Քաղաքականություն

Փաշինյանն ու Լուկաշենկոն կարճատև շփում են ունեցել Կազանում

2 րոպեի ընթերցում

Փաշինյանն ու Լուկաշենկոն կարճատև շփում են ունեցել Կազանում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում կարճատև շփում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է բելառուսական Пул Первого տելեգրամյան ալիքը՝ հրապարակելով լուսանկար։ 

Հանդիպման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվել։ 

Ընթացիկ տարվա հունիսի 13-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի ոչ մի պաշտոնյա չի այցելի Բելառուս, քանի դեռ այդ երկրի նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է։ 

«ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարում է, թե 44–օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, հավատացել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը: Դրանից հետո ես պետք է գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ ու հարց քննարկե՞մ»,–ասել էր Փաշինյանը: 

Փաշինյանն արձագանքել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարությանը, թե 44-օրյա պատերազմից առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել էին և եկել եզրահանգման, որ Ադրբեջանը կարող է հաղթանակի հասնել այդ պատերազմում։  

Նույն օրը Հայաստանը խորհրդակցությունների համար Երևան էր կանչել Բելառուսում իր դեսպանին, իսկ Բելառուսը՝ Հայաստանում իր դեսպանին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում