ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը Կատարի Պետություն այցի շրջանակում հանդիպել է Ներքին գործերի նախարարության պետնախարար Շեյխ Աբդուլազիզ բին Ֆայսալ բին Մուհամմադ Ալ Թանիի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Վահե Ղազարյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ բարձր է գնահատում Կատարի Պետության հետ բարեկամական հարաբերությունները, որոնք առավել բարելավվել են 2022 թվականին Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կատարի Պետություն այցից հետո։
Վահե Ղազարյանը Շեյխ Աբդուլազիզ բին Ֆայսալ բին Մուհամմադ Ալ Թանիին է ներկայացրել ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումները: Նա, մասնավորապես, կարևորել է Ոստիկանության չորս հենասյունային ուղղությունների կայացման գործում Կատարի Պետության աջակցությունը թե՛ նյութատեխնիկական, թե՛ կադրերի վերապատրաստման առումով:
ՀՀ ՆԳ նախարարն ընդգծել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում Կառավարության մոտեցումը՝ ներկայացնելով Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ․ ռազմավարությունը և 2023-2026 թթ․ գործողությունների ծրագիրը, ինչպես նաև Փրկարար ծառայությունում իրականացվող աշխատանքները:
Աղետներին արդյունավետ և օպերատիվ արձագանքող ծառայություն ունենալու հարցում Վահե Ղազարյանը կարևորել է նաև միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությունը։
Կատարի Պետության ՆԳՆ պետնախարարը համագործակցության պատրաստակամություն է հայտնել՝ նաև նշելով, որ կուսումնասիրվեն քննարկվող հարցերը: Քննարկվել են բարեկամ երկրների միջև համագործակցության զարգացման հնարավոր ուղիներն ու դրանց շարունակականությունը։