Մերձավոր Արևելք

Իսրայելը կրակ է բացել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահների ուղղությամբ

2 րոպեի ընթերցում

Իսրայելը կրակ է բացել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահների ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի զինվորականներն օրերս հերթական անգամ կրակ են բացել Լիբանանի հարավում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) զինծառայողների ուղղությամբ, որոնք գտնվում էին Դհեյրա բնակավայրի մերձակայքում տեղակայված դիտակետում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է UNIFIL-ի կողմից հոկտեմբերի 25-ին տարածված հայտարարության մեջ:

«Հոկտեմբերի 22-ին խաղաղապահները, որոնք հերթապահություն էին իրականացնում Դհեյրայի մերձակայքում տեղակայված դիտակետում, հետևում էին իսրայելցի զինվորականների կողմից մոտակայքում իրականացվող շենքերի ստուգման գործողություններին: Երբ ԻՊԲ զիվորները հասկացան, որ իրենց հետևում են, նրանք կրակ բացեցին դիտակետի ուղղությամբ: Հերթապահ խաղաղապահները հետ են քաշվել դիրքերից», - ասվում է X սոցիալական հարթակում հրապարակված հայտարարության մեջ։

Այս հայտարարությունից րոպեներ անց UNIFIL-ը ևս մեկ հայտարարարություն է տարածել՝ նշելով, որ խաղաղապահները «շարունակում են մշտադիտարկում իրականացնել և զեկուցել Անվտանգության խորհրդին Լիբանանի հարավում տիրող իրավիճակի մասին»՝ չնայած վերջին շաբաթներին իրավիճակի կտրուկ էսկալացմանը և բռնություններին։

Սա ՄԱԿ-ի խաղաղապահների վրա իրականացվող հարձակումների առաջին դեպքը չէ։ Իսրայելական հարվածներից տարբեր միջադեպերում մի քանի խաղաղապահ է վիրավորվել։ 

Օրեր առաջ իսրայելցի զինվորականները նաև քանդել էին ՄԱԿ-ի խաղաղապահներին պատկանող դիտաշտարակը և նրանց դիրքերը շրջապատող պարիսպը Մարվահինում։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում