Մշակույթ

Ազգային տիկնիկային թատրոնի դիմաց կանգնեցվեց Երվանդ Մանարյանի արձանը

5 րոպեի ընթերցում

Ազգային տիկնիկային թատրոնի դիմաց կանգնեցվեց Երվանդ Մանարյանի արձանը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դերասան, ռեժիսոր, սցենարիստ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի 100-ամյա հոբելյանի առթիվ Երևանի Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի դիմաց կանգնեցվեց վարպետի արձանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քանդակի բացումը, որին ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, այլ պաշտոնյաներ, արվեստագետներ և արվեստասերներ, տեղի ունեցավ հոկտեմբերի 31-ին։

Ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր կանաչ ճանապարհ են հարթել արձանի համար։ «Շատ է խոսվել Երվանդ Մանարյանի ասպետ լինելու մասին։ Նա իսկապես ասպետ էր թե՛ որպես արտիստ, թե՛ որպես մտավորական,  քաղաքացի, բայց նա նաև հումորի ասպետ էր։ Ես շատ ուրախ եմ, որ մեր քաղաքը ձեռք բերեց նման ուրախ և հումորով արձան, որը դառնալու է Երևանի, մեր հանրապետության խորհրդանիշներից  մեկը։ Մեր քաղաքը պետք է ապրի ուրախ կյանքով, որովհետև միայն ուրախ մարդիկ, ուրախ երկիրն ունեն ապագա»,-շեշտեց Բաբայանը։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ արձանները միշտ մի փոքր վախեցնում են։ «Արձանները կոչված են ընդգծելու մարդու ներկայությունը, բայց երբեմն դրանք մարդուն հեռացնում են ներկայից, իրականությունից։ Կարծում եմ՝ այս քանդակը տարբերվում է, որովհետև այն փոքր-ինչ խաղարկային է, կարծես ներկայացումն արձանի մոտից  սկսելու կամ արձանի մոտ շարունակելու առիթ է ստեղծվել։ Սա ամենակարևոր միջոցներից էր, որով կարող էինք պատշաճ անդրադառնալ Երվանդ Մանարյանին և ընդգծել այն կարևոր նշանակությունը, որ նա ունեցել է տիկնիկային արվեստի զարգացման գործում»,-ասաց նախարարը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահեցրեց՝ Երվանդ Մանարյանը մեր մշակութային կյանքում մեծ ժառանգություն թողած անձնավորություն է եղել։ «Խոսքը միայն նրա ֆիլմերի, բեմադրությունների մասին չէ։ Մանարյանը նաև տարբեր սցենարների, հոդվածների, պատմվածքների հեղինակ է։ Նա ուղղակի դերասան չէր։ Նա մարմնավորել է ու սերնդեսերունդ է փոխանցել կենսուրախ հայ մարդու կերպարը։ Բոլոր հույզերը, որ մենք տեսել ենք էկրանին կամ բեմում, դրոշմված են այս քանդակի վրա»,-նշեց քաղաքապետը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր նպաստել են քանդակի կայացմանը։ Ավինյանը վստահ է՝ քաղաքը հարստացել է այդ քանդակով։

Մանարյանի «կենդանի» և առաջ նայող արձանի ստեղծման գաղափարը Ռուբեն Բաբայանինն է, իսկ հիմքում «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմից հայտնի դրվագն է, որում Երվանդ Մանարյանը սլանում է մոտոցիկլետով։ Արտիստի կողքին նստած է Ռուբեն Բաբայանը, որի հետ Երվանդ Մանարյանն աշխատել է, ընկերություն արել։ 

Քանդակի հեղինակ Արմենակ Վարդանյանը մանրամասնեց՝ մոտոցիկլետի վրա Մանարյանն է, իսկ կողքին ասես տիկնիկ է մեղվի մարմնով, Ռուբեն Բաբայանի դեմքով։ Նա Բաբայանին այդ կերպ է պատկերել, քանի որ մեղուն խորհրդանշում է աշխատասիրությունը, իսկ Բաբայանը Երվանդ Մանարյանից հետո տիկնիկային թատրոնը ղեկավարում է 25 տարի։ Նա բրոնզե արձանի շուրջ աշխատել է շուրջ ութ ամիս։  «Քանդակը դրել ենք մայթի հարթության վրա, որպեսի մարդիկ «շփվեն» քանդակի հետ, նստեն, կանգնեն, լուսանկարվեն, ուստի այն պատվանդանի վրա չենք դնել»,-նշեց քանդակագործը։

Երվանդ Մանարյանի քանդակի բացմանը, որն իրականացրեց նրա որդին՝ գրող, սցենարիստ, երգահան Քրիստ Մանարյանը, ներկա էին նաև նրա հիմնադրած «Ագուլիս» թատրոնի մի խումբ դերասաններ, որոնք երկար տարիներ աշխատել են վարպետի հետ և ափսոսում են, որ նրա թատրոնի մասին քչերն են այժմ հիշում։ 

«Ագուլիս»-ի դերասանուհի Լիանա Խլոյանի խոսքով՝ իրենք շատ լավ  թիմ են ունեցել, հրաշալի բեմադրություններ, որոնցով շատ են շրջագայել, սիրվել։ 

«Երկար ճանապարհ ենք անցել Երվանդ Մանարյանի հետ։ Ես բացառիկ երջանիկներից եմ, ով նրա հետ ոչ միայն աշխատել, ստեղծագործել, այլև իրապես ընկերություն է արել։ Գալիս էր թատրոն, ձեռքերը խփում էր ծնկներին ու ասում. «Ախպերս, որ դու ես, ասեմ»։ Նա պատում էր օրվա անելիքների, նախորդ օրվա մասին։ Ասում էր, որ ամեն ինչ անցնելու է, հոգիս։ Ես միշտ դա հիշում եմ։ Այդ խոսքերն ինձ համար ուղեցույց են դարձել։ Մնում են հիշողությունները, որ շատ թանկ են մեզ համար»,-ասաց նա և հույս հայտնեց, որ «Ագուլիս» թատրոնը կրկին նույն ոգով կապրի, քանի որ շունչ էր, հոգի էր։

Արվեստագետները վստահեցրին՝ արձանը դրական տրամադրություն կփոխանցի անցորդներին, նոր ոգևորություն կառաջացնի և կնպաստի տիկնիկային թատրոնի հանդեպ հետաքրքրության մեծացմանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում