալիս Հայաստան։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում