Հայաստան

Ռազմական դրության ժամանակ ոստիկանության գվարդիան կարող է ստանալ հատուկ առաջադրանքներ․ ՆԳՆ փոխնախարար

2 րոպեի ընթերցում

Ռազմական դրության ժամանակ ոստիկանության գվարդիան կարող է ստանալ հատուկ առաջադրանքներ․ ՆԳՆ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը անդրադարձավ այն հարցին, թե արդյոք ոստիկանական գվարդիան անմիջականորեն կմասնակցի Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում ոստիկանության գվարդիա ձևավորելու մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ Սարգսյանը նշեց, որ այս նախաձեռնությունը չի ենթադրում ոստիկանության գվարդիայի մեկուսացում պաշտպանական ընդհանուր գործառույթից։ 

«Սա ենթադրում է ավելի թիրախային գործիքակազմի տրամադրում ոստիկանության գվարդիային։ Ի վերջո, մեր պետական համակարգում մարմինների գործառույթները պետք է լինեն չկրկնվող, եզակի, որոնք, այո, փոխլրացնող էֆեկտով կարող են ավելի արդյունավետ պրակտիկա ձևավորել։ Հաշվի առնելով մեր քննարկումները՝ առաջինից երկրորդ ընթերցմամբ ռեժիմում փոփոխություն ենք կատարել հատկապես ռազմական դրության ժամանակ ոստիկանության գվարդիայի առջև դրվող խնդիրների մասով և նախատեսել ենք, որ անհրաժեշտության դեպքում ոստիկանության գվարդիան ռազմական դրություն հայտարարված տարածքում իրականացվող պատերազմական գործողությունների շրջանակներում հատուկ առաջադրանքներ կարող է ստանալ և կատարել։ Ընդ որում, պահպանել ենք այն նույն հրամանատարական շղթան, ինչը տրամաբանական է ունենալ ոստիկանության տարբեր կառուցվածքային միավորների շրջանակներում»,- ասաց Սարգսյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում