Փորձագետն ուռճացված է համարում տեսակետը, թե Վրաստանի վերընտրված իշխանությունն ավելի է խորացնելու ՌԴ-ի հետ հարաբերությունները

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օրբելի կենտրոնի Վրաստանի հարցերով փորձագետ Հասմիկ Մելիքսեթյանը կարծում է, որ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակը սպասելի էր։ «Արմենպրես»-ի հետ զրույցում փորձագետը նշեց, որ «Վրացական երազանք» կուսակցության օգտագործած տեխնոլոգիաներն ու քարոզչական հնարքները մարդկանց հասու էին ավելի շատ, քան ընդդիմության քարոզչությունը։

Նա հիշեցրեց, որ ընտրություններից առաջ վերջին վարկանիշային աղյուսակներն ու ցուցանիշները, ինչպես նաև հետազոտություններն ու էքզիթ-փոլերը ցույց էին տալիս, որ իշխող ուժը չի կարող հավակնել սահմանադրական մեծամասնության, թեև առանձին վերցրած իշխող կուսակցությունն այդ նույն հարցումների համաձայն՝  բարձր ձայներ ուներ։ Իշխանությունները նաև հայտարարել էին, որ սահմանադրական մեծամասնություն ստանալու դեպքում օրենքով փորձելու են «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը հեռացնել քաղաքական դաշտից։

Փորձագետի գնահատմամբ՝ պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Վրաստանում իշխող ուժը մշտապես ունեցել է մեծ թվով հետևորդներ։ 

«Թեև ընտրություններից հետո ներքաղաքական լարվածությունը պահպանվում է, բայցևայնպես, դրան զուգահեռ կան նաև կայունությանը նպաստող գործոններ։ Վրաստանի արևմտյան գործընկերները, այդ թվում՝ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը, շեշտում են, որ ընտրությունների ժամանակ իսկապես գրանցվել են խախտումներ, եղել են բազմաթիվ թերացումներ, սակայն, դրանով հանդերձ, չեն հայտարարում, որ չեն ճանաչում ընտրության արդյունքները, չեն նշում, որ ընտրությունները լեգիտիմ չեն, հետևաբար կարելի է տեսնել, որ գոնե այս պահին Արևմուտքը փորձում է ինչ-որ եզրեր գտնել հարաբերությունները վերագործարկելու և գործընկերությունը շարունակելու համար։ Չի բացառվում, որ Արևմուտքը կգնա նաև ինչ-ինչ փոխզիջումների»,- նշեց Մելիքսեթյանը։ 

Նրա դիտարկմամբ՝ ընդդիմությունն, ինչ խոսք, շարունակելու է փողոցային պայքարը և արդեն հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք»-ը խեղաթյուրել է ընտրությունների ընդհանուր պատկերը, ուստի պետք է պաշտպանեն իրենց քվեները։ Վրաստանի ընդդիմությունը մի ամբողջ օր բոլորին պահեց սպասման մեջ՝ նախքան ամփոփիչ հայտարարությամբ հանդես գալը։  

«Ժամանակ ձգելու հանգամանքն իրականում պայմանավորված էր ընդդիմության դաշտում բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերի հետ քննարկումներ անցկացնելու նպատակով։ Ընդդիմությունը միատարր չէ, նույնիսկ չորս ընդդիմադիր քաղաքական միավորումները, որոնք անցել են խորհրդարան, իրենց ներսում ունեն կուսակցություններ, որոնց հետ մոտեցումների համաձայնեցումը տևել է բավականին երկար ժամանակ։ Ընդդիմության հետ է նաև Վրաստանի նախագահը, որը նույնպես դուրս է գալու փողոցային պայքարի։ Բավականին ուշագրավ է այն հանգամանքը, որ նրանք բոլորը խոսում են եվրոպական գործընկերների հետ համագործակցությունը խորացնելու մասին, սակայն եվրոպական շատ կառույցներ ընդունել են ընտրությունների նախնական արդյունքները, մինչդեռ ընդդիմադիր ուժերը չեն պատրաստվում վերցնել իրենց հասանելիք մանդատները»,- ասաց Վրաստանի հարցերով փորձագետը։  

Ըստ Մելիքսեթյանի՝ այս ընտրությունները հետաքրքիր էին նաև այն առումով, որ նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժումը» որոշակիորեն զիջել է իր դիրքերը նոր կազմավորված «Հանուն փոփոխությունների կոալիցիա»-ին։ Պատկերը ցույց տվեց, որ Վրաստանում ընդդիմության ներսում նույնպես կարիք ունեն փոփոխությունների, և մարդկանց մի զագլի մասը չի քվեարկել «Միացյալ ազգային շարժման» օգտին։

«Իրականում «Վրացական երազանքի» հարաբերությունները Ռուսաստանի հետ նորություն չեն, իշխանության գալուց հետո այդ ուժը միշտ հայտարարել է, որ կողմ են ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Գաղտնիք չէ նաև Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունը։ Այդուհանդերձ, այն կարծիքը, թե Վրաստանն ավելի է խորացնում հարաբերությունները ՌԴ-ի հետ, մի կողմ թողնելով արևմտյան կառույցներին անդամագրվելու հնարավորությունը, պարզապես ուռճացված է, որովհետև նույն «Վրացական երազանքի» վերջին հայտարարություններն այն մասին են, որ եվրաատլանտյան համագործակցությունը Վրաստանի համար շարունակում է մնալ առաջնահերթություն և այդպես է եղել միշտ։ Քարոզարշավի ընթացքում նույնիսկ հայտարարվեց, որ 2030 թվականին մոտ Վրաստանը կդառնա ԵՄ անդամ, սակայն Արևմուտքի հետ հարաբերությունների վերագործարկման նախաձեռնողը պետք է լինեն ոչ միայն իրենք, այլև արևմտյան գործընկերները։ Իրավիճակը ցույց է տալիս, որ այդ ազդակը կա նաև Արևմուտքում»,- եզրափակեց Մելիքսեթյանը։

Վրաստանի ԿԸՀ-ի վերջին տվյալներով՝ Վրաստանի իշխող կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում հավաքել է ձայների 53,93 տոկոսը։

Ընդդիմադիր չորս կուսակցություններն, ընդհանուր առմամբ, ստացել են ձայների 37,5%-ը, որից՝ «Հանուն փոփոխության կոալիցիա» – 10,82%, «Միացյալ ազգային շարժում»՝ 10.12%, «Ուժեղ Վրաստան» – 8,78%, «Գախարիան՝ Վրաստանի համար »՝ 7,76%;

Վրաստանի խորհրդարանական ընտրություններին ընտրողների մասնակցությունը նախնական տվյալներով, կազմել է 58,94 տոկոս։

Հայերեն Русский