ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը կարծում է, որ Հայաստանի իշխանությունը շտապողություն է ցուցաբերում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝պատգամավորը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում:
«Շտապողականություն մեր կողմից տեսնում եմ»,–ասաց Ռուստամյանը:
Ըստ նրա՝ իշխանությունը ցանկանում է այդ թուղթը, որպեսզի համայն հայությանը ցույց տա, որ ստացել են իրենց խոստացած խաղաղության դարաշրջանը: Ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ դրանից հետո իշխանությունը կփորձի ճշտել նոր ընտրությունների գնալու ժամանակացույցը:
«Եթե գա հերթական ընտրությունների ժամանակը, և դա տեղի ունեցած չլինի, ամբողջությամբ ձախողված է լինելու այս իշխանությունների թե՛ ներքին, թե արտաքին քաղաքականությունը»,-տեսակետ հայտնեց պատգամավորը:
Պատգամավորը Ադրբեջանի կողմից չի տեսնում մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու ցանկություն: Նրա կարծիքով՝ Ադրբեջանն ու Թուրքիան այդ հարցում շտապողականություն չեն ցուցաբերում, քանի որ համարում են, որ կարող են առանց այդ փաստաթղթի՝ ուժի կիրառման միջոցով ստանալ իրենց ուզածը։