«Մասսայական ուսուցում» դրամաշնորհային ծրագիրը կդառնա ամենամյա և կընդլայնվի

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մասսայական ուսուցում» դրամաշնորհային ծրագիրը, որը պիլոտային կարգով իրականացվել է Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում, կդառնա ամենամյա և կընդլայնվի՝ ընդգրկելով Հայաստանի մյուս մարզերը: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում, այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանը:

Նա ընդգծեց՝ ամփոփելով պիլոտային ծրագրի արդյունքները և ստանալով գոհացնող արդյունքներ՝ անմիջապես որոշեցին, որ այն լինելու է շարունակական:

«Այս տարի առաջին անգամ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ֆինանսավորմամբ անցկացվեցին «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի «Մասսայական ուսուցում» բաղադրիչով դասընթացները, որոնց մասնակցում էին Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերի 9 քաղաքներից տեխնոլոգիական կրթությամբ հետաքրքրված ավելի քան 400 մասնակից, ովքեր հնարավորություն ստացան  ձեռք բերել բազային գիտելիքներ ՏՏ ոլորտում:  Ծրագրի նպատակն է մարզերում իրականացնել տեխնոլոգիական դասընթացներ և բարձրացնել մարզաբնակ երիտասարդների և ընդհանրապես բոլորի տեխնոլոգիական գրագիտությունը, տարբեր ծրագրերի մասին իրազեկվածությունը և նաև որոշակի ազդեցություն ունենալ նրանց մասնագիտական  կողմնորոշման վրա»,- ասաց Ենգիբարյանը:

Նա նշեց՝ նախնական  գնահատման արդյունքներով երեք մարզերից պետք է լիներ  մինչև 300 մասնակից, բայց դասընթացներին մասնակցել է 400-ից ավելի մասնակից:

«Մենք պիլոտային ծրագիրն այս տարի առաջին անգամ անցկացրեցինք հասկանալու համար, թե ի՞նչ կտա այն մասնակիցներին և մեզ: Արդյունքներն ամփոփելով՝ մենք վստահ կարող ենք նշել, որ այն բավականին արդյունավետ է: Մտադիր ենք 2025 թվականին շարունակել և ընդլայնել ծրագիրը`ընդգրկելով մնացած մարզերը: 

Անդրադառնալով ծրագրի մասնակիցներին  հետագա աջակցություն տրամադրելու մասին հարցին՝  ԲՏԱ նախարարության ծրագրերի վարչության պետն ընդգծեց՝ դասընթացը չի ենթադրում պրոֆեսիոնալ մասնագիտական լուրջ կարողությունների տրամադրում։ Ըստ նրա՝ սա առաջին քայլն է հետաքրքրված երիտասարդների մուտքը տեխնոաշխարհ ապահովելու համար, և նախարարությունը, համագործակցելով բոլոր կողմերի հետ, մշտապես աջակցելու է նրանց, ովքեր շարունակելու են իրենց ուղին ՏՏ ոլորտում:

Դասընթացներն իրականացրել է դրամաշնորհային մրցույթը հաղթած «Armenian Code Academy» ընկերությունը։ 

«Armenian Code Academy»-ի համահիմնադիր, տնօրեն Նարեկ Ասլիկյանն ընդգծեց, որ ծրագրի առանձնահատկությունն այն էր, որ մասնակիցներից չէին պահանջվում շատ մեծ բազային գիտելիքներ, գիտելիքների նախնական ստուգում ևս չեն իրականացրել, որպեսզի ծրագիրը հնարավորինս բաց և հասանելի լինի բոլոր երիտասարդների համար: 

«Սակայն միաժամանակ մենք փորձում էինք ստուգել՝ արդյոք բոլորը մասնակիցները մոտիվացված են և պատրաստ են ջանք գործադրել՝ ծրագիրը մինչև վերջ անցնելու համար: Այստեղ արդյունքները գերազանցեցին մեր ակնկալիքները, քանի որ մոտիվացված երեխաների քանակը բավականին մեծ էր: Իհարկե, տարիքային սահամանփակում չկա, բայց մեր վերլուծության արդյունքում հասկացանք, որ դասընթացն առավել օգտակար և արդյունավետ է այն երիտասարդների համար, որոնք դեռ դպրոցում են սովորում և կարիք ունեն մասնագիտական կողմնորոշման: Ի ուրախություն մեզ՝ մասնակիցների զգալի մասը՝ մոտ 80 տոկոսը, համապատասխանում է այս խմբին:  

Երկրորդ թիրախային խումբը դպրոցների, քոլեջների «Ինֆորմատիկա» առարկայի ուսուցիչներն են, որոնք այս դասընթացը դիտարկում են որպես վերապատրաստում»,-ասաց «Armenian Code Academy»-ի համահիմնադիրը: 

Նա նշեց՝ դասընթացների ավարտից հետո ուսանողները ստացել են գիտելիքներ ծրագրավորման ուղղությունների, դիզայներական ծրագրերի, տվյալագիտության, մեքենայական ուսուցման մոդելների և արդի տեխնոլոգիաների ու դրանց առանձնահատկությունների վերաբերյալ: Ըստ նրա՝ մասնակիցները, բացի  տեսական գիտելիքներ ստանալուց, այդ գիտելիքները պրակտիկ կիրառելու հնարավորություն են ստացել:

Նարեկ Ասլիկյանն ընդգծեց՝ այժմ աշխատում են, որպեսզի կարողանան կրթաթոշակներով ապահովել այն շրջանավարտներին, որոնք կցանկանան հաջորդ տարի առցանց շարունակել և անվճար սովորել իրենց ընտրած մասնագիտությունը:

Ծրագիրը մեկնարկել է 2024 թվականի ապրիլին, իսկ դասընթացները՝ հունիսի 16-ից: Ծրագրի արդյունքներն ամփոփվել են 2024թ. հոկտեմբերի առաջին տասնօրյակում: Առաջիկայում նախատեսվում է ավարտական վկայականների հանձնումը: Ծրագրի բյուջեն կազմում է 30,000,000 ՀՀ դրամ: 

Հայերեն

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը