Եվրամիության համար շատ կարևոր է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը շարունակվի հանգիստ և դրական միջավայրում՝ հիմնվելով տարբեր ձևաչափերում, իսկ վերջերս նաև երկկողմ հարթությունում առկա ձեռքբերումների ու հաջողությունների վրա:
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ հարցազրույցում այս մասին ասել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։
ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ վերջերս Բաքու կատարած այցի շրջանակներում ունեցած հանդիպումների ընթացքում ադրբեջանցի պաշտոնյաներից լսել է նրանց հրապարակային խոսքից տարբերվող հայտարարություններ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության վերաբերյալ։ Խոսելով Հայաստանում ունեցած հանդիպումների մասին՝ Գրոնոն շեշտել է, որ Հայաստանի իշխանություններն ունեն հեռանկարային մոտեցում՝ թշնամության էջը շրջելու և կայուն ու խաղաղ միջավայր հաստատելու հստակ պատրաստակամությամբ:
Հարցազրույցում Գրոնոն անդրադարձել է նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հասցեին Ադրբեջանից հնչող մեղադրանքներին ու քննադատություններին, Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում ԵՄ-ի անելիքներին, Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային։
-Տիկին Գրոնո, հունվարի 8-ին Ձեր այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի հասցեին՝ կասկածի տակ դնելով Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հնարավորությունը։ Ձեր հանդիպման ժամանակ անդրադարձե՞լ եք այս սպառնալիքներին, և ըստ Ձեզ՝ հնարավո՞ր է խաղաղություն Հարավային Կովկասում, երբ Ադրբեջանի ղեկավարությունը պարբերաբար սպառնում է Հայաստանին և առաջադրում անհիմն տարածքային պահանջներ։
-Դուք իրոք անդրադառնում եք այն համատեքստին, որի շրջանակում տեղի ունեցավ իմ այցը Ադրբեջան: Հանրային հռետորաբանության, բնակչությանը խաղաղ ապագայի նախապատրաստելու, սպառնալիքները հասցեագրելու ու դրանց ընկալումը նվազեցնելու հարցերը, այդ թվում՝ հանրային հաշտեցման ջանքերի և խաղաղությանը միտված դրական հռետորաբանության միջոցով, քննարկվել են իմ հանդիպումների ժամանակ Ադրբեջանում: ԵՄ-ի համար շատ կարևոր է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը շարունակվի հանգիստ և դրական միջավայրում՝ հիմնվելով տարբեր ձևաչափերում, վերջերս նաև երկկողմ հարթությունում ձեռքբերումների ու հաջողությունների վրա: Բաքվում քննարկումների ընթացքում լսեցի հուսադրող հայտարարություններ տարածաշրջանում խաղաղության և կայունության վերաբերյալ. դրանք հաճախ տարբերվում էին այն ամենից, ինչ լսել ենք հանրային տիրույթում, մասնավորապես՝ երկու երկրների միջև կարգավորման գործընթացի շարունակության վերաբերյալ: Կարծում եմ՝ կարգավորման առաջին կարևոր փուլն արդեն արդյունքներ է տալիս. Ադրբեջանն ու Հայաստանն ունեն երկխոսության կանոնակարգված ձևաչափ՝ համատեղ համաձայնեցված հստակ հիմքով և շրջանակով: Հիմա ժամանակն է դրսևորելու այն քաղաքական կամքը, որն անհրաժեշտ է հակամարտության էջը վերջնականապես շրջելու, բոլոր չլուծված հարցերի համար փոխընդունելի լուծումներ գտնելու և տարածաշրջանի բոլոր բնակիչների համար խաղաղ ու առավել բարգավաճ կյանք ապահովելու համար:
-Ադրբեջանի նախագահը պահանջում է, որ Հայաստանը դադարեցնի զենքի ձեռքբերումը, մինչդեռ ինքը արագորեն զինում է իր երկիրը։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է կեղծ պնդումներ տարածել այն մասին, թե Հայաստանի Սահմանադրությունն իբր պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, իսկ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հռետորաբանությունը չի դադարում։ Դուք տպավորություն ունե՞ք, որ Բաքուն պատրաստվում է նոր հարձակման Հայաստանի վրա, և որքանո՞վ եք արժանահավատ համարում Ադրբեջանի հայտարարությունները խաղաղության ձգտման վերաբերյալ։
-Բաքվում իմ բոլոր զրուցակիցները հայտնեցին այն տեսակետը, որ «հակամարտությունը կարգավորվել է», «իրավիճակը կայունացել է», որ «ուժ կիրառելու մտադրություն չկա», և որ կարգավորման գործընթացը պետք է շարունակվի բոլոր ուղղություններով: Կրկին նշեմ, որ այն, ինչ լսեցի հանդիպումների ընթացքում, շատ տարբերվում էր այն ամենից, ինչ երբեմն լսում ենք հանրային տիրույթում: Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների 11-րդ հանդիպումը նախատեսվածի պես տեղի ունեցավ հունվարի 16-ին: Ցանկանում եմ ողջունել և գնահատել կողմերի միջև շարունակական տեսակետների փոխանակումը ապագա սահմանազատման աշխատանքների և ձեռք բերված համաձայնությունը՝ հյուսիսից հարավ կոնկրետ սահմանազատման աշխատանքները շարունակելու վերաբերյալ: Սա շատ դրական ազդակ է, և ես մեծապես հույս ունեմ, որ նման առաջընթաց կապահովվի նաև մյուս ուղղություններով՝ լինի դա խաղաղության պայմանագրի նախագիծը, կապերի վերականգնումը և հաղորդակցության ուղիների վերաբացումը, թե մարդասիրական խնդիրները: Մենք, անշուշտ, կոչ ենք անում երկու կողմերին՝ հանձնառություն ստանձնել առաջընթացի հարցում և զգուշացնում ենք բացասական ազդեցության մասին՝ որոշակի հակառակ միտումների դեպքում։
-Ադրբեջանը բազմիցս սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հասցեին՝ միաժամանակ կեղծ պնդումներ տարածելով, թե ԵՄ առաքելությունը զբաղվում է լրտեսությամբ Ադրբեջանի դեմ։ Ինչպե՞ս եք արձագանքում այս մեղադրանքներին, և արդյոք այս հարցը բարձրացրե՞լ եք Ձեր հանդիպումների ընթացքում ադրբեջանական պաշտոնյաների հետ։
-Բաքվում իմ զրուցակիցները նույնպես բարձրաձայնեցին Ադրբեջանի տեսակետները Հայաստանում ԵՄ առաքելության վերաբերյալ: Մենք միշտ ուշադիր լսում ենք ցանկացած քննադատություն կամ տարբերվող տեսակետ և փորձում ենք հասկանալ, թե ինչ դժգոհություններ կարող են լինել և ինչ կարող է թաքնված լինել դրանց հետևում: Մենք ձգտում ենք պարզաբանել հնարավոր թյուրընկալումները, բայց նույնքան հետևողական ենք ապատեղեկատվությունը հերքելու հարցում: Սա վերաբերում է նաև քննադատությանը, որը մենք լսում ենք Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության հասցեին: Ինչ վերաբերում է ընկալումներին, հանդիպումների ընթացքում հստակ նշել եմ, որ ԵՄ-ն մտադիր չէ նոր բաժանարար գծեր ստեղծել, ներգրավվել «զրոյական արդյունքով խաղերում» կամ տարածաշրջանում առաջ մղել «թաքնված օրակարգ»: ԵՄ առաքելությունը Հայաստանում տեղակայվել է հայկական իշխանությունների ինքնիշխան դիմումի հիման վրա: ԵՄ-ն Ադրբեջանի իշխանություններին իրազեկել է գործընթացի բոլոր փուլերում՝ տեղակայումից առաջ, ընթացքում և հետո։ Հաշվի առնելով տեղում երրորդ կողմի ներկայության հետ կապված զգայունությունը և հակամարտության երկար պատմությունը՝ բոլոր զրուցակիցներին հավաստիացրի, որ մենք առավելագույն պատասխանատվությամբ ենք մոտենում մեր դերին: Հետևաբար, կրկին հաստատում ենք, որ «լրտեսական գործունեության» կամ «ապակայունացման նպատակների» վերաբերյալ բոլոր պնդումները ապատեղեկատվություն են և չեն համապատասխանում թե՛ առաքելության համար սահմանված մանդատին ու նպատակներին, թե՛ վերջինիս գործողություններին: Հայաստանում ԵՄ առաքելությունը բացառապես քաղաքացիական, չզինված առաքելություն է և կշարունակի մնալ այդպիսին:
-Տարածաշրջանային այցերի շրջանակում դուք նաև այցելել եք Հայաստան, որտեղ հանդիպել եք մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ինչպե՞ս եք գնահատում Ձեր այցի արդյունքները։ Ինչպիսի՞ տպավորություն ունեք Հայաստանի կառավարության քայլերից՝ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ուղղությամբ։
-Այո, Բաքվում հանդիպումներից հետո ինձ բարձր մակարդակով ընդունեցին նաև Երևանում, մասնավորապես՝ վարչապետ Փաշինյանը և կառավարության մի շարք առանցքային ներկայացուցիչներ: Ինչպես Ադրբեջանում, այստեղ ևս հանդիպեցի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այս այցերը շատ հագեցած էին և բովանդակալից, իսկ որոշ առումով՝ նաև հուսադրող: Երևանում հայտնեցի մեր հստակ աջակցությունը ընթացիկ բարեփոխումներին, ինչպես նաև Ադրբեջանի հետ կարգավորման գործընթացի շրջանակում ձեռնարկված համարձակ քայլերին։ Չնայած գործընթացի վայրիվերումներին՝ հայկական իշխանությունները ունեն հեռանկարային մոտեցում՝ թշնամության էջը շրջելու և կայուն ու խաղաղ միջավայր հաստատելու հստակ պատրաստակամությամբ: Քննադատները կասեին, որ կարելի էր ավելին անել, և մենք, իհարկե, ցանկանում ենք շուտով ավելի շատ առաջընթաց տեսնել: Միևնույն ժամանակ, եթե գնահատենք աշխատանքի ընթացքը, բանակցությունների կառուցվածքային շրջանակն ու երկկողմ հարաբերությունների ընդանուր դինամիկան, ապա սա անհավանական կթվար մի քանի տարի առաջ:
-Ի՞նչ գործնական քայլեր է պատրաստ Եվրամիությունը ձեռնարկել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու համար՝ հաշվի առնելով գործընթացն արհեստականորեն ձգձգելու Ադրբեջանի գործողությունները և Հայաստանի դեմ սպառնալիքները։
-Վերջին տարիներին ԵՄ-ն ակտիվորեն ներգրավված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում, հատկապես՝ Բրյուսելում ղեկավարների մակարդակով հանդիպումների միջոցով, որոնք կազմակերպվել էին Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Շառլ Միշելի կողմից: Ի լրումն միջազգային այլ ջանքերի՝ այս հարթակը հնարավորություն էր ընձեռել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին՝ առաջ շարժվելու կառուցվածքային օրակարգով: 2023թ. դեկտեմբերի 7-ի հայ-ադրբեջանական համատեղ հայտարարությունից հետո, երբ կողմերը համաձայնվեցին COP29 համաժողովի անցկացման և գերիների փոխանակման շուրջ, Հայաստանը և Ադրբեջանը նշեցին, որ կշարունակեն քննարկումները վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման ուղղությամբ և կոչ արեցին միջազգային հանրությանը՝ աջակցել իրենց ջանքերին: Հենց այս համատեքստում տեղի ունեցան իմ վերջին այցերը Ադրբեջան և Հայաստան: Բաքվի և Երևանի հետ միասին մենք քննարկեցինք, թե ինչպես կարող է ԵՄ-ն առավել օգտակար լինել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ու տարածաշրջանային համագործակցության ընդլայնման հարցերում: Այս փուլում մենք սահմանել ենք մի շարք ոլորտներ՝ հաշվի առնելով, որ ԵՄ-ն պատրաստ է նաև ավելին անել: Բաքվում և Երևանում մենք համաձայնեցինք, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել հայ-ադրբեջանական երկկողմ բանակցություններին, կկենտրոնանա փոխկապակցվածության և մարդասիրական խնդիրների կոնկրետ ասպեկտների վրա, հատկապես՝ ականազերծման և անհայտ կորածների խնդրի լուծման ուղղությամբ, ինչպես նաև կխթանի տարածաշրջանային համագործակցության նախաձեռնությունները:
-Տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակման համատեքստում Հայաստանը առաջարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Արդյո՞ք ծանոթ եք այս նախագծին, և ինչպե՞ս եք գնահատում այն։
-Ես, իհարկե, ծանոթ եմ Հայաստանի կողմից 2023 թվականից ի վեր առաջադրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Կարծում եմ՝ դրա ընդհանուր շրջանակն ու հիմնական սկզբունքները իրականում ոչ ոք չի վիճարկում: Սակայն մանրամասները և գործնական հարցերը դեռ պետք է լիովին համաձայնեցվեն կողմերի միջև: Սա իսկապես օգտակար և հետաքրքիր շրջանակ է՝ նաև ցույց տալու համար, թե ինչպիսին կարող է լինել ապագա խաղաղ Հարավային Կովկասը: Որպես առաջին քայլ՝ լիահույս եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ ապագայում կկարողանան համաձայնության գալ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև բեռնափոխադրումների եղանակների շուրջ և կբացեն նաև այն հաղորդակցության ուղիները, որոնք Հայաստանը կկապեն ավելի լայն տարածաշրջանին: Ի լրումն տարածաշրջանում ունեցած իմ քննարկումների՝ Կազանում հոկտեմբերի 24-ին ղեկավարների հանդիպումից հետո Երևանում և Բաքվում արված հայտարարությունները հիմք են տալիս կարծելու, որ համաձայնությունը հնարավոր է, և մենք պատրաստ ենք շարունակել աջակցել կողմերին այդ նպատակին հասնելու համար։