Մշակույթ

Գեղանկարիչ Ախսար Մուրիևը Երևանում ներկայացել է անհատական ցուցահանդեսով

9 րոպեի ընթերցում

Գեղանկարիչ Ախսար Մուրիևը Երևանում ներկայացել է անհատական ցուցահանդեսով

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը գրեթե մեկ ամիս հյուրընկալել էր գեղանկարիչ Ախսար Մուրիևի  MAGNIFIQUE VOYAGE, ou l'HISTOIRE D'UN HOMME ֆրանսերենից թարգմանված՝ «Հոյակապ ճանապարհորդություն, կամ մեկ մարդու պատմություն» խորագրով անհատական ցուցահանդեսը։

Խորագրի ֆրանսերեն լեզուն փոխհարաբերություններ է կառուցում Ախսար Մուրիևի ստեղծագործությունների և Մարսել Պրուստի մտորումների, նրա «Կորուսյալ ժամանակի որոնումներում» magnum opus-ի հերոսների միջև՝ ընդգծելով ցուցահանդեսի փիլիսոփայական բովանդակությունն ու նոստալգիկ ինտոնացիան։ Կրկնակի խորագիրն ընդգծում է ցուցահանդեսի դուալիստական համատեքստը։ Այն պատմում է մեկ մարդու պատմությունը, որը դառնում է դիտորդ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսը քնարական հերոսի ստեղծագործական ճանապարհի մասին է՝ արտացոլված գեղանկարչական աշխատանքներում: 

Ժամանակակից արվեստի թանգարանի փոխտնօրեն, արվեստաբան Զառա Այրումյանը, խոսելով Մուրիևի կտավների մասին, նշում է, որ դրանցում հստակ զգացվում է եվրոպական ժամանակակից արվեստի ազդեցությունը։ Նրանցում արտացոլված կերպարները թեև դրամատիկ և հուզական են, բայց նկարելու ձևը, ոճը, գույները, վրձնի թեթևությունը եվրոպական են։ «Ասխարի մոտ շատ հետաքրքիր են ֆորմաները. նա աշխատում է դեֆորմացիայի վրա, դա հետաքրքիր հնարք է, որը տարածված է ժամանակակից արվեստի մեջ, նման գործերն անգամ դասվում են ֆանտաստիկ ռեալիզմի ուղղությանը: Այնուամենայնիվ, սա ժամանակակից արվեստ է, այստեղ հնարավոր չէ օբյեկտիվ լինել և պետք էլ չէ, այն սուբյեկտիվ է ընկալվում թե՛ դիտորդի, թե՛ նկարչի, թե՛ քննադատների կողմից: Ցուցահանդեսի համադրող Անտոն Լևախինի աշխատանքի շնորհիվ մենք ականատես ենք լինում ցուցադրման բարձր մշակույթի: Նա շատ հիմնավոր է աշխատում և այստեղ ամեն դետալ նպաստում է էքսպոզիցիայի ճիշտ ներկայացմանը՝ սկսած դահլիճի ձևավորումից, պատերի գույնից, պաստառներից։ Նրա համար ամեն մանրուք մեծ նշանակություն ունի»,-շեշտում է Այրումյանը:

Արվեստաբան, համադրող Արմեն Եսայանցն Ախսարի նկարներում կարևորում է դրամատուրգիան, որտեղ կարելի է տեսնել յուրահատուկ գերմանական էքսպրեսիոնիզմի հետ առնչություն ունեցող շերտեր։ «Օրինակ՝ Օտտո Դիրքսի կամ Կիրխների, նույնիսկ ինչ-որ չափով Մունկի հետ որոշակի համեմատականներ կարելի է անցկացնել: Հիմնականում էքսպրեսիվ գույնի ֆովիստական, մի քիչ ագրեսիվ երանգներն են և ֆորմաների, կերպարների էքսպրեսիվությունը։ Կտավները կտրուկ կոնտակտի մեջ են մտնում դիտողի հետ, ինչը բերում է կրկին այդ էքսպրեսիվիստական ընկալմանը, բայց ավելի ժամանակակից ձևերով: Նույնը կարելի է տեսնել վրձնահարվածների, ֆորմաների ստեղծման մեջ։ Ինչ-որ չափով առկա է պաստոզային վերաբերմունքը, երբ չկա վրձնահարվածների այդ նրբությունը, այլ փոխանցվում է նույնիսկ դեկորատիվ, մի տեսակ քանդակային, ծավալից դուրս եկող ընկալում։ Մի քիչ «հարձակողական» աշխատանքներ կան»,-կարծում է Եսայանցը։

Նա հավելում է՝ ուրախալի է Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում միջազգային նախագծեր տեսնելը, ինչը շատ հետաքրքիր է դիտարկվում հայկական մշակութային բազմաշերտ կոնտեքստում, հնարավորություն է ստեղծվում տեղական կոնտեքստից դուրս արվեստի ճյուղավորումներ տեսնել, որոնք չեն բխում մեր իրականությունից: Ըստ արվեստաբանի՝ այդ իմաստով Ասխար Մուրիևի ստեղծագործությունները լավ հետք կթողնեն հենց տեղացի արվեստագետների, արվեստասերների և ընդհանուր մշակութային դաշտի վրա։

Էքսպոզիցիայում ընդգրկված էին Ախսար Մուրիևի 2023-2024 թվականներին ստեղծած աշխատանքները։ Հնարավոր էր տեսնել «Հոյակապ ճանապարհորդություն», «Արևային պար», «Ընտանեկան դիմանկար ինտերիերում» և «Դինամիկ կոմպոզիցիա երեք մասից» մեծածավալ եռապատկերները։ 

Ի թիվս շատ արվեստագետների, ցուցահանդեսին ներկա է եղել նաև դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։ Նա Մուրիևի արվեստին ծանոթացել է երկու տարի առաջ, երբ ղեկավարել է Դմիտրի Խվորոստովսկուն նվիրված փառատոնի գլխավոր գալահամերգը։ «Այն շատ մեծ միջազգային փառատոն էր, որի ողջ գեղարվեստական ձևավորումը կատարել էր Ախսարը։ Դեռ այն ժամանակ տպավորված էին նրա աշխատանքով։ Ես ծանոթ էին նաև նրա կտավներին։ Ինձ դուր են գալիս կտավների հարուստ գույները, վրձնի վարպետությունը, պատկերների ֆանտազիան և արտահայտչականությունը։  Ցուցահանդեսի կայացման գործում մեծ դերակատարություն ունի համադրողը՝ Անտոն Լևախինը։ Ուղղակիորեն արվեստագետ չլինելով՝ նա ապրում և շնչում է արվեստով։ Նա պրոֆեսիոնալ գիտելիքներ ունի թե՛ նկարչության, թե՛ գրականության, թե՛ դասական երաժշտության բնագավառում։ Անտոնն իր շուրջը համախմբել է բարձրակարգ արվեստագետների. կազմակերպում է նրանց ցուցահանդեսները, համերգները, նաև նրանց համար դառնում մտերիմ ընկեր, բարեկամ և իմաստուն խորհրդատու։ Հսկայական նախագծեր կան Անտոնի պորտֆոլիոյում, հիմա բոլորը չեմ կարող թվել, կարելի է նրա կենսագրությանը ծանոթանալ։ Տասնյակ նախագծեր է իրականացրել և բոլորը մեծ հաջողությամբ։ Նա շատ խստապահանջ է և բծախնդիր, մի խոսքով՝ արվեստի նշանակությունը հասկացող, գնահատող և պրոպագանդող անձնավորություն, որը միշտ հրաշալի արվեստագետների հետ է աշխատում, նվիրվում է նրանց և այդ մարդիկ էլ՝ իրեն»,-շեշտեց  Էդուարդ Թոփչյանը։

Անտոն Լևախինն առաջին անգամ չէ համագործակցում Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի հետ։ Նա 2024-ին աջակցել է Վենետիկի 60-րդ բիենալեի Հայաստանի տաղավարի կազմակերպիչներին։ «Ախսար Մուրիևին հանդիպել եմ Հռոմում։ Ինձ շատ դուր եկան Ախսարի անտիկ ոճով արված գրաֆիկական փայլուն աշխատանքները։ Նրա վրձնի թեթև և սլացիկ գիծը ճկուն է ու ճշգրիտ, ազատ և կենդանի: Աշխատանքներն ուժեղ տպավորություն թողեցին հանդիսատեսի վրա և հաջողություն ունեցան: Իմ տարբեր նախագծերի գեղարվեստական ձևավորման հիմքում Ախսարի գրաֆիկական ու գեղանկարչական աշխատանքներն են: Իմ կարծիքով՝ այս ցուցահանդեսի վիզուալ տեսահուզական տպավորությունը համահունչ է Արամ Խաչատրյանի  «Սպարտակ» բալետի և Օտորինո Ռեսպիգիի «Հռոմեական եռերգություն» սիմֆոնիկ պոեմի հետ, որում մեծ վարպետությամբ փոխանցված է հավերժական քաղաքի պատկերը։ Հռոմը, նրա բնապատկերն ու բնությունը, լույսն ու գույները, որոնցով լցված է քաղաքը, կօգնեն գտնել Ախսար Մուրիևի արվեստի ընկալման բանալին։ Հուսով եմ, որ յուրաքանչյուր այցելու այս ստեղծագործություններում գտավ իր ճամփորդության ուրվագիծը, տեսավ և լսեց իր պատմությունը: Հենց դա էլ յուրաքանչյուրի անձնական «Հոյակապ ճանապարհորդությունը, կամ մեկ մարդու պատմություն»-ն է»,-եզրափակում է Լևախինը:

Անտոն Լևախինը համագործակցում է առաջատար նկարիչների և միջազգային հաստատությունների հետ, ժամանակակից արվեստի խոշորագույն համաշխարհային ֆորումում՝ Վենետիկի բիենալեում, իրականացնում է ցուցահանդեսային նախագծեր, որոնք արժանանում են բարձր գնահատանքի: Նրա ջանքերով Գաֆէսճեան արվեստի կենտրոնի և Վենետիկի գեղարվեստի ակադեմիայի միջև ստեղծվել է համագործակցություն, որի շնորհիվ Հայաստանը ներկայացավ Վենետիկի 60-րդ բիենալեում՝ Նինա Խեմչյանի և համադրող Արմեն Եսայանցի «Արձագանք» ցուցադրությամբ: Նախագիծը ներկայացվեց ակադեմիայի պատմական տարածքում՝ հայտնի Magazino del Sale-ում: Սերտ է նաև նրա համագործակցությունը Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում