Մշակույթ

Իսպանացի անիմատորը բարձր է գնահատում հայկական անիմացիոն ֆիլմերի որակը

6 րոպեի ընթերցում

Իսպանացի անիմատորը բարձր է գնահատում հայկական անիմացիոն ֆիլմերի որակը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսպանիայում գործող անիմացիայի, վիրտուալ իրականության, վիդեոխաղերի, թվային կոնտենտի ոլորտներում  նորարար տեխնոլոգիական գործիքների ներդրման Next Lab Gneration հարթակի ղեկավար Խոսե Լուիս Ֆարիասը բարձր է գնահատում Հայաստանում անիմացիոն ֆիլմերի արտադրության որակն ու տեխնոլոգիական հնարավորությունները։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Խոսե Լուիս Ֆարիասը, ով որպես բանախոս Հայաստանում էր  «Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնի շրջանակներում, նշեց, որ հայ-իսպանական համագործակցությունն անիմացիոն ոլորտում ավելի վաղ է սկսվել։

«Մասնավորապես, ես ծանոթ էի «OnOff» ստուդիային։ Մի հրաշալի ֆիլմ են նկարահանել՝ «Զաքո»-ն, որով ավելի հայտնի են դարձել։ Իրենք նոր տեխնոլոգիաներ են կիրառում անիմացիոն ֆիլմարտադրության մեջ։

«OnOff»-ը դիմել էր Next Lab-ին, որպեսզի մասնակից լինի մեր աշխատարանում, սակայն, երբ տեսա իրենց նախագիծն ու հասկացա, թե ինչ բարձր մակարդակով է արված, ասացի՝ ոչ, դուք պետք է մեզ մոտ գաք որպես խոսնակ և ինքներդ կոնֆերանս վարեք՝ հաշվի առնելով այն բարձր արդյունքն  ու որակը, որին հասել եք»,-պատմեց իսպանացի անիմատորը՝ հավելելով, որ այնուհետև անիմացիոն ֆիլմերի հեղինակավոր «Անսի» փառատոնի շրջանակներում համագործակցության համաձայնագիր է կնքվել հայկական «Ռեանիմանիա»-ի հետ՝ մասնագետների, նախագծերի ու փորձի  փոխանակման նպատակներով։

Անդրադառնալով «Ռեանիմանիա» փառատոնի շրջանակներում փորձի փոխանակման ու աշխատարանների կարևորությանը ոլորտի ու երկկողմ համագործակցության զարգացման համար՝ Խոսե Լուիս Ֆարիասն ընդգծեց, որ անիմացիոն աշխարհում, սովորաբար, արտադրությունը համատեղ է իրականացվում։

«Պետք է միասին աշխատել լավ պրոդուկտներ  ստեղծելու համար։ Հայաստանն ինձ համար կարևոր է ստեղծարարության տեսանկյունից, որը, թերևս, ամբողջ աշխարհում ճանաչված է։ Մյուս կողմից՝ Հայաստանը շատ լավ ընկերություններ ունի, որոնք օգտագործում են նոր տեխնոլոգիաներ և գիտեն, թե ինչպես լավ նախագծեր ստեղծել դրանց միջոցով։ Այս առումով շատ կարևոր են փառատոները, ինչպիսին «Ռեանիմանիա»-ն է,որովհետև մեկտեղում են այդ երկուսը։ Իրականում ես այստեղ եկել եմ սովորելու համար»,-ասաց նա։ 

Խոսե Լուիս Ֆարիասի համոզմամբ՝ Հայաստանն ու նման մի շարք այլ երկրներ ներկայում անիմացիոն աշխարհի ուշադրության կենտրոնում են, քանի որ այստեղ անիմացիոն ֆիլմերը ստեղծվում են յուրօրինակ կերպով ու այլ դիտանկյունից։ 

Իսպանացի անիմատորը կարևորեց կառավարությունների, պետական մարմինների ուշադրությունն ու համապատասխան քաղաքականությունը անիմացիոն ֆիլմարտադրության նկատմամբ, ինչը հնարավորություն է տալիս բարձրացնել երկրների  ճանաչվածությունն աշխարհում։

Խոսելով աշխարհում անիմացիայի հեռանկարների, պահանջվածության մասին՝ մասնագետը նախ շեշտեց, որ այն ոչ միայն մշակութային, այլ նաև արտադրական ոլորտ է։

«Անիմացիայի դերը հիմա կարևոր է այնքան, որքան երբեք չի եղել։

Եթե համեմատելու լինենք, ապա  ֆիլմարտադրության ոլորտում անցած տարի 5 ամենաշահութաբեր հնգյակում եղել են անիմացիոն ֆիլմերը, ոչ թե՝ խաղարկային։ Անիմացիան մեզ շրջապատում է ամենուր, ոչ միայն կինոթատրոններում, այլ նաև հեռուստատեսությամբ, հեռախոսներում, սոցցանցերում։ Ամենայն հավանականությամբ, այն ընկերությունները, որոնք ներդրում կկատարեն անիմացիայի մեջ, նրանց համար դա եկամտաբեր կլինի։ Կան երկրներ (օրինակ` Ֆրանսիան), որոնց համար անիմացիան պետական մակարդակով շատ կարևոր ռազմավարական ոլորտ է։ Հիմա իրավիճակը փոխվում է, և պետք է ակնկալենք, որ Հայաստանում և Իսպանիայում ևս կփոխվի»,-ասաց Խոսե Լուիս Ֆարիասը։

Նրա խոսքով՝ Իսպանիայում վերջին տարիներին նույնիսկ մի քանի անիմացիոն ֆիլմեր են առաջադրել Օսկարի մրցանակաբաշխությանը։ 

Նա համոզմունք հայտնեց, որ պետական մակարդակով համապատասխան մոտեցման և ներդրումների շնորհիվ բարձր արդյունքն առավել քան նկատելի կլինի։ 

Խոսելով Հայաստան այցելության մասին՝ իսպանացի մասնագետը նշեց, որ այստեղ իրեն զգում է ինչպես տանը։

«Դրա հետ մեկտեղ պրոֆեսիոնալիզմի  շատ բարձր մակարդակ կա։ Իմ դերը ես տեսնում եմ նրանում, որ կամրջող լինեմ, այսինքն՝ կապեր ստեղծեմ Հայաստանի և Իսպանիայի միջև, ու ոչ միայն։ Ես շատ եմ աշխատում Լատինական Ամերիկայի երկրների հետ, կցանկանայի նաև  նրանց հետ կապել Հայաստանի մեր գործընկերներին։ Ինձ համար սա, երևի, լավագույն իրադարձություններից մեկն է, որին մասնակցել եմ վերջին շրջանում»,-ասաց Խոսե Լուիս Ֆարիասը։

Ինչ վերաբերում է իսպանացի անիմատորի գործնական ծրագրերին, նա շեշտում է՝ բացի ստեղծագործականից, զբաղվում է նաև կազմակերպչական ու բիզնես հարցերով և համագործակցության շատ հնարավորություններ է տեսնում Հայաստանի հետ, մասնավորապես՝ կարճամետրաժ ֆիլմեր համատեղ արտադրության առումով։

«Կարող ենք փորձել տարբեր գաղափարներ միասին իրագործել և տեսնել արդյոք լեզու գտնում ե՞նք, թե՞ ոչ։ Բացի այդ, կարծում եմ, որ երկրների կառավարությունները պետք է քննարկեն, թե անիմացիայի ոլորտում ինչպես կարելի է համագործակցել»,-ասաց մեր զրուցակիցը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում