Հայաստան

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

4 րոպեի ընթերցում

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և  ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի և Հայաստանի պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի (ՀՀ ՊՆ ՊԱՀՀ) միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԳԱԱ-ից, մանրամասնելով, որ հուշագիրը ստորագրել են ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Գոհար Իսկանդարյանը և ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի պետի պարտականությունների կատարող, գիտության և կրթության գծով տեղակալ, ՊԱՀՀ-ի Ազգային ռազմավարական հետազոտությունների պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գնդապետ Տիգրան Քոչարյանը։  Գոհար Իսկանդարյանը և Տիգրան Քոչարյանը բարձր են գնահատել գիտահետազոտական կառույցների միջև սերտ համագործակցության ծավալումն ու դրա հեռանկարային զարգացումը: Նրանք կարևորել են մասնագիտական բնագավառներում համատեղ հիմնարար և կիրառական հետազոտությունների իրականացումը և դրանց դերն ու նշանակությունը հայրենական գիտության զարգացման գործում։

Հուշագիրն ամրագրում է գիտակրթական համագործակցության ընդլայնում և ուղղությունների լայն շրջանակ, այդ թվում՝ Հարավային Կովկասի, Մերձավոր և Միջին Արևելքի անվտանգության միջավայրի ուսումնասիրման ուղղությամբ հիմնարար և կիրառական հետազոտությունների իրականացում, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի քաղաքական համակարգերի, զինված ուժերի, արտաքին քաղաքականության հայեցակարգային ուղղությունների, տնտեսության, էթնիկական և կրոնական գործոնների վերաբերյալ ռազմավարական համատեղ ուսումնասիրությունների իրականացում, Մերձավոր Արևելքում տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժային կենտրոնների շահերի և դերակատարման, ՀՀ մերձավորարևելյան քաղաքականության առանցքային ուղղությունների վերաբերյալ համատեղ տեղեկատվական-վերլուծական աշխատանքների իրականացում և այլն: 

Հուշագրի շրջանակներում կիրականցվեն Հարավկովկասյան և Մերձավորարևելյան տարածաշրջանների առանցքային տարբեր հիմնախնդիրների հետազոտություններ, գնահատումներ, կկազմակերպվեն գիտավերլուծական համատեղ միջոցառումներ, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող թեմաների և խնդիրների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն, կապահովվի կողմերի գրադարանների, ֆոնդերի համատեղ օգտագործման հասանելիությունը և միջազգային գիտատեղեկատվական շտեմարանների նյութերի փոխանակումը։ 

Երկու կառույցները համատեղ կիրականացնեն Հարավային Կովկասի, ինչպես նաև համաշխարհային պատմության կարևորագույն հարցերի հիմնարար և կիրառական հետազոտություններ՝ ընդլայնելով գիտակրթական համագործակցությունը հակամարտությունների և պատերազմների պատմության, տարածաշրջանային հիմնախնդիրների առնչությամբ: 

Ռազմավարական մակարդակի համատեղ ուսումնասիրություններ կիրականացվեն գերտերությունների, տարածաշրջանային երկրների՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի, Իրանի, նաև Իսրայելի և արաբական երկրների քաղաքական համակարգերի, զինված ուժերի, արտաքին քաղաքականության հայեցակարգային ուղղությունների, տնտեսության, էթնիկական և կրոնական գործոնների վերաբերյալ, մասնավորապես՝ պատմական հոլովույթում: Կիրագործվեն նաև համաշխարհային և տեղական նշանակության ռազմական գործողությունների վերաբերյալ համատեղ օպերատիվ-ռազմավարական տեղեկատվական-վերլուծական աշխատանքներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում