Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ից Հայաստան ներմուծված առաքանուց հայտնաբերվել է «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչություն տվյալներ էին ստացվել այն մասին, որ ՀՀ քաղաքացի Ս․Պ․-ն մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն է ներմուծելու թմրամիջոց։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցներն, իրացնելով ստացված տվյալները, հսկողություն են սահմանել Հայաստան ներմուծվող առաքանիների նկատմամբ: Պարզվել է  ներմուծվող սուրհանդակային առաքանու ՀՀ տարածք մուտք գործելու օրը և բեռնափոխադրող կազմակերպության անվանումը։

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունների, ինչպես նաև ԱԱԾ աշխատակիցները համատեղ մաքսային զննման են ենթարկել «Տրանս Շիփինգ» ՍՊԸ միջոցով ԱՄՆ-ից Հայաստան ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին: Առաքանիում բացի անձնական օգտագործման իրերից հայտնաբերվել է պլաստմասե տարա, որը լցված է եղել  330 գրամ քաշով հաշիշի յուղ տեսակի թմրամիջոցին նմանվող սուր հոտով, դեղին զանգվածով:  

Որոշում է կայացվել իրականացնել «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» և «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումները։

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Երևանի Ավան Նարեկացի թաղամասի շենքերից մեկի մոտից թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու անմիջական ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և  ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն են տեղափոխվել ՀՀ քաղաքացիներ Ս․Պ․-ն և Մ․Ա․-ն: Վերջիններս ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում քաղաքացիները ձերբակալվել են։

Քրեական վարույթի շրջանակում վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան` ձերբակալված անձանց բնակության հասցեներում խուզարկություններ կատարելու թույլտվություն ստանալու նպատակով:  Համապատասխան որոշումների հիման վրա կատարվել են խուզարկություններ։ 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում